Լսել լռությունը, այցելել լքված գործարաններ. 10 փորձառություն՝ Inside Armenia-ից - Mediamax.am

exclusive
4741 դիտում

Լսել լռությունը, այցելել լքված գործարաններ. 10 փորձառություն՝ Inside Armenia-ից


Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ONEArmenia

Լուսանկարը` ONEArmenia

Լուսանկարը` ONEArmenia

Լուսանկարը` ONEArmenia

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Աբգարյանը
Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ONEArmenia


Եթե երբեւէ երազել եք անտառ գնալ՝ պարզապես լռություն լսելու համար, ընթրել ջրամբարի ափին, սար ու ձորերում նստած ճաշակել այս կամ այն տարածաշրջանի «վայրի» խոհանոցը կամ կիսել սարվորների կենցաղն, ապա արդեն հաջորդ տարի Տավուշում, Լոռիում ու Շիրակում կունենաք այդ հնարավորությունները:  

 

2022թ. սկզբին ONEArmenia կազմակերպության եւ ԵՄ-ի «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի միջեւ համագործակցության հուշագիր էր ստորագրվել: Դրանով նախատեսվում էր համատեղ ուժերով զարգացնել փորձառական զբոսաշրջությունը Հայաստանի երեք հյուսիսային մարզում: Համագործակցության արդյունքում մեկնարկել էր «Inside Armenia. Զբոսաշրջային փորձառությունների զարգացում» ծրագիրը, որով արդեն ընտրվել է 10 փորձառություն:

 

Փորձառական զբոսաշրջությունն, ի տարբերություն ավանդականի, ներգրավում է այցելուի բոլոր զգայարաններն ու դասական զբոսաշրջային արտադրանքից բացի, նրան փոխանցում կարեւորագույնը՝ էմոցիաներ:

 

Ծրագրի ընթացքի, սպասվող փորձառությունների ու փորձառական զբոսաշրջության մասին Մեդիամաքսը զրուցել է Inside Armenia ծրագրի համակարգող Նարինե Աբգարյանի հետ:

 

Ի՞նչ է Inside Armenia-ն

 

Inside Armenia-ն զբոսաշրջային փորձառությունների հզորացման ծրագիր է: Երկարաժամկետ նպատակը Հայաստանում փորձառական զբոսաշրջության զարգացումն է, քանի որ այս առումով մեր երկրում մեծ ներուժ կա: Ինչպես ONEArmenia-ում ենք ասում՝ ցանկանում ենք առաջիկա տարիներին Հայաստանը Կովկասում փորձառական զբոսաշրջության թիվ մեկ նպատակակետ դարձնել:

 

Inside Armenia-ն իրականացնում ենք ԵՄ-ն բիզնեսի համար «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի հետ, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ): Ծրագրի նպատակն է ՀՀ երեք հյուսիսային մարզում՝ Լոռիում, Տավուշում եւ Շիրակում, գտնել ու զարգացնել հետաքրքիր զբոսաշրջային փորձառություններ: Երբ սկսել էինք հայտեր ընդունել, ստանում էինք շատ հետաքրքիր նախագծեր, որոնք դեռեւս գաղափարի փուլում էին, դրանց վրա զրոյից աշխատել էր պետք: Արդյունքում որոշեցինք հնարավորություն տալ այս նախագծերին ու մեզ վրա պատասխանատվություն վերցնել՝ աջակցելով դրանց հիմքից, միասին ձեւավորելով կոնցեպտուալ մոտեցում:

 

Ի՞նչ է փորձառական զբոսաշրջությունը

 

Փորձառական զբոսաշրջությունը տուրիստական պրոդուկտը մատուցելու ամենաանկեղծ ձեւն է: Այն փորձառական տնտեսության մի ճյուղ է: Երկուսն էլ համեմատաբար նոր հասկացություններ են աշխարհում: Փորձառական զբոսաշրջությունը ենթադրում է այցելուի մասնակցություն: Այսինքն, զբոսաշրջիկը, այցելուն ոչ թե պասիվ դիտորդի կամ սպառողի դերում է, այլ ամբողջովին ներգրավված է միջավայրում, որը ստեղծվում է փորձառության շրջանակում:

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեւորագույն հատկանիշներից մեկը, որ փորձառական զբոսաշրջությունը տարբերում է ավանդականից՝ աուտենտիկությունն է կամ իսկականությունը: Փորձառական զբոսաշրջության դեպքում բացառվում է որեւէ կեղծիք, բեմադրություն, դերասանական խաղ. միջավայրը, հյուրընկալն, ամեն ինչ պետք է լինի հենց այնպիսին, ինչպես իրականում կա այդ տարածաշրջանում: Այսօր էլ, աշխատելով մեր կողմից ընտրված տասը փորձառությունների հետ, կատարելագործում ենք հյուրընկալների հմտությունները, ստեղծում փորձառության պատմությունը, բայց ոչ մի դեպքում չենք փոխում դրա հիմքը: Մենք ցանկանում ենք պարզապես հուշել՝ ինչպես եղածը ճիշտ մատուցել զբոսաշրջային շուկային:

 

Եթե ավանդական զբոսաշրջության դեպքում առավել ուշադրություն է դարձվում այցելուի ֆիզիկական հարմարավետությանը, ֆունկցիոնալությանն, ապա փորձառության դեպքում գլխավոր թիրախն այցելուի հույզերն են, տպավորությունների ու հիշողությունների ստեղծումը: Աշխարհում կան լեզուներ, որոնցում «փորձառություն» տերմինը դեռեւս թարգմանված չէ ու դրա փոխարեն օգտագործվում է «տպավորությունների, հիշողությունների զբոսաշրջություն» հասկացությունը: Փորձառական զբոսաշրջությունն աշխատում է այցելուի բոլոր զգայարանների հետ, թույլ է տալիս մտնել, շոշափել, տեսնել ու փորձել աուտենտիկ միջավայրը, դրա մասը դառնալ:

 

Լսել՝ ինչպես է բացվում եղեւնու կոնն ու «ճաշակել» վայրի բնությունը

 

Երբ ծրագրի մեկնարկի մասին բաց հայտարարություն արեցինք, երեք մարզից մոտ 200 տարբեր գաղափար ստացանք: Ընտրության փուլը շատ պատասխանատու էր: Հիմա կարող եմ ասել, որ իսկապես ճիշտ ընտրություն ենք կատարել, որովհետեւ գաղափարների հեղինակները մեծ պրոֆեսիոնալիզմ ու համագործակցության պատրաստակամություն ունեն: Սա մեզ շատ է ոգեւորում ու հուշում, որ վերջնարդյունքը գերազանցելու է եղած սպասելիքները:

 

Երեք մարզից 10 փորձառություն ենք ընտրել, որոնցից 5-ը գաստրո փորձառություն է: Պետք է ասեմ, որ հինգն էլ իրարից չափազանց տարբեր են ու հիմնականում իրականացվում են բնության մեջ՝ համատեղելով բնական ու մշակութային լանդշաֆտը: Մարզերում շատ է տարբերվում նաեւ ուտեստի մշակույթը: Ինչպես ասացի, աուտենտիկության պահպանումը մեր հիմնաքարային գաղափարներից է եւ այս առումով սկսել ենք համագործակցել Ազգագրության եւ հնագիտության ազգային ինստիտուտի հետ: Աշխատելու ենք ազգագրագետների հետ, որպեսզի ամեն ինչ լինի գիտահենք, ուսումնասիրվեն տարածաշրջանի ավանդույթները, որից հետո միայն որոշվի՝ ինչ ուտեստներ են ներկայացվելու ու ինչ ձեւով:

Լուսանկարը` ONEArmenia

ONEArmenia-ում նոր կոնցեպտ ենք մշակել՝ «wild food adventures»` վայրի գաստրո փորձառություններ. ճաշակել տեղի բնական ուտեստները, բնության մեջ, շարժական խոհանոցի շնորհիվ:

 

Շիրակում, օրինակ, երկու գաստրո-փորձառություն ենք ընտրել՝ մեկը ներկայացնելու է գյուղական, ավանդական կենցաղը, մյուսը լինելու է ավելի նորարար եւ հնարավորություն է տալու Ախուրյանի ջրամբարի ափին ճաշակել հեղինակային խոհանոց: Գաստրո փորձառություն ունենք Օձունում, որը ներկայացնելու է Լոռիի բնաշխարհը:

Լուսանկարը` ONEArmenia

Հետաքրքիր փորձառություն ունենք Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում, որի ընթացքում այցելուն ծանոթանալու է տեղի սարվորների կենցաղին: Դա, իհարկե, համադրվելու է նաեւ հարմարավետության հետ, կազմակերպվելու է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան: Կոմֆորտից իրական կենցաղ սահմանագիծը շատ նուրբ է լինելու:

 

Ունենք մի քանի փորձառություն «wellness»՝ առողջարարական զբոսաշրջությունից: Զբոսաշրջային այս ուղղությունը Հայաստանում նոր է սկսում զարգանալ, չնայած՝ մեծ ներուժ ունենք: Վանաձորին հարակից անտառում լինելու է «սառը թերապիա»՝ գետի ու շոգեբաղնիքի համադրությամբ: Ունենք մեկ այլ առողջարարական փորձառություն՝ ամեն ինչ մեղրի ու մեղվապահության մասին: Այս դեպքում այցելուն մասնակցելու է Հայաստանում նոր պրոդուկտի ստեղծմանը՝ մեղրի գինու արտադրությանը:

Լուսանկարը` ONEArmenia

Առողջարարական մեկ այլ, լիովին նոր փորձառություն ունենք՝ «silent tourism»՝ լուռ զբոսաշրջություն: Ընտրվելու է քաղաքակրթությունից հեռու բնության մի կետ, որտեղ այցելուներին տրամադրվելու են հարմարավետ բազկաթոռներ, գինի, տեղական խորտիկներով ափսեներ եւ հնարավորություն պարզապես նստել ու «լսել լռությունը»: Ինքներս արդեն փորձարկել ենք ու մեզ համար ֆանտաստիկ էր, որ լռության դեպքում հնարավոր է լսել նույնիսկ եղեւնու կոնի բացվելու ձայնը: Սա միտքն ու հոգին լիովին մաքրող փորձառություն է:

 

Մյուս հետաքրքիր փորձառությունն իրականացնելու ենք Տավուշի մարզում՝ «Դարման» թեյերի հետ համագործակցությամբ: Տեղի սարերում անցկացվելու է մեդիտացիա, որն ուղեկցվելու է մասնագետների հետ մշակված հայկական թեյախմության արարողությամբ:

 

Ունենք եւս մեկ փորձառություն, որն էլի նորություն է Հայաստանում՝ «urban exploration»՝ «ուրբան բացահայտումներ»: Դրանք տուրեր են լքված գործարանների, հանքերի կամ քաղաքային այլ ենթակառուցվածքների տարածքներով: Այս մոտեցումը թույլ է տալիս օգտագործել Հայաստանի զբոսաշրջային ողջ «քնած» ներուժը:

Լուսանկարը` ONEArmenia

Կարծում եմ՝ արդեն հաջորդ զբոսաշրջային սեզոնին նշված փորձառությունները հասանելի կլինեն այցելուներին: 2022թ. աշունը ցանկանում ենք օգտագործել որպես պիլոտային շրջան ու արդեն մյուս տարի ներկայանալ շուկային:

 

Օգտագործելով զբոսաշրջությունը՝ զարգացնել տեղանքը

 

Փորձառական զբոսաշրջության հիմքերից մեկը փորձառության շուրջ եղած պատմությունն է: Այցելուն պետք է հասկանա՝ ինչով է առանձնահատուկ իր ճաշակած այս կամ այն բուսատեսակը, ինչու է փորձառության համար ընտրված այդ տեղանքը, ինչպես են ձեւավորվել այս կամ այն ավանդույթները: Այնպես որ, փորձառությունների զարգացմանը զուգահեռ, մեզ համար կարեւորագույն անելիք է սթորիթելինգը՝ նարատիվի, պատմության ձեւավորումը: Իհարկե, պատմությունը հյուսվում է իրականության հիման վրա, պարզապես հյուրընկալին խորհուրդ ենք տալիս՝ ինչ շեշտադրումներ անել, ինչպես ճիշտ ներկայացնել այն:

Լուսանկարը` ONEArmenia

Յուրաքանչյուր փորձառության վերաբերյալ պատմության ստեղծումը մեծ հետազոտական աշխատանք է պահանջում, որը կարող է իրականացվել գրքերի, այլ աղբյուրների ուսումնասիրությամբ, մասնագետների ու տեղացիների հետ զրույցների միջոցով:

 

Շատ կարեւոր է նաեւ մշակութային ժառանգությունը ներկայացնելու էթիկան: Մինչեւ փորձառությունը շուկային ներկայացնելը, մեր բոլոր գործընկերներն անցնելու են այս թրեյնինգը ու շատ ուրախ ենք, որ ընտրված փորձառությունների հեղինակները կիսում են մեր գաղափարները: Նրանք հասկանում են, որ ոչ թե պարզապես բիզնես են սկսում, այլ տեղի պատմությունն ու ավանդույթները ներկայացնելու պատասխանատվությունն են կրում: Նրանք լինելու ենք այն կամուրջը, որով Հայաստանի մշակույթը կապվելու է աշխարհի հետ:

 

Առհասարակ, մշակութային ժառանգություն տերմինն այսօր առավել շատ օգտագործվում է՝ նկատի ունենալով մշակույթը՝ որպես անցյալ: Մեր փորձառություններով մենք ավելի շատ ցանկանում ենք ընդգծել ապրող, ներկայում եղած մշակույթը ու նաեւ ստեղծել նոր մշակույթ. վայելել բնությունը՝ առանց որեւէ հետք թողնելու դրա վրա, անցյալից փոխանցված մշակույթին առնչվել նոր մոտեցումներով:

 

Մենք ոչ թե ցանկանում ենք զարգացնել զբոսաշրջությունը, այլ օգտագործել զբոսաշրջությունը՝ տվյալ տեղանքը, մշակույթը զարգացնելու համար: Այսօր աշխարհում հենց այս մոտեցումն է հաջողություն բերում:  

 

Ավանդական զբոսաշրջությունը սպառում է իրեն

 

Եթե խոսեմ տեսության տեսանկյունից՝ փորձառական զբոսաշրջությունն աշխարհում հիմնվում է երկու կարեւոր ռեսուրսի վրա՝ այն փորձառությունների, որոնք տվյալ երկիրը նախ ցանկանում է պահպանել ու երկրորդ՝ ցույց տալ աշխարհին: Օրինակ՝ Կանադան տեղաբնակների կյանքը ցույց տվող փորձառություններ է մշակում, Քենիան եւ Ավստրալիան իրենց վայրի կենդանական աշխարհն են ցույց տալիս: Հայաստանի համար սա եւս կարեւոր է, որովհետեւ փորձառական զբոսաշրջությունը թույլ կտա պահպանել ոչ նյութական մշակութային ժառանգությունն ու միաժամանակ այն ցույց կտա աշխարհին: Մենք մեծ ներուժ ունենք այստեղ, պարզապես պետք է այն ճիշտ հիմքի վրա դնել:

Նարինե Աբգարյանը Նարինե Աբգարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավանդական զբոսաշրջությունը տարիների ընթացքում էլ ավելի է սպառում իրեն, որովհետեւ փոխվում են մարդու պահանջները: Այցելուն այլեւս չի ցանկանում դեմոնստրատիվ սպառում ունենալ, նրան պետք էմոցիոնալ բավարարվածություն ստանալ: Զբոսաշրջային առաջարկը պետք է ձեւավորվի՝ հիմնվելով պահանջարկի վրա, իսկ այսօր մարդկանց տպավորություններ են պետք: Այսօր մարդիկ ճամփորդություններից իրենց հետ ցանկանում են էմոցիաներ տանել:  

 

Յանա Շախրամանյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին