Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում մեկնարկել է առաջին հայկական հետմասնագիտական կրթական ծրագիրը, որն ուղղված է հետկոնֆլիկտային եւ մեծահասակների վերականգնողական ծառայություններին։
Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում (ՎԲՄՎ) ծրագիրն ուղղված է հետկոնֆլիկտային եւ մեծահասակների վերականգնողական ծառայություններին, նպատակն է՝ աջակցել մասնագետներին եւ դասախոսներին՝ վերականգնողական ծառայությունների ոլորտում Հայաստանը տարածաշրջանային առաջատար դարձնելու համար:
IDeA հիմնադրամից տեղեկացրել են, որ ծրագիրն իրականացնում են ՀՀ առողջապահոջթյան նախարարության ակադեմիկոս Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտը, Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիան, «Թերապիստները Հայաստանի համար», Polaris EduCorp եւ ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամը, որի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը ու Արման Ոսկերչյանը։
«Նախագծի գաղափարը ծնվել է երկու տարի առաջ, երբ գործընկերների հետ միասին իրականացնում էինք Հայաստանում վերականգնողական համակարգի գնահատումը: Դրա արդյունքում առանձնացվել է վերականգնողական մասնագետների մասնագիտական հմտությունները զարգացնելու եւ կազմակերպչական կարողություններն ամրապնդելու անհրաժեշտությունը՝ վերականգնողական ոլորտում ավելի լավ եւ արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է ՀԵՆԱՐ բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Արման Ոսկերչյանը։
Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նիկոլաս Թավուկջյանը նշել է, որ ՎԲՄՎ-ն ձգտում է լուծել վերականգնողական մասնագետների կարողությունների սահմանափակումները, որոնք բացահայտվել են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո։
«ՎԲՄՎ-ի առաջին նպատակն է զարգացնել Հայաստանում եւ Արցախում ապրող եւ աշխատող ֆիզիոլոգների, ֆիզիոթերապեւտների, օկուպացիոն թերապեւտների եւ խոսքի պաթոլոգների կլինիկական կարողությունները: Երկրորդ նպատակն է ստեղծել ուժեղ եւ նպատակաուղղված կրթական ղեկավար թիմ, որը կնպաստի վերականգնողական ոլորտի զարգացմանը Հայաստանի եւ Արցախի առողջապահական համակարգերում»,- ասել է նա:
10 ամիս տեւողությամբ հետբուհական վերապատրաստումը կկազմակերպվի հիբրիդային ձեւաչափով, միջազգային ինստիտուտների փորձագետների կողմից։ Ծրագրի այս փուլում վերապատրաստում կանցնի 30 մասնագետ, 26-ը՝ ՀՀ-ից, 4-ը՝ Արցախից։
Ծրագրում ընդգրկված են ռեաբիլիտացիան արտակարգ իրավիճակներում, ռեաբիլիտացիան սուր շրջանում, նեյրոռեաբիլիտացիա, այրվածքներ եւ վերքերի խնամք, օրթոպեդիա, ցավի գիտություն եւ հոգեկան առողջություն եւ այլ արդիական թեմաներ։
















