Արդեն մոտ 2 շաբաթ է, ինչ Երեւանի բնակիչների եւ հյուրերը քաղաքի փողոցների եւ «դալանների» պատերին հանդիպում են սիրելի գրողներին` գրաֆիթիների տեսքով:
7 հայ գրողների` Եղիշե Չարենցի, Պարույր Սեւակի, Խաչատուր Աբովյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի, Վիլյամ Սարոյանի, Ավետիք Իսահակյանի եւ 7 արտասահմանյան գրողների` Էդգար Ալլան Պոի, Էռնեստ Հեմինգուեյի, Ուիլյամ Շեքսպիրի, Ալբեր Կամյուի, Ժան-Պոլ Սարթրի, Ֆյոդոր Դոստոեվսու եւ Աննա Ախմատովայի օրիգինալ գրաֆիտի-պատկերներն այլեւս Երեւանի մի մասնիկն են դարձել:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Արտ-նախագիծը «Գրաffiti» խորագրով իրականացվել է «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք 2012» նախագծի շրջանակներում` «Բի Բի Մեդիա» կրեատիվ գովազդի կազմակերպություն կողմից, ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի օժանդակությամբ:
Նախագծի մասին Մեդիամաքս-ի թղթակիցը զրուցել է «Բի Բի Մեդիա»-ի կրեատիվ տնօրեն Էդուարդ Քանքանյանի եւ քոպիրայթեր Վիկտորիա Ալեքսանյանի հետ:
Դուրս մնաց միայն Բեգբեդերը
«Ի՞նչպես է ստացվեց, որ ընտրեցինք ենք հենց այս հեղինակներին: Հավաքվեցինք մեծ թիմով եւ յուրաքանչյուրն իր կարծիքը արտահայտեց: Ի վերջո` ընդհանուր հայտարարի եկանք: Միայն մեկ գրող կար, ով սկզբնական ցուցակից դուրս մնաց` ժամանակակից ֆրանսիացի գրող Ֆրեդերիկ Բեգբեդերն էր», - ասում է Էդուարդ Քանքանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Վիկտորիա Ալեքսանյանն ասում է, որ նախագծով փորձել են ասել, որ գրքի եւ գրականություն հանդեպ սերը կարող է մատուցվել նաեւ նման անսպասելի եղանակով:
Գրաֆիթիի վերաբերյալ կան 2 իրարամերժ կարծիքներ` արվեստ եւ վանդալիզմ: Էդուարդ Քանքանյանը վստահ է, որ գրաֆիտին վանդալիզմ է, երբ արվում է մշակույթային կամ պատմական արժեք ունեցող շենքերի կամ արձանների վրա:
«Գրողների նկարները հիմնականում պատկերել ենք այնպիսի վայրերում, որոնք բարեկարգ չեն` փորձելով այդ քայլով նոր տեսք հաղորդել պատերին եւ դալաններին: Օրինակ` Սեւակի, Սարտրի եւ Դոստոեւսկու պատկերներն արել ենք այնպիսի դալաններում, որոնք գրեթե քանդված վիճակում են», - ասում է նա:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Ո՞վ է Էդգար Պոն
«Մարդկանց կողմից ստացանք եւ շատ դրական, եւ շատ բացասական արձագանքեր: Ամենածայրահեղ կարծիքները եղան Էդգար Պոյի պատկերի շուրջ: Որոշ մարդկանց դուր չէր եկել նրա «արյունոտ», «գոտիկ» պատկերը: Այդ պատճառով որոշեցինք գնալ կոմպրոմիսի եւ Պոյի կողքին պատկերեցինք Խաչատուր Աբովյանին», - պատմում է Վիկտորիա Ալեքսանյանը:
«Երբ պատկերում էինք Էդգար Պոյին, մի երիտասարդ անցնում էր, հետաքրքրությամբ նայեց գրեթե վերջացրած պատկերին եւ զանգեց ընկերոջը` հարցնելու համար, թե ո՞վ է Էդգար Պոն», - հիշում է Էդուարդ Քանքանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Ինչ վերաբերվում է Խաչատուր Աբովյանի պատկերին, որը եւս վիճելի է համարվում, Էդուարդ Քանքանյանը նշում է, որ, այնուամենայնիվ, ոչ ոք չի շփոթում այն ուրիշների հետ, եւ բոլորը ճանաչում են Աբովյանին:
«Այդ կերպ որոշակի երկխոսության մեջ ենք մտնում մարդկանց հետ: Կարծում եմ, եթե Աբովյանն ավելի պրիմիտիվ ձեւով պատկերված լիներ, այդ երկխոսությունը չեր կայանա» - ասում է Վիկտորիա Ալեքսանյանը:
Լուսանկարը` Մեդիամաքս:
Իրենց լավագույն աշխատանքը Վիկտորիան եւ Էդուարդը համարում են Պարույր Սեւակի պատկերը, իսկ ամենածավալունը Հովհաննես Թումանյանի պատկերն է ստացվել:
«Մեր գլխավոր նպատակն այն էր, որ մարդիկ տեսնելով այդ գրողների պատկերը, բացեն եւ կարդան նրանց գրքերը` հուսով եմ, այդպես էլ կլինի», - եզրափակում է Վիկտորիա Ալեքսանյանը:
Արամ Արարատյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: