ԵՄ-ի «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունն (GIZ) ու ONEArmenia կազմակերպությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղելով ուժերը՝ զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանի հյուսիսային մարզերում:
«Inside Armenia. Զբոսաշրջային փորձառությունների հզորացում» ծրագրով նախատեսվում է Լոռու, Տավուշի ու Շիրակի մարզերից ընտրել զբոսաշրջային մինչեւ 10 փորձառություն ու դրանք զարգացնելով՝ ներկայացնել Հայաստանի հյուրերին:
Մեդիամաքսը ներկա է եղել համագործակցության հուշագրի ստորագրմանը, ծանոթացել ծրագրի մանրամասներին:
«2021թ.-ից ONEArmenia-ն որոշել է իր ամբողջ ներուժն ուղղել Հայաստանում զբոսաշրջային արտադրանքի զարգացմանը: Մեր նպատակն է Հայաստանը զբոսաշրջիկների համար դարձնել թիվ մեկ նպատակակետ Կովկասում: Իրականացվելիք ծրագիրն այդ նպատակի մաս է կազմում: Դրանով պատրաստվում ենք աշխատել Հայաստանի հյուսիսային մարզերում զբոսաշրջային տարատեսակ փորձառությունների հետ ու բարելավել դրանց կարողությունները», - ասում է ONEArmenia-ի տարածաշրջանային ղեկավար Անահիտ Նազարյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրա խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանում զբոսաշրջային ոլորտում ամենից շատ պակասում է տեքստային ու վիզուալ բովանդակությունը.
«Ծրագրով Տավուշի, Լոռու ու Շիրակի մարզերում ընտրելու ենք մեր չափորոշիչներին համապատասխանող մինչեւ 10 զբոսաշրջային փորձառություն ու դրանց հետ աշխատելով՝ դարձնելու ենք մրցունակ: Հատուկ ուշադրություն ենք դարձնելու վիզուալ ու տեքստային կոնտենտի ստեղծմանը, ներկայացնելու ենք այդ փորձառությունների պատմությունը: Հայաստանում հիմա իսկապես պակասում է սա, չկա զբոսաշրջության հետ կապված որակյալ ֆոտո ու տեսաբովանդակություն», - ասում է Անահիտ Նազարյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ընտրության չափորոշիչների առումով, առավելություն է տրվելու տեղական ուտելիքի ու գինու հետ կապված նախագծերին: Նախատեսվում է ընտրել նաեւ մշակութային, որեւէ արհեստի հետ կապված փորձառություններ՝ կավագործություն, կարպետագործություն.
«Զբոսաշրջիկը հնարավորություն կունենա մասնակցել օրինակ՝ կավով աշխատանքին, կարպետ գործել, որեւէ այլ արհեստի մասին իմանալ՝ այդպիսով ծանոթանալով հայկական մշակույթին: Կարող են ներկայացվել ոչ էքստրեմալ, արկածային զբոսաշրջության հետ կապված նախագծեր՝ քայլարշավ, հեծանվավարություն, ձիավարություն: Հետաքրքիր են նաեւ մարզային քաղաքային տուրերը, քանի որ այս պահին դրանք եւս քիչ հասանելի են զբոսաշրջիկի համար: Ցանկանում ենք աշխատել առողջարարական փորձառությունների հետ՝ լոգանքներ բնական տաք աղբյուրներում, մեղվաբուժություն: Մեզ հետաքրքրում են նաեւ տարատեսակ ոլորտների փորձագետների հետ հանդիպումները, քանի որ դրանք կրթական բաղադրիչ ունեն: Օրինակ՝ հանդիպում դարբնի հետ իր արհեստանոցում, որի ընթացքում կարող ես տարբեր հմտություններ սովորել: Կան զբոսաշրջիկներ, որոնց հետաքրքրում են նեղ մասնագիտական փորձառություններն ու նրանք ցանկանում են տարբեր երկրներում ծանոթանալ վարպետների հետ, սովորել նրանցից», - ասում է Անահիտ Նազարյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ծրագրի նախապատրաստական փուլն իրականացված է ու շուտով կսկսվի գործնական աշխատանքը.
«Կհայտարարենք հայտերի ընդունման մասին ու Հայաստանի հյուսիսային երեք մարզերից մարդիկ հնարավորություն կունենան դիմել ծրագրին՝ ներկայացնելով իրենց զբոսաշրջային գաղափարները: Յուրաքանչյուր ընտրված նախագծի դեպքում անհատական աշխատանք է լինելու՝ հիմնված նախապես իրականացված կարիքների գնահատման վրա: Մինչեւ զբոսաշրջային սեզոնի բացումը շատ քիչ ժամանակ ունենք, բայց ցանկանում ենք արդեն այս տարի ընտրված փորձառությունները ներկայացնել Հայաստան եկողներին», - ներկայացնում է Անահիտ Նազարյանը:
Նա նշում է՝ այս ծրագիրը կարեւոր է ոչ միայն զբոսաշրջային քարտեզներում Հայաստանի ճանաչելիությունն ավելացնելու տեսանկյունից, այլեւ եկամտի աղբյուր կլինի տեղի բնակիչների համար.
Լուսանկարը` Մեդիամաքս
«Փորձառական զբոսաշրջության հետ կապված ընդհանրացված թիվ կա, զբոսաշրջության այս տեսակի դեպքում եկամտի մոտ 66 տոկոսը մնում է համայնքում: Սա շատ լավ ցուցանիշ է: Ինչքան համայնքում մարդկանց ակտիվ շարժ լինի, այնքան դրական դա կանդրադառնա համայնքի բնակիչների կյանքի վրա: Այս հարցում ու այս ոլորտում մեզ համար չկան մրցակիցներ ու նպատակին հասնելու համար պատրաստ ենք համագործակցել բոլոր ցանկացողների հետ», - պատմում է Անահիտ Նազարյանը:
«Անհամբեր սպասում ենք ONEArmenia-ի հետ այս ծրագրի շուրջ համագործակցությանը, քանի որ անցյալում ունեցել ենք միասին աշխատելու շատ լավ փորձառություն», - ասել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:
Նա նշում է՝ լավ արդյունքի հասնելու համար կարեւոր է ունենալ ուժեղ գործընկերներ.
Լուսանկարը` Մեդիամաքս
«ONEArmenia-ի հետ ունենք ընդհանուր տեսլական, որը հիմնված է զբոսաշրջային արտադրանքի որակի, դրա կայունության ու զարգացման վրա: Այս համագործակցությամբ իրականացվող ծրագրի տեւողությունը մեկ տարի է: Ես լավատես եմ, որ դրական արդյունքներ կունենանք ու հետագայում պատրաստակամ ենք աջակցել այլ ծրագրերի եւս: ONEArmenia-ն մեր այն գործընկերներից է, որոնք փոփոխություններ են իրականացնում Հայաստանում ու մենք պատրաստակամ ենք աջակցել դրանց»:
Յանա Շախրամանյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: