«Ձեռք ձեռքի»՝ մեծ խթան աուտիզմ ախտորոշում ունեցող պատանիների համար - Mediamax.am

exclusive
3281 դիտում

«Ձեռք ձեռքի»՝ մեծ խթան աուտիզմ ախտորոշում ունեցող պատանիների համար


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սամվել Պողոսյանը
Սամվել Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արփինե Աշոտյանը
Արփինե Աշոտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեհանուշ Գյուլբանգյան
Վեհանուշ Գյուլբանգյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գոհար Ղազարյանը
Գոհար Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արշակն ուշադիր հետեւում է բաժակ արտադրող սարքի աշխատանքին: 50 թղթե բաժակը ստացվում է մեկ րոպեում, ու այդ պատճառով թուղթը տեղադրելը, կոճակը սեղմելը վայրկյանների ճշգրտություն է պահանջում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Բաժակի արտադրությունից մինչեւ փաթեթավորում ու առաքում իրականացնում են աուտիզմ ախտորոշում ունեցող պատանիները: Գաղափարը «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպությանն է, որ հիմնադրել են աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների ծնողները: Կազմակերպության «Ձեռք ձեռքի» կենտրոնում երեխաները ստանում են թերապիաներ, հաճախում խմբակների: Նրանցից 19-ը նաեւ թղթե լամինացված բաժակների արտադրության մեջ է ներգրավված:

 

«Մեր շահառու բալիկների մեծ մասը, իրենց զարգացման առանձնահատոկություններով պայմանավորված, դպրոցն ավարտելուց հետո քոլեջ, համալսարան հաճախելու հնարավորություն չեն ունենում: Նրանց համար, հիմնականում, կազմակերպվում են  խմբակային պարապմունքներ, զբաղվածության ծրագրեր։ Սակայն մեր նպատակն այլ էր՝ փորձել սկսել արտադրական գործունեության այնպիսի ձեւ, որտեղ հիմքը հենց վերջիններիս զարգացման առանձնահատկությունները կլինեն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդյունքում 19 դեռահասներ եւ պատանիներ հաղթահարել են դասընթացային փուլը եւ ներգրավվել իրական արտադրական գործունեության մեջ, որն էլ հնարավորություն է տալիս զբաղվածություն ունենալ, աշխատավարձ ստանալ, տնից մի քանի ժամով բացակայել ու իրենց պիտանի զգալ»,-ասում է կազմակերպության համահիմնադիր ու խորհրդի նախագահ Վեհանուշ Գյուլբագանյանը:

Վեհանուշ Գյուլբանգյան Վեհանուշ Գյուլբանգյան

Լուսանկարը` Մեդիամաքս

Գաղափարը կարողացան իրագործել «Իզմիրլյան» եւ «Գիշյան» հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ: Մինչ բաժակ արտադրող սարքը կհասներ Հայաստան, 2020-ի դեկտեմբերից թերապիստները սկսեցին պատանիներին պատրաստել արտադրական գործընթացին: Պարզ թվացող պրոցեսի հետեւում երկարատեւ, մանրակրկիտ ու համբերատար աշխատանք է պահանջվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Արտադրական շղթայում կան շատ մանրուքներ, որ լուրջ փորձություն են աուտիզմ ախտորոշում ունեցող երեխայի համար: Սա մեզ համար էլ էր փորձություն, որովհետեւ Հայաստանում նախադեպ չկա, որ աուտիզմ ախտորոշում ունեցող անձինք ընդգրկվեն արտադրության մեջ: Առաջին հայացքից շատ սահուն ընթացող պրոցես է, բայց իրականում դրան ադապտացվելու համար երեխաները բավականին լուրջ գործընթաց են անցել»,- ասում է «Ձեռք ձեռքի» կենտրոնի տնօրեն Արփինե Աշոտյանը:

Արփինե Աշոտյանը Արփինե Աշոտյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բաժակների արտադրությունը նորություն է նաեւ 30 տարի ծրագրավորմամբ զբաղվող Սամվել Պողոսյանի համար. ինքնուրույն, գրքեր կարդալով, ուսումնասիրելով է սովորել: Հիմա էլ կամավոր հիմունքներով օգնում է երեխաներին: Մանկավարժական փորձ չունի, փոխարենը նրան օգնում է համբերատարությունն ու սերը երեխաների հանդեպ, իր կատարած աշխատանքի կարեւորությունը:

Սամվել Պողոսյանը Սամվել Պողոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Այս երեխաներն ինքնուրույն իրենց ճանապարհը չեն կարող հարթել, ինչ-որ մեկը պետք է կողքից օգնի: Կամաց-կամաց սովորեցնում եմ, ինչպես կսովորեցնեի թոռնիկիս՝ սա կարելի է, սա չի կարելի: Բայց եթե իմ թոռնիկին 3 անգամ ցույց կտայի ու կհեռանայի, հեռվից կնայեի, այս երեխաներին անընդհատ պետք է հսկել ու ուղղել՝ բաժակն այստեղ մի դիր, ձեռքերդ մաքրի, նոր վերցրու թուղթը: Պետք է ուշադիր լինենք մինչեւ ադապտացվեն, հասկանան: Ժամանակատար ու անընդհատ աշխատանք է: Բայց բոլոր մարդիկ են էդպես, ամեն մեկն իր բարդույթներն ունի: Դա խնդիր չէ»:

 

19-ամյա Արշակը թիմի ամենաակտիվ ու հմուտ անդամներից է: «Գործարանի ներկայացուցիչն եմ»,-ասում է: Վարպետ Սամվելի հետ Չինաստանից ստացված նոր թուղթն են փորձարկում: Մի քանի բաժակ այրված է դուրս եկել. նշանակում է՝ կարգավորումները պետք է փոխել՝ ճիշտ ջերմաստիճան, արագություն ընտրել:

 

«Նայում եմ՝ բաժակները ոնց են արտադրվում, հետո վերցնում, նայում եմ, որ ամեն ինչ լավ է, դնում եմ արկղի մեջ, տալիս տղաներին: Հետո հաշվում ենք 6 հատ բաժակ, փաթեթավորում, դնում ենք տուփի մեջ: Բաժակները շատ հարմար են տաք ու սառը ըմպելիքի համար: Ես դրանով սուրճ կխմեի, հյութ, ջուր, թեյ»,-իրենց արտադրանքն է գովազդում Արշակը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդ ընթացքում նրա աշխատակից ընկերները սեղանի շուրջ նստած սպասում են բաժակների խմբաքանակին: Նրանց վստահված է փաթեթավորել 6-ական բաժակ: Արտադրության շղթայական պրոցեսը պահպանելը երբեմն դժվար է: Խմբի անդամներից յուրաքանչյուրն առայժմ շղթայի միայն իր օղակին է տիրապետում: Պարզ թվացող գործողություններին վարժվելը, իրականում, երկար աշխատանքի արդյունք է: Եթե դադարներ են լինում, սովորածը, հաճախ, մոռացվում է:

 

Երեխաների համար մեծ խթան է փոքրիկ աշխատավարձը, որ ստանում են արտադրությունից: Իսկ ծնողների համար ամենակարեւորը երեխաների զբաղվածությունն ու ինքնուրույնությունն է:

 

Իր որդու՝ 17-ամյա Գեւորգի մասին խոսելիս՝ Գոհար Ղազարյանը ոգեւորված պատմում է՝ սիրում է լուսանկարել, հոտերի նկատմամբ մեծ հետաքրքրություն ունի. եթե մասնագետ լիներ, հետը զբաղվեր, պարֆյումեր կդառնար: Տղան «Ձեռք ձեռքի» կենտրոն վերջին տարիներին է սկսել հաճախել. մինչ այդ ընտանիքը Ռուսաստանում էր բնակվում, որտեղ խմբակների հաճախելու հնարավորություն չկար:

Գոհար Ղազարյանը Գոհար Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես Գեւորգին բերեցի էստեղ, նաեւ այլ կենտրոններ եմ տանում, որտեղ զբաղվում են երեխայով: Միանգամից մեծ վերելք, փոփոխություն ունեցանք, որը զգում են բոլորը:

 

Ծնողի համար շատ կարեւոր է, որ երեխան ինքնուրույն, կազմակերպված,  պատասխանատու լինի: Ծնողներս ավելի շատ մտածում ենք հետագայի մասին, որ գոնե կարողանան գումար վաստակել, ապահովել իրենց», - ասում է տիկին Գոհարը:

 

Կազմակերպության նպատակն է երեխաներին ապահովել մշտական, կայուն աշխատանքով ու աշխատավարձով, իսկ արտադրանքից ստացված շահույթն օգտագործել կենտրոնի գործունեությանը:

 

Որպես հաջորդ քայլ՝ նախատեսում են նաեւ թուղթ կտրող ու տպող սարք ձեռք բերել, որպեսի ամբողջ արտադրությունը մի տեղում կենտրոնացնեն եւ տպարանից կախված չլինեն: Այսպես ե՛ւ ժամանակ կխնայեն, ե՛ւ նոր աշխատատեղեր կստեղծեն: Վստահ են՝ սպառման խնդիր չեն ունենա:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Միայն այն գաղափարը, որ արտադրանքը տալիս է աուտիզմ ախտորոշում ունեցող երեխան ու շահույթը ուղղվում է իր աշխատավարձին ու կազմակերպություն հաճախող աուտիզմ ախտորոշում ունեցող մյուս երեխաների թերապիաները կազմակերպելուն, ոգեւորում է շատերին իրենց ներդրումն ունենալ այս գործընթացին եւ կիսել սոցիալական պատասխանատվությունն ու մեր տեսլականը:

 

Շատ պատվերներ ու գնային հարցումներ ունենք, եւ այս պահին մեզ համար մարտահրավեր է կազմակերպել տեխնիկական գործընթացները՝ շուկայում հմտանալ, գործընթացին տիրապետել, ճիշտ թուղթ ընտրել եւ կարճ ճանապարհով ներմուծել, ճիշտ գնառաջարկ անել, քանակի մեջ կողմոնորոշվել, սակայն վստահ ենք, որ այս մարտահրավերներն էլ կհաղթահարվեն»,- ասում է Վեհանուշ Գյուլբագանյանը:

 

Հաղորդակցման հմտությունները զարգացնելու համար, աուտիզմ ունեցող պատանիներին, ըստ կարողության, սովորեցնում են նաեւ պատվերներ գրանցել ու սեփական արտադրանքն առաքել պատվիրատուներին: Առաջին փորձը վստահել են Արշակին: Նա «Իզմիրլյան» հիմնադրամ կհասցնի նրանց տարբերանշանով բաժակների առաջին խմբաքանակը:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին