Նուբար Աֆեյան. «Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը» - Mediamax.am

1971 դիտում

Նուբար Աֆեյան. «Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը»


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` «Ավրորա»

Նուբար Աֆեյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը
Նուբար Աֆեյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Ավրորա»


Flagship Pioneering ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանին ԵՊՀ 85-րդ պատվավոր դոկտորն է։ Կոչումը ստանալիս նա ասել է, որ պատվավոր դոկտորի կոչումն իր համար մեծ ուրախություն ու հպարտություն է։

 

Նուբար Աֆեյանը պատասխանել է արարողությանը ներկա դասախոսներ, ուսանողների, լրագրողների հարցերին։

 

«Ուզում եմ ոգեւորել ուսանողներին, որ միշտ փնտրեն նոր սահմաններ»

 

Ես սփյուռքահայ եմ, մեծացել եմ Լիբանանում։ Իմ հաճախած դպրոցը Հայաստանից դուրս գտնվող հայկական սակավաթիվ համալսարաններից մեկի՝ Հայկազյան համալսարանի կողքին էր: Այն ժամանակ մտածում էի, որ մի օր ես էլ եմ Հայկազյան համալսարանում սովորելու, որովհետեւ 1970-ականներին Հայաստանը շատ հեռու մի գաղափար էր մեզ համար:

 

Ճակատագրի եւ Լիբանանի պատերազմի բերումով՝ տեղափոխվեցի Մոնրեալ, որտեղ էլ սովորեցի Մաքգիլի համալսարանում, հետո՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում: Մոտ 40 տարի առաջ գնացի այնտեղ, որովհետեւ հետաքրքրված էի մի նոր ուղղությամբ՝ բիոտեխնոլոգիայով: Այդ ժամանակ դեռ չգիտեինք, թե ինչ է դա նշանակում: Գիտեինք միայն, որ կապված է ԴՆԹ-ի, բջիջների նախագծման հետ, որը հնարավորություն է տալիս շատ տարբեր պրոդուկտներ ստանալ։

 

Դա սկիզբն էր եւ, կարծես, ինչ-որ սահման լիներ, ինչն էլ ինձ շատ գրավեց։ Ես սա շեշտում եմ, որովհետեւ ուզում եմ ոգեւորել այստեղի բոլոր ուսանողներին, որ միշտ փնտրեն նոր սահմաններ՝ թեկուզ իրենց անհարմարություն պատճառելու գնով: Սա միշտ լավ է, սակայն կարեւոր է հատկապես հայերիս համար, որովհետեւ մենք մշտապես ստիպված ենք եղել փախչել վտանգից, առերեսվել գոյության վտանգներին: Եվ ստացվում է, որ այդ ամենը մեզ լավ կոփել է ու պատրաստել անելու այնպիսի բաներ, որ մյուս մարդկանց համար չափազանց վտանգավոր է թվում։ Դա միանգամայն նոր ոլորտներ գնալն է:

 

«Մեր նավթի պաշարը մեր ինտելեկտուալ ռեսուրսն է»

 

22 տարի առաջ, երբ եկա Հայաստան, եւ մինչ օրս էլ հարյուրավոր անգամներ լսել եմ մի արտահայտություն՝ մեր հարեւաններն ունեն նավթ, իսկ մենք ունենք սփյուռք։ Կարծում եմ, որ սա այնքան էլ ճիշտ պնդում չէ։ Մեր արեւելյան հարեւաններն ունեն նավթ, իսկ որպես դրան համարժեք՝ մեր հավաքական մտավոր կարողությունն է՝ մեր ուղեղը, հայկական բանականությունը, որը կարող ենք արդյունահանել։

 

Բայց նավթի պաշարները հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է ընդերքից դուրս բերել այն, հակառակ դեպքում որեւէ օգուտ չես ունենա։ Կարծում եմ, որ հենց այստեղ է մեր խնդիրը. մենք ունենք արդյունահանվող ռեսուրս՝ բայց մասամբ կրթության, մասամբ համագործակցել չկարողանալու, մեր ուժերին չհավատալու պատճառով, չենք կարողանում օգտագործել այն։ Մեր նավթի պաշարները՝ մեր ինտելեկտուալ ռեսուրսը, ամբողջ աշխարհում է՝ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, այն մեր գլխում է, եւ պետք է ճանապարհ գտնենք այդ ռեսուրսը դուրս բերելու։

 

Սփյուռքն ունի իր ուժեղ ու թույլ կողմերը։ Ուժեղ կողմը, իմ կարծիքով, թույլ է տվել հայերին ապրել աշխարհի տարբեր երկրներում։ Բազմաթիվ ոլորտներում՝ բժշկության, բանկային գործի, իրավագիտության, ճարտարագիտության մեջ, աշխարհի բազմաթիվ համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմի շատ անդամներ ունեն հայկական ծագում։ Մեր ուժեղ կողմը մեր փորձն է, ցանցը, ֆիզիկական ներկայությունը, հասանելիությունը, մտածելակերպը, որով մենք կարող ենք գումար եւ ռեսուրսներ ստեղծել: Եվս մի կարեւոր հանգամանք։ Այն, որ սփյուռքն առաջին հերթին Ցեղասպանության արդյունք է, թեեւ մինչ այդ էլ տարբեր երկրներում ապրող հայեր կային, մեզ վրա «բեռ»՝ պատասխանատվություն է դնում շտկելու այդ խնդիրը։ Եվ դրան հասնելու ճանապարհներից մեկը ավելի լավ Հայաստան ունենալու համար ներդրում կատարելն է։ Ես մեծացել եմ Բեյրութում, հինգ տարեկանից սկսած ամեն տարի հազարավոր հայերի հետ գնում էի Թուրքիայի դեսպանատուն եւ մասնակցում բողոքի ակցիաներին: Շուտով 60 տարեկան կլինեմ, եւ այսօր այստեղ եմ այն «բեռ»-ի պատճառով, որ շատ տարիներ առաջ ինձ վրա է դրել Ցեղասպանությունը։

Նուբար Աֆեյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը Նուբար Աֆեյանը եւ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը

Լուսանկարը` «Ավրորա»

Խոսեմ նաեւ թույլ կողմերի մասին։ Մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները ստեղծել ենք որպես զբոսաշրջիկ կամ բարեգործներ։ 30 տարի անց կարող եմ ասել, որ դա վատնված ռեսուրս էր։ Մենք պետք է կարողանանք շտկել այդ սխալը եւ միավորվել։ Իսկ միավորվել կարող ենք միայն ապագայի շուրջ։ Ներկայում շատ խնդիրներ կան, բոլորս զբաղված ենք այս կամ այն հարցը լուծելով։ Ներկան մեզ չի կարող միավորել։ Հուսով եմ, որ ապագան կտա մեզ այդ հնարավորությունը։

 

«Հայաստանի ապագան կախված է կառավարության եւ մասնավորի միջեւ համագործակցությունից»

 

Ես եղել եմ աշխարհի տարբեր ծայրերում, եւ չի եղել մի երկիր, որտեղ կասեին, թե ունեն բավարար ռեսուրս՝ կրթության ոլորտը զարգացնելու համար։ Կա երկու ճանապարհ՝ կա՛մ ավելի արդյունավետ օգտագործել առկա ռեսուրսները, կա՛մ ռեսուրսներն աճեցնել։ Դրա համար պետք է զարգացնել տնտեսությունը կամ դրսից օգնություն ստանալ։ Եթե կրթության մեջ հաջողենք, կկարողանանք ավելի շատ ռեսուրս ներգրավել։ Իսկ եղածն արդյունավետ օգտագործելու կարողությունն էլ կախված է կառավարության որոշումներից, համալսարանների համագործակցությունից եւ այլն հանգամանքներից։ Պետք է բոլոր ուղղություններով աշխատենք ու հավատանք, որ կարող ենք հաջողության հասնել։

 

Կարծում եմ, որ Հայաստանի ապագան կախված է կառավարության եւ մասնավորի միջեւ համագործակցությունից։ Եթե այդ համագործակցությունը չլինի, վախենամ, թե մենք կնմանվենք բոլոր այն երկրներին, որոնք փոքր են ու բավականին ռեսուրս չունեն։ Պետք է գտնենք միմյանց վստահելու եւ աջակցելու ձեւը։ Դա իմ երազանքն է։

 

Գրի առավ Լուսինե Ղարիբյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին