Լյոկայի անփոփոխ հասցեն եւ Ստեփանակերտ տեղափոխած գործը - Mediamax.am

exclusive
7018 դիտում

Լյոկայի անփոփոխ հասցեն եւ Ստեփանակերտ տեղափոխած գործը


Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արցախի արտադրամասը
Արցախի արտադրամասը

Լուսանկարը` Վալերի Ղազարյանի

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Lyoka’s

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Արեգ Բալայանի (Վալերի Ղազարյանի արխիվից)

Վալերի Ղազարյանը
Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


2020 թվականի նոյեմբերին Վալերին տնից վերցրեց եղբոր երեխաների դասագրքերը, հին լուսանկարները, հիշողությունները, դռան վրա նռնակներ դրեց ու հեռացավ Նոր Մարաղայից: Այնտեղ նա թողեց ամենաթանկը՝ մոր եւ եղբոր շիրիմներն ու նպատակով տնկված նռան այգին:

 

Երեխաների դասագրքերն այսօր կրկին դարակներում են, իսկ հիշողությունները՝ Վալերիի մտքում: Վալերի Ղազարյանը՝ ռեփեր Լյոկան, Արցախում տուն է կորցրել արդեն երեք անգամ, բայց հասցեն փոխել չի պատրաստվում, ասում է՝ թե պետք լինի, հինգերորդ, վեցերորդ, տասներորդ անգամ էլ տուն կկառուցի Արցախում:

 

Մեդիամաքսը զրուցել է Վալերիի հետ պատերազմից հետո պայքարի սեփական ուղու, ընկերների օգնությամբ հիմնած Lyoka’s բրենդի եւ Արցախում բացած արտադրամասի մասին:

 

«Երբ հիշողություններով հետ եմ գնում...»

 

Երբ զգում եմ, որ ներքուստ՝ մտքով, հիշողությունով հետ եմ գնում, սկսում եմ գրաֆիկս մաքսիմալ խտացնել, որ ընդհանրապես ժամանակ չունենամ ուրիշ բանի մասին մտածելու: Պատերազմից հետո ինձ համար այս ձեւն եմ գտել: Երբ զգում եմ՝ այդ գրաֆիկով, ծանրաբեռնվածությամբ էլ չեմ կարողանում ինձ շեղել, ուղղակի մի քանի օր փակվում եմ ստուդիայում, ոչ մեկի հետ չեմ շփվում, ոչ մի այլ բան չեմ անում, միայն գրում կամ լսում եմ:

Վալերի Ղազարյանը Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատերազմից, կորցրածից հետո բնականոն կյանք վերադառնալը հեշտ չէր: Ընկերներիս նախաձեռնությամբ եւ օգնությամբ Երեւանում հիմնեցինք սպորտային հագուստ արտադրող Lyoka’s բրենդը: Բազմիցս ասել եմ՝ այն բիզնես չեմ համարում, բայց մտքի մի անկյունում մտածել եմ, որ եթե ինչ-որ ձեւ սկսի զարգանալ, արտադրությունը պետք է տեղափոխեմ Արցախ: Դա ինձ համար սկզբունքի պես մի բան էր: Ես ծնվել, սնվել, ապրել եւ ապրում եմ Արցախում, չեմ պատկերացնում ինչ-որ բան անեմ, ստեղծեմ եւ այն չլինի Արցախում, ինձ համար բալանսի խախտում կլիներ:

Արցախի արտադրամասը Արցախի արտադրամասը

Լուսանկարը` Վալերի Ղազարյանի

Հասա նպատակիս, Արցախում արտադրամաս ունենք, ճիշտ է՝ դեռ պաշտոնական բացում չենք արել, բայց արդեն գործում է:

 

«Պարտավոր եմ կիսվել...»

 

Եթե ինչ-որ բան կարողանում եմ անել, դրանով պարտավոր եմ կիսվել, իսկ եթե հնարավորություն ունեմ գոնե չորս հոգու աշխատավարձ տալու՝ պիտի անեմ Արցախում: Այս շրջանում դա Արցախին պետք է առավել՝ քան երբեւէ: Հենց այդ նպատակով եմ արտադրությունը տեղափոխել Ստեփանակերտ, որտեղ արդեն մի քանի աշխատող ունենք: Նրանք բոլորը տեղահանվածներ են, ինչը եւս սկզբունքային էր ինձ համար:

Վալերի Ղազարյանը Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Lyoka’s-ը սկզբում միայն հուդիներ էր արտադրում, հիմա տեսականին մեծացնում ենք: Արտադրում ենք շապիկներ, վերնաշապիկներ, ժիլետներ եւ սինտիպոնից բաճկոններ ստանալու փորձարկումներ ենք անում: Մինչեւ այս չէինք կարողանում մեծ քանակության պատվերներ ընդունել, հիմա Արցախի արտադրամասը հնարավորություն է տալիս մեծ քանակով պատվերներ ստանալ եւ կարել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Սոցիալական ցանցերում եւ Երեւանի Ագաթանգեղոսի 7 հասցեում գործող տաղավարում ներկայացված տեսականուց բացի՝ այս պահին նաեւ աշխատում ենք Արցախում խանութ բացելու ուղղությամբ: Կարծում եմ՝ մի քանի ամսից կունենանք այնտեղ մեր բրենդային խանութը: Արցախում արտադրանքի գինն ավելի մատչելի կլինի:

 

Արտադրության համար անհրաժեշտ կտորը ձեռք բերելն էլ ահագին դժվարություն է ներկայացնում: Դժվար է գտնել ոչ թուրքական կտոր, իսկ դա իմ եւ մեր թիմի ամենագլխավոր սկզբունքն է՝ թուրքական ոչինչ չօգտագործել մեր արտադրությունում: Կտոր, թել, կարի մեքենայի ասեղ՝ գերմանական, չինական կամ ուզբեկական արտադրության են:

Վալերի Ղազարյանը Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնականում աշխատում ենք պատվերներով: Վերջերս Ամերիկայից եւ Ֆրանսիայից էլ պատվերներ ունեցանք: Մեզ պատվիրելու դեպքում իրենց համար ավելի դժվար ու թանկ է ստացվում, բայց զուտ հայկականը խրախուսելու համար են մեզ դիմում:

 

Շուշիի գորգերի համար

 

Lyoka’s-ի յուրաքանչյուր արտադրանք պարտադիր արցախյան տարր ունի իր վրա. արցախյան բարբառով գրություններ, պատմամշակութային արժեքների՝ թանգարանների, եկեղեցիների, խաչքարերի պատկերներ, «Խելունք կաց» նախագծի թեմատիկ գրություններ: Վերջերս էլ Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն Վարդան Ասծատրյանի հետ համագործակցությամբ որոշեցինք գորգերի պահպանության համար շապիկների շարք թողարկել:

 

«Խելունք կաց» ու արցախյան հեքիաթներ սկաց

 

Կարպետների զարդանախշերից ինչ-որ հատվածներ ենք ասեղնագործում շապիկի վրա, օրինակ այսպիսի գրությամբ՝ «Վիշապագորգ, 19-րդ դար, Շուշի, Արցախ», որոնց վաճառքից ստացված ողջ հասույթը գնում է Շուշիի գորգերի թանգարանին: Այն հիմա ոչ ֆինանսավորում ունի, ոչ էլ ցուցադրման տեղ, Lyoka’s-ի կողմից փորձում ենք ինչ-որ բան անել, օգնել, որ պահպանվեն գորգերը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր աշխատանքում միշտ առաջնային է եղել արտադրանքի միջոցով մշակույթի ու պատմության մասին խոսելը։ Դեռեւս մեկ տարի առաջ սկսեցինք Ղազանչեցոցի հրեշտակները ասեղնագործությունների տեսքով պատկերել հագուստի վրա։ Հագուստի բոլոր տեսակների վրա ավելացնում էինք QR կոդ, որտեղ էլ ավելի մանրամասն ներկայացնում էինք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ու շրջապատող հրեշտակների քանդակների պատմությունը։ Ընթացքում միտք առաջացավ հրեշտակների տեսքով արծաթյա կախազարդեր արտադրելու։ Մեր շատ լավ ընկերների ու պրոֆեսիոնալ արծաթագործների շնորհիվ դա էլ ստացվեց։

 

Կախազարդերը բավական լավ ընդունվեցին, մարդիկ սկսեցին իրար նվիրել որպես հուշանվեր կամ յուրահատուկ սիմվոլ։ Հիմա զուգահեռ աշխատում ենք թե՛ նոր արծաթյա կախազարդեր, թե՛ հագուստի նոր տեսակներ արտադրելու վրա։

Լուսանկարը` Lyoka’s

Պատվերների առաքումներով միայն ես եմ զբաղվում: Անկեղծ ասած՝ չեմ հասկանում ոնց եմ հասցնում, բայց այդ գործն ինձ օգնում է ապրել: Երեւի դրա համար է՝ երբ ինձ հարցնում են՝  որտե՞ղ եմ ավելի շատ լինում, Արցախո՞ւմ, թե՞ Երեւանում, ասում եմ՝ մեքենայի մեջ:

 

«Երբ կողքդ մարդ կա, հույսով առաջ ես գնում»

 

Առողջական խնդիրների պատճառով չեմ ծառայել ու պատերազմի սկզբի օրերին էլ ում դիմում էի, ասում էին՝ չէ, դեռ պետք չի, դեռ ժամանակը չի, բայց երբ հասկացա, որ թիկունքում ավարտված է իմ գործը, էլ անելիք չունեմ, մի օր նստեցի դիրքեր իրեր տանող մեքենան ու գնացի: Երբ տեսա, թե ինչ տեմպով ու քանակով էին հետ գնում, դիրքերից իջնում, այդ պահին հասկացա, թե որն է մեր խնդիրը: Հասկացա, որ եթե իմ այնտեղ լինելը գոնե երկու հոգու պահելու է, ուրեմն ես անելիք ունեմ այնտեղ: Երբ կռվի մեջ ես ու տեսնում ես կողքդ մարդ կա, հույսով առաջ ես գնում:

Վալերի Ղազարյանը Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Արեգ Բալայանի (Վալերի Ղազարյանի արխիվից)

Խծաբերդի դիրքերում էի, երբ զանգեցին ու ասացին, որ մի քանի ժամ ունեմ տունն ազատելու: Վերցրեցի հիշողություններս, եղբորս երեխաների դասագրքերը, հին լուսանկարները: Տնից դուրս գալուց չդիմացա՝ դռան վրա նռնակներ դրեցի, նոր հեռացա:

 

Այն կյանքը, որը թողեցի գյուղում, ինձ ավելի էր դուր գալիս: Վերջերս ամեն գիշեր երազում ինչ-որ մի նոր ճանապարհով գնում եմ մեր գյուղ, մեր տուն, մարդիկ եմ տեսնում: Հիմա կարող է ես մի քիչ ֆանտազիայի ժանրից եմ խոսում, բայց հոգու խորքում վստահ եմ՝ մի օր հետ գնալու ենք, չգիտեմ երբ է, ես կլինեմ այդ ժամանակ, չեմ լինի, բայց զգում եմ:

 

«Նորից տուն եմ սարքելու»

 

Պատերազմից հինգ տարի առաջ նռան այգի էինք տնկել, այս տարի պետք է հավաքեինք առաջին բերքը: Չհասցրինք: Եղբորս երեխաների համար էր այգին, որ բերքից ստացած եկամուտը ծառայեր նրանց կրթության համար:

 

Մեր մեծ ընտանիքը հիմա տարբեր տեղերում է ապրում: Մի մասը Ստեփանակերտում, կեսը՝ Կոճողոտում, կեսը՝ Արտաշատում ու Երեւանում: Բայց նորից եմ տուն կառուցելու, երբ հնարավորություն ունենամ իմ ընտրած տարածքն առնել, իսկ հիմա Ստեփանակերտում ժամանակավոր տուն սարքում եմ, ավարտվելու փուլի մեջ եմ:

 

 

Եթե պետք լինի՝ հինգերորդ, վեցերորդ, տասներորդ տունն էլ կսարքեմ, բայց ուրիշ տեղ չեմ գնա: Շատ են կանչողները, հնարավորություն տվողները, որ ցանկացած պահի կարող եմ թողնել-գնալ, ոչ մի բան չանել ու ապրել: Չեմ ուզում, չեմ կարող, ես ինձ այնտեղ հյուր կզգամ: Եթե անկեղծ ասեմ՝ ես Երեւանում էլ եմ ինձ հյուր զգում, առավել եւս երբ մարդիկ կան, որոնք արցախցիներին, Արցախին ինչ-որ բաներ են ասում՝ «Ղարաբաղցիք եկել եք այստեղ ինչ անեք, գնացեք ձեր Ղարաբաղը»:

 

Նախկինում շատ էի բորբոքվում, կռիվ սարքում, հիմա սովորել եմ ինձ ղեկավարել:

 

Այն մարդիկ, որոնք ասում են՝ «Արցախը տանք պրծնենք, հանգիստ ապրենք»: Խնդիրն այն է, որ ոչ քարտեզ, ոչ պատմություն, ոչ թուրքի հետ հարաբերություն գիտենք, ոչ վերլուծելու ունակություն ունենք, կողքից ինչ ասում են՝ ֆիքսում ենք եւ վերջ:

Վալերի Ղազարյանը Վալերի Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անկախ կատարվածից, աշխատանքից, թե այդ պահին որտեղ կլինեմ, իմ հասցեն կա ու մնում է Արցախը: Արտադրությանը զուգահեռ հիմա աշխատում եմ նոր երգի վրա՝ «Հասցեն իմ նույնն է»: Ինչպես նախորդ իմ ստեղծագործությունները, սա էլ իմ տան, ծննդավայրի մասին է:

 

 

Նախորդ ստեղծագործությունը, «Տուն տարեք»-ը, որը գրվել էր մինչեւ պատերազմը, չեմ սիրում: Այն գրել եմ իմ ցավի, իմ ապրումների, իմ կյանքի պատմությունով, բայց վերջին պատերազմը Արցախի 75 տոկոսին նույն բախտին արժանացրեց: Չեմ ուզում մարդկանց ցավացնեմ, իմ խնդիրների, պրոբլեմների մեջ ներքաշեմ ու տխրեցնեմ: Դրանից հետո պարտավորություն զգացի այդ մարդկանց համար, ովքեր «Տուն տարեք»-ը լսում են, հուզվում են, ստեղծել ավելի ապրեցնող երգ:

 

Արփի Ջիլավյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի եւ Վալերի Ղազարյանի արխիվի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին