Թափոնն էլ է զենք․ զինվորի համար ներքնակներ, վրաններ՝ վերամշակված պլաստիկից - Mediamax.am

2639 դիտում

Թափոնն էլ է զենք․ զինվորի համար ներքնակներ, վրաններ՝ վերամշակված պլաստիկից


Էրիկ Սարգսյանը
Էրիկ Սարգսյանը

Պլաստիկից  ներքնակներ, վերմակներ, վրանների համար ջերմամեկուսիչ պատեր և այլն՝  սահմանում կանգնած զինվորների համար։ Այս ամենն արվում է «Թափոնը զենք է» նախաձեռնության միջոցով, որը գործում է դեռ դեկտեմբերից։ Գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի ընթացքում։

 

Նախաձեռնության հեղինակ, «Շանի» ՀԿ հիմնադիր, ռադիոֆիզիկոս, ինժեներ, կոնստրուկտոր Էրիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ընդգծում է՝ ռազմարդյունաբերությունը միայն զենքը չէ։ Նկատում՝ սրանով միանգամից 2 խնդիր է լուծվում՝ և՛ բնությունն է մաքրվում, և՛  զինվորների համար տաք իրեր են կարվում։

 

«Ռազմարդյունաբերությունը միայն ԱԹՍ-ը չէ, այլ բանակի համար ցանկացած անհրաժեշտ գույք։ Պլաստիկը վերամշակում ենք, ստանում սինտեպոն, դրանից էլ պատրաստում ենք ներքնակներ, վրանի ջերմամեկուսիչներ և այլն։ Ցանկացած խնդրի դեպքում պետք է միշտ երկու ոլորտին ուշադրություն դարձնես»,- ասում է նա։

 

Հայաստանում թեև ամեն օր մոտ 8 տոննա պլաստիկ է նետվում աղբամաններ, սակայն դրա հավաքագրումը բավականին դժվար գործ է, նշում է Սարգսյանը։ Պետությունը վերամշակում է դեն նետված պլաստիկի միայն 2 տոննան, իսկ մնացած 6 տոննան մնում է բնության մեջ։ Նախաձեռնությանն աջակցում են տարբեր դպրոցներ, անհատներ, կամավորներ, որոնք հավաքում են պլաստիկն ու հավաքագրման կետ հասցնում։ Բայց տրանսպորտի խնդիր կա․ երբեմն մարդիկ հավաքում են պլաստիկը, սակայն այն հավաքագրման կետ հասցնելու համար ոչ բոլորն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ունեն։

 

«Մարդիկ պատրաստ են օգնել, բայց տրանսպորտ է պետք։ Մարզերից քիչ են բերում։ Հավաքում են պլաստիկը, բայց մեզ հասցնել չեն կարողանում։ Մարզից մինչև Երևան պլաստիկ տեղափոխելու գները բավականին բարձր են։ Եթե ֆինանսավորում լիներ, մեքենաներ ձեռք կբերեինք, հատուկ արկղեր կտեղադրեինք։ Թե եկող է լինում ու հնարավորություն կա, խնդրում ենք, հետը բերում է, որոշ տեղեր մասնավորներն ու թաղապետարաններն են աջակցում, որոշ տեղեր՝ մենք ենք գնում բերում։ Մեր օրենսդրությունը թույլ չի տալիս, որ պետությունն աջակցություն տրամադրի մասնավոր նախաձեռնություններին»,- ասում է Էրիկ Սարգսյանը։

 

Պլաստիկի վերամշակումը մի քանի փուլերից է բաղկացած․ առաջին փուլում այն սորտավորվում է՝ ըստ գույնի, չափի, ամրության և այլն։ Հավաքագրումից հետո այն սորտավորվում է ըստ տեսակների, գույնի, չափի։

 

Սորտավորումից հետո պլաստիկն աղացվում, մանրացվում է։ Այնուհետև հալեցվում, ստացվում սինտեպոն։ Մեկ ներքնակ կարելու համար 3․5 կիլո սինտեպոն է պետք։ Ըստ պլաստիկի տեսակի՝ տարբեր աղացներ են պետք։

 

«Պլաստիկը տաքանում, հալվում, կաթում է, ու մեծ ճնշման տակ այդ կաթիլը ցրվում է, թեթև նյութ դառնում։ Հիմա օրական ստանում ենք 80 կգ սինտեպոն։ Մեկ ներքնակը կամ վրանը պատրաստ է լինում 10-20 րոպեում։ Ինչ գործում ենք, մշակել ենք արդեն 2 տոննա պլաստիկ։ Աղացների հարցը լուծվել է նվիրատվությամբ․ անսարք աղացը մեր միջոցներով վերանորոգել և օգտագործում ենք։ Ժամում 10-15 կգ պլաստիկ ենք աղում»,- բացատրում է Էրիկը։  

 

Առայժմ պլաստիկի հավաքագրման համար երկու կետ կա, մեկը Երևանում է՝ Գյուրջյան 15/2 հասցեում («Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնից ոչ հեռու), ևս մեկ կետ էլ Մասիս քաղաքում կա։

 

Էրիկ Սարգսյանի խոսքով, նախաձեռնությունը սահմանի անվտանգության հարցն է լուծում։ Երբ ամեն անգամ պլաստիկը նետելիս՝ յուրաքանչյուրը հասկանա, որ զինվորի համար օգտակար բան անելու հնրավորությունը բաց թողեց, մեր երկրում աղբի քանակը կկրճատվի։

 

Մերի Խաչատրյան

Լուսանկարները՝ «Շանի» ՀԿ-ի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին