Յուլիա Գրիգորյանցի «Անավարտ պատերազմ»-ը՝ Շարժայի բիենալեում - Mediamax.am

exclusive
1772 դիտում

Յուլիա Գրիգորյանցի «Անավարտ պատերազմ»-ը՝ Շարժայի բիենալեում


Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի /An Unfinished War

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի/ Cosmic Solitude

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

Յուլիա Գրիգորյանցը
Յուլիա Գրիգորյանցը

Լուսանկարը` անձնական արխիվից


Հայ անկախ լուսանկարիչ Յուլիա Գրիգորյանցի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին պատմող «Անավարտ պատերազմ» (An Unfinished War) վավերագրական ֆոտոնախագիծը ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ժամանակակից արվեստի Շարժայի 15-րդ բիենալեին:

 

Լուսանկարիչն անդրադառնում է հակամարտության գոտում մարդկանց կյանքին, ազգային փոքրամասնություններին, պատմում երկրաշարժի, տեղահանությունների, էթնիկ զտումների հետեւանքների ու սոցիալական խնդիրների մասին:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

«Արցախյան հակամարտության թեմային անդրադառնում եմ 2014 թվականից: Նախ ցանկանում էի վավերագրել տեղի ունեցողը՝ սահմանամերձ բնակավայրերում պարբերական կրակոցներ, սահմանային իրավիճակի սրացումներ ու երկրորդ՝ կար նաեւ անձնական բաղադրիչ: Բացի այն, որ հայ եմ, ծնողներս արմատներով Արցախից են, խորհրդային տարիներին ապրել են Բաքվում, ինքս էլ այնտեղ եմ ծնվել: Ընտանիքիս հետ հեռացել ենք այդ քաղաքից 1988թ.-ին՝ հայերի էթնիկ զտումներից փրկվելու համար», - ասում է Յուլիա Գրիգորյանցը:

Յուլիա Գրիգորյանցը Յուլիա Գրիգորյանցը

Լուսանկարը` անձնական արխիվից

«Անավարտ պատերազմ» ֆոտոնախագիծն ընդգրկում է լուսանկարներ Հայաստանի ու Արցախի սահմանամերձ բնակավայրերից, տավուշյան սահմանային լարումներից, 2016թ. ապրիլյան պատերազմից, ցույց է տալիս հետքերը, որոնք մարդկանց կյանքում թողնում է պատերազմը:

 

Լուսանկարիչը կարեւորում է, որ նախագիծը ներկայացվում է միջազգային ցուցահանդեսներում, քանի որ սա եւս մեկ հնարավորություն է բարձրաձայնելու այդպես էլ չավարտված պատերազմի մասին:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

«Շարժայի 15-րդ բիենալեին մասնակցելու հրավեր ստացել եմ կազմակերպիչներից: «Անավարտ պատերազմ»-ից բացի, ընտրվել է նաեւ իմ «Տիեզերական միայնություն» (Cosmic Solitude) ֆոտոնախագիծը, որում երեք տարվա ընթացքում վավերագրել եմ Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանի կյանքը: Արագած լեռան վրա (3200մ) խորհրդային տարիներին հիմնադրված գիտահետազոտական այս կառույցում հիմա երեք մարդ է աշխատում եւ ապրում», - ասում է լուսանկարիչը:

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի/ Cosmic Solitude

Յուլիա Գրիգորյանցի լուսանկարչական նախագծերը մինչ այս ցուցադրվել են մի շարք երկրներում, տպագրվել The Washington Post, The Sunday Times, The Wall Street Journal պարբերականներում:

 

1988թ. երկրաշարժի հետեւանքով Գյումրիում առ այսօր շարունակվող սոցիալական ծանր իրավիճակի մասին պատմող նրա՝ «Դատարկության բնակիչները» (Inhabitants of the Empty) նախագիծն ընդգրկվել է Sony World Photography Awards 2017 լուսանկարչական մրցույթի Professional Daily Life անվանակարգի լավագույն տասնյակում, տպագրվել The Washington Post, Aljazeera, Nouvelle d’Armenie պարբերականներում: Յուլիա Գրիգորյանցը 2020 թվականին արժանացել է Prix Maison Blanche մրցանակին, 2021 թվականին՝ Photographiques des Amis d'Albert-Kahn մրցանակին։

Լուսանկարը` Յուլիա Գրիգորյանցի

Այժմ Ֆրանսիայում բնակվող Յուլիա Գրիգորյանցը շարունակում է վավերագրել հակամարտության հետեւանքները: 2020թ. Արցախյան պատերազմից հետո լուսանկարիչն աշխատում է ֆոտոնախագծի վրա, որը պատմում է պատերազմի հետեւանքով ամուսիններին կորցրած կանանց մասին:

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին