Գուրգեն Խանջյան. «Պատեր ջարդելով չի, սիրելով է, ափսոսելով է, կարոտելով է» - Mediamax.am

2956 դիտում

Գուրգեն Խանջյան. «Պատեր ջարդելով չի, սիրելով է, ափսոսելով է, կարոտելով է»


Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արքմենիկ Նիկողոսյանը եւ Գուրգեն Խանջյանը
Արքմենիկ Նիկողոսյանը եւ Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գուրգեն Խանջյանը
Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


«Համավարակ» վեպը Գուրգեն Խանջյանը սկսել էր գրել մինչեւ 2020 թվականը: Այն Ամերիկայում ապրած ու ազատությունը վայելած երիտասարդի՝ հայրենիք վերադարձի պատմությունն է: Բայց 2020-ի համավարակն ու պատերազմը փոխեցին վեպի ընթացքը: Պարզվեց՝ գեղեցկությունից ու հարմարավետությունից առավել հայրենիքին կարող է կապել պատերազմն ու ցավը:

 

Հեղինակն ու նրա նոր ստեղծագործությանը ծանոթ ընթերցողներն ասում են, որ սա ամբողջովին տարբերվում է Խանջյանի նախորդ գործերից՝ իր բովանդակությամբ, գեղագիտությամբ, հերոսի տեսակով:

 

«Համավարակ»-ը Գուրգեն Խանջյանի 7-րդ վեպն է, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Գրքի երեւանյան հինգերորդ փառատոնին:

 

«Ցավալի է ասել, բայց պատերազմը պահող է»

 

Վեպի սկզբում կար այդ գաղափարը, որ հերոսը գալիս է Հայաստան, տեսնում է բոլոր հմայքները, հրապուրանքները, եւ դա նրան կապում է այն տանը, որն ուզում էր վաճառել: Ամեն դեպքում, դա քիչ էր վեպ ստանալու համար, ես կանգնել էի դժվարությունների առջեւ: Սկսվեց համավարակը, հետո՝ պատերազմը: Էդ բոլորը մտավ վեպ ու հարստացրեց, հերոսին, առհասարակ, հասցրեց մի ուրիշ աստիճանի, ուրիշ մակարդակի: Իհարկե, լավ կլիներ՝ չլիներ վեպը, բայց չլիներ նաեւ համավարակը, չլիներ նաեւ պատերազմը, նույնիսկ՝ չլինեին բոլոր վեպերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Եթե չլիներ համավարակը, չլիներ պատերազմը, կփորձեի հերոսին մի ուրիշ ձեւով պահել: Ցավալի է ասել, բայց պատերազմը պահող է:

 

Գերեզմանները, նախնիները, մեղքի զգացումը, էդ բոլորը կապում են: Միայն եկեղեցիները նայելով, շոշափելով դժվար թե այդ զգացումն արթնանա: Դա կարող է լինել միայն տուրիստական հրապուրանք, որը կանցնի, հետո նորից կգա, նորից կանցնի: Դրա համար փորձել եմ խորացնել:

 

«Վերադարձի արահետ պիտի լինի, ես այդ արահետն եմ սարքում»

 

Աշխարհի այս վիճակը ստիպելու է, որ հայերը վերադառնան: Պարզվեց՝ տունը շատ կարեւոր բան է, էն Թորգոմա տունը, որից սկսվեց մեր տների պատմությունը: Տուն չունեցող ազգերը, ինձ թվում է, ապագա չունեցող են: Լավ կյանքն ուրիշ բան է, նպատակ, պատմություն, խորություն, գաղափարներ ունենալն ուրիշ բան է:

Արքմենիկ Նիկողոսյանը եւ Գուրգեն Խանջյանը Արքմենիկ Նիկողոսյանը եւ Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր. այն ժամանակ, երբ Հայաստանն անվտանգ էր, ապահով էր, շքեղ ֆիլմեր էր նկարում, շքեղ թատրոն ուներ, սպորտ ուներ, ամեն ինչ նորմալ էր երկրում, ուզում էինք երկրից գնալ: Բայց հիմա, որ երկիրն էս իրավիճակում է, ես ինձ էստեղ եմ ապահով զգում եւ ոչ մի տեղ չեմ ուզում գնալ: Աբսուրդ է մի քիչ:

 

Իսկապես լավն է էս երկիրը, քաղցր, անուշ բան կա մեջը, ու պետք չի թողնել ու գնալ: Վերադարձի արահետ պիտի լինի, ես այդ արահետն եմ սարքում:

 

«Պատեր ջարդելով չի, սիրելով է, ափսոսելով է, կարոտելով է»

 

Երկար ապրող գրողն ունենում է տարբեր փուլեր, եւ այդ բոլոր փուլերն էլ ճշմարիտ են իրենց ընթացքի մեջ: Ես միշտ անկեղծ եմ եղել, պարզապես ապրել եմ մի շրջան, հետո ինչ-որ բաներ փոխվել են իմ մեջ: Դրա համար ինձ միշտ հետաքրքիր են այն գրողները, որոնց բախտ է վիճակվել երկար ապրել ու երկար ստեղծագործել: Օրինակ, նայում ես Դոստոեւսկուն իր առաջին՝ քիչ թե շատ պատանեկան վեպից մինչեւ իր վերջին ահավոր վեպերը, եւ նայում ես Կաֆկային, որը ֆրագմենտ է, այդ ֆրագմենտի մեջ է իր հանճարը, բայց նրա զարգացումը մենք չտեսանք, չիմացանք՝ այդ մարդը այդ բնավորությամբ ի՞նչ կլիներ, եթե մի 20 տարի էլ ապրեր:

Գուրգեն Խանջյանը Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Էդպես է, մարդ չի կարող չփոխվել: Ջահելությունն իր մեջ ուրիշ հորմոնների խաղ ունի, դա էլ իր իրավունքն է, ինքը պիտի ազատ լինի, ձգտի ազատության, երբեմն՝ կույր ազատության, երբեմն՝ առանց հասկանալու պատերը ջարդելով: Բայց եթե դա չանի, փոքր տարիքից նրան կասեն «ծերուկ»: Իսկ եթե արդեն փորձառություն ունեցող շրջանում շարունակի ճակատով պատեր ջարդել, կասեն՝ ինչի՞ ապրեց, բան չհասկացավ էս կյանքից, չհասկացավ, որ պատեր ջարդելով չի, սիրելով է, ափսոսելով է, կարոտելով է:

 

«6 տարեկան աղջիկ է, որ կարողացավ փոխել իմ տեսնելու անկյունը»

 

Հիմա պատերը ջարդելու մասին նորից գրելը չգիտեմ՝ իմ կողմից էգոիզմի ինչ աստիճանի կլիներ, չտեսնելը, չզգալը ու նորից խոսելը մարդու մենության փիլիսոփայության, ազատության մասին: Սրանք բաներ են, որ ջահել ժամանակ շատ օրիգինալ են: Դրանց մասին կարդում ես, դրանց մասին մտածում ես, դրանցով ապրում ես: Բայց դրանց մեջ մի քիչ թատերային կեղծ բան կա՝ ես մենակ մարդ եմ, իմ կողքին ոչ ոք չկա: Էդպես չի լինում, սա մի քիչ չափն անցած է: Եվ էդ չափերը ես ժամանակին անցել եմ, չնայած՝ անկեղծ եմ եղել: Բայց հիմա էդ կեցվածքայնությունը զգում եմ ու չեմ ուզում շարունակել նորից ինքս ինձ էդպես տեսնել: Ես փորձեցի ինձ տեսնել այնպես, ինչպես հիմա եմ՝ մաքրելով ինձ էդ ամեն ինչից:

 

Եվ դրանում քիչ չի մասնակցությունը էն փոքրիկ աղջկա, որ հիմա էնտեղ նստած է (խոսքը Մանեի՝ Խանջյանի դստեր մասին է-հեղ. ): 6 տարեկան աղջիկ է, որ կարողացավ փոխել իմ տեսնելու անկյունը: Այս երկրի համար ափսոսանքը գուցե նաեւ բխում է նրանից, որ ինքը պիտի ապրի էստեղ, ես շուտ եմ գնալու:

Գուրգեն Խանջյանը Գուրգեն Խանջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բայց էն մյուս Խանջյանը ոչ մի տեղ չի կորել, իր տարածքը սա է (իր մարմինն է ցույց տալիս-հեղ.), ո՞ւր պիտի գնա: Ամենաշատը պիտի մտնի գրքերիս մեջ, հետ գա: Բայց հիմա փախուստի մեջ է, չգիտեմ՝ ի վերջո վրե՞ժ է լուծելու ինձնից, թե՞ ներդաշնակություն ենք գտնելու, խոսելու ենք իրար հետ: Բայց առայժմ լուռ է, ինքն էլ է թնդանոթներից վախեցել:

 

Լուսինե Ղարիբյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին