«Հայաստանի վարպետ» մրցույթին ստացվել է մասնակցության ավելի քան 1200 հայտ - Mediamax.am

1371 դիտում

«Հայաստանի վարպետ» մրցույթին ստացվել է մասնակցության ավելի քան 1200 հայտ


Լուսանկարը` https://varpetarmenia.am/


Երեւան։ Մեդիամաքս։ Ավարտվել է «Հայաստանի վարպետ» մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 1200-ից ավելի հայտ Հայաստանի եւ Արցախի շուրջ 170 քաղաքային եւ գյուղական բնակավայրերը ներկայացնող վարպետներից։

Հայտեր ստացվել են մրցութային բոլոր 12 ուղղություններով, որոնք որոշվել էին մրցույթի կայքում  շուրջ մեկ ամիս տեւած առցանց քվեարկության արդյունքներով:

 

Ամենաշատ հայտերը ներկայացվել են զարդագործ, դերձակ/ասեղնագործ, խոհարար, կահույքագործ/փայտագործ, ավտոմեխանիկ մասնագիտությունների համար:

 

«Ուրախալի է, որ մրցույթը նման մեծ հետաքրքրություն է առաջացրել:  Շատ կարեւոր է, որ հայտեր են ստացվել Հայաստանի բոլոր մարզերից ու Արցախից: Մենք հենց դա էլ ցանկանում էինք, որպեսզի մրցույթը «հասներ» բոլորին, որովհետեւ  յուրաքանչյուր մարզում, բնակավայրում կան իրենց յուրահատուկ ոճով աչքի ընկնող վարպետներ:  Մեր հանրությունը պետք է ճանաչի նրանց, եւ մենք պետք է կարողանանք պահպանել այդ  առանձնահատուկ ժառանգությունը: Մրցույթի նպատակը վարպետներին  խրախուսելն է, որպեսզի նրանք  զգան, որ գնահատված են, շարունակեն իրենց գործն ու երիտասարդ սերնդին փոխանցեն իրենց հմտությունները: Սեփական գործի նկատմամբ սիրով է սկսվում  ոչ միայն ընտանիքի ու համայնքի, այլեւ երկրի բարեկեցությունը»,-ասել է մրցույթի նախաձեռնող, TUF բարեգործական հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

Ընտրող հանձնաժողովը եւ մրցույթի կազմկոմիտեն հուլիս ամսվա ընթացքում կամփոփեն ներկայացված հայտերը՝ ընտրելով մրցույթի 12 ուղղություններից երկուական լավագույն թեկնածուի։ Ընտրված 24 վարպետները կմասնակցեն մրցույթի երկրորդ փուլին:

 

Ընտրող հանձնաժողովի կազմում են «Varpet.com» հարթակի համահիմնադիր եւ տնօրեն Արսեն Մնացականյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խառատյանը, «Արմենիա» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն Ելենա Մարտիրոսյանը, «Սեդրակ Մամուլյան» խոհարարական ստուդիայի տնօրեն Սեդրակ Մամուլյանը։

 

Լավագույն թեկնածուներին որոշելիս հաշվի են առնվելու վարպետի լրացրած կենսագրական թերթիկն ու մասնագիտական գործունեությունը ներկայացնող տեսաուղերձը: Առավելապես ուշադրություն է դարձվելու վարպետի/պորտֆոլիոյի պատմությանը, նրա աշխատանքների բարդության/պրոֆեսիոնալիզմի աստիճանին, ինչպես նաեւ վարպետի՝ մրցույթի հաղթող դառնալու ցանկությանն ու նպատակներին։  

 

Մրցույթի շրջանակում հետագա առաջադրանքների ձեւակերպման համար ներգրավվելու են նաեւ 12 խորհրդատուներ (յուրաքանչյուր մասնագիտության համար 1 խորհրդատու), որոնք կօգնեն վարպետներին մրցույթի ընթացքում իրենց մասնագիտական խնդիրները լուծելու հարցում։

 

Մրցույթի երկրորդ փուլն անցկացվելու է աշնանը «Արմենիա» հեռուստատեսությամբ՝  հեռուստաշոուի ձեւաչափով, որի ընթացքում 24 մասնակիցներից կընտրվեն 12 հաղթողները՝ ամեն ուղղությունից մեկական վարպետ: Օգոստոսին կսկսվեն հեռուստաշոուի նկարահանումները։

 

Մրցույթի հաղթողները կարժանան «Հայաստանի վարպետ» մրցանակի, դրամական պարգեւի (3 մլն ՀՀ դրամ) եւ կստանան աջակցություն մրցույթի գործընկերների կողմից։

 

«Հայաստանի վարպետ» մրցույթը նախաձեռնել են սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանը եւ «Ապրելու» հիմնադրամը։ Մրցույթի կազմակերպիչն է «Զբոսաշրջության եւ քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամը: Մրցույթի գործընկերն է «Արմենիա» հեռուստաընկերությունը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին