Նոր ձայն՝ Կինոյի տան դահլիճում. ITTD ծրագրի նվերը կինոգործիչներին - Mediamax.am

4686 դիտում

Նոր ձայն՝ Կինոյի տան դահլիճում. ITTD ծրագրի նվերը կինոգործիչներին


Կարեն Ավետիսյանը, Անդրեա Վիկտորինը եւ Վիլհելմ Հուգոն
Կարեն Ավետիսյանը, Անդրեա Վիկտորինը եւ Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեա Վիկտորինը
Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարեն Ավետիսյանը
Կարեն Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Անդրեա Վիկտորինը
Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հարություն Խաչատրյանը
Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի Կինոյի տան դահլիճն այսուհետ համալրված է ձայնային ժամանակակից սարքավորումներով, ինչը թույլ կտա այստեղ առավել որակյալ ցուցադրություններ կազմակերպել, անցկացնել բազմաթիվ միջոցառումներ:

 

Կինոյի տան տեխնիկական համալրումն իրականացվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի շրջանակում՝ «Գյոթե ինստիտուտ»-ի համաֆինանսավորմամբ:

 

EU4Bussines ITTD ծրագիրը համաֆինանսավորում է Եվրոպական Միությունն ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարությունը, իրականացնում՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ):

 

Հայաստանի ամենամեծ կինոդահլիճի տեխնիկական վերազինումը նախաձեռնել են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն ու Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միությունը:

 

Չնայած՝ սարքավորումներն արդեն տեղադրված են, օրերս տեղի է ունեցել դրանց հանձնման պաշտոնական արարողությունը, որին մասնակցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

 

«Կինոյի տան դահլիճի վերազինման սպասումը երկար էր: Այսօր արդեն կարող ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որոնց օգնությամբ անցանք այս ճանապարհը», - ասել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը:

Կարեն Ավետիսյանը Կարեն Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը հիշել է, որ աջակցության այս ծրագիրը քննարկել են Կինոյի տուն իր կատարած դեռ նախորդ այցելության ժամանակ, որի ընթացքում դեսպանն իր ստորագրությունն է թողել այստեղ գտնվող հանրահայտ անձանց ստորագրությունների պատին.

 

«Տպավորված էի եւ տպավորված եմ այս տարածքով: Կարծում եմ՝ Կինոյի տունը Երեւանի փոքր մարգարիտներից մեկն է: Ծանոթ չեմ տրամադրվող սարքավորումների տեխնիկական չափորոշիչներին, բայց կարծում եմ՝ սա ամենակարեւոր վայրերից է, որ ուներ այս վերազինման կարիքը: Նոր ձայնային համակարգով հնարավոր կլինի դահլիճում առավել շատ ցուցադրություններ, նորարարական կինեմատոգրաֆին ուղղված ծրագրեր իրականացնել: Հույս ունեմ՝ այս տարվա «Ոսկե ծիրան» փառատոնը նույնպես կշահի այս սրահի բացումից, որքանով տեղյակ եմ՝ դահլիճն ամենամեծն է Հայաստանում ու հարուստ պատմություն ունի», - ասել է ԵՄ դեսպանը:

Անդրեա Վիկտորինը Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա նշել է՝ Հայաստանն այսօր դժվար ժամանակներ է ապրում ու մշակույթն այն ոլորտն է, որը կարող է զարգացնել ու կերտել ազգային ինքնություն.

 

«Վստահ եմ, որ այս հրաշալի վայրը հրաշալի նորոգումից հետո եւս մեկ դրական ազդակ կլինի Հայաստանում մշակութային զբոսաշրջության զարգացման համար: Սա հնարավորություն կտա կամուրջ կառուցել Եվրոպայի եւ Հայաստանի միջեւ, փոխանակվել մշակույթով»:

Անդրեա Վիկտորինը Անդրեա Վիկտորինը

Լուսանկարը` Մեդիամաքս

EU4Bussines ITTD ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն ասել է, որ Երեւանի Կինոյի տան շենքն իսկապես պատմական է.

 

«Այստեղ կա բուխարու սրահ, որտեղ պատի վրա բազմաթիվ հայտնի մարդկանց, այդ թվում՝ ԵՄ դեսպանի ստորագրությունը կարող եք տեսնել: Կա խոհանոց, որտեղ Սերգեյ Փարաջանովը սիրում էր կերակուր պատրաստել: Այս վայրն իսկապես շատ հետաքրքիր է զբոսաշրջիկների համար, որոնք գնահատում են արվեստը: Շատ ուրախ եմ, որ Եվրամիության պատվիրակության աջակցությամբ կարողացանք աջակցել կինոսրահում ձայնային նոր սարքավորումների տեղադրմանը: Մենք սա շատ լուրջ ներդրում ենք համարում Հայաստանն ավելի գրավիչ մշակութային զբոսաշրջային նպատակակետ դարձնելու համար: «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նշվածի լավագույն օրինակն է: Ինչքան շատ կինոսրահներ ներգրավված լինեն այս կինոփառատոնում, այնքան քաղաքն ավելի շատ կշնչի արվեստով»:  

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշել է՝ այս աջակցությունը միայն Կինոյի տանն ու «Ոսկե ծիրան»-ինը չէ.

Հարություն Խաչատրյանը Հարություն Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մենք արդեն սկսել ենք «բաժանել» ձեր նվերը Հայաստանի տարբեր կինոգործիչներին, աշակերտներին: Թույլ ենք տալիս այստեղ անվճար անցկացնել տարբեր փառատոնների ու միջոցառումների բացումը: Նաեւ աշակերտների համար դասեր ենք սկսել այդ կինոդահլիճում: Ձեր այս նվերը հասցնում ենք Հայաստանի բոլոր կինեմատոգրաֆիստներին»:

 

Հանձնման պաշտոնական արարողությունից հետո ներկաները վերազինված կինոդահլիճում դիտել են Թերենս Մալիկի «Թաքնված կյանքը» ֆիլմը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին