Մարաղան եւ մարաղեցիները, թերեւս, Արցախի չսպիացող վերքն են։ 1992-ի ապրիլին Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում դաժան ցեղասպանություն վերապրած արցախցիներն այժմ կրկին ու կրկին բռնել են գաղթի ճանապարհը։ Այսօր չկա նաեւ Նոր Մարաղան, որը նրանց համար տուն էր դարձել Արցախյան առաջին պատերազմից հետո։ Այն վերադարձվեց Ադրբեջանին 2020-ի աշնանը Աղդամի եւ դրան հարակից մյուս բնակավայրերի հետ միասին։
Որքան ծանր ու ցավալի է մարաղեցիների անցյալն ու ներկան, այնքան լռեցված ու անարձագանք։ Այսօր՝ սարսափելի կոտորածից 30 տարի անց, փաստում ենք, որ Մարաղայի ողբերգությունն այդպես էլ համապատասխան գնահատականի ու ուշադրության չի արժանացել ոչ միայն միջազգային հանրության շրջանում, այլեւ հենց Հայաստանում։
Ռոմա Կարապետյանը Արցախյան առաջին պատերազմին, այդ թվում՝ 1992-ի ապրիլի 10-ի չարաբաստիկ օրը գլխավորում էր մարաղեցիների ինքնապաշտպանական ջոկատը։ Վերջինիս հետ խոսեցինք Մարաղայի համար ճակատագրական այդ ժամերի՝ առավել քիչ լուսաբանված առանցքային դրվագների մասին։
«Մարաղան ես անվանում եմ հերոսամարտ։ Մեր գյուղի վրա շատ անգամներ են հարձակվել։ Բայց հիմնականը նշում եմ ես երեքը, քանի որ դրանք լայնածավալ էին։
Մեկը՝ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը՝ հենց նույն Խոջալուի գործողության օրը, հետո ապրիլի 10-ին ու մայիսի 11-ին։ Մեր գյուղը սահմանային գյուղ էր։ Մի համայնքի մեջ երկու գյուղ էր՝ Մարաղա եւ Մարգուշեւան։ Մարգուշեւանցիները Միրբաշիրի ռայոնից են եկել 20-րդ դարի սկզբում, իրենք Բեգյումսարով գյուղից են եկել։ 1919-20 թվականների կոտորածների ժամանակ բեգյումսարովցիները տեղահանվում են, դրանք լրիվ գալիս են մեզ մոտ։ Մենք եւ Մարգուշեւանը որպես մի սովխոզ կոչվել ենք Լենինավան։ Բնակչությունը մոտ 5000 էր, քաղաքատիպ ավան էր համարվում։ 2513 բնակիչ եղել են մարաղեցիք, 2500՝ Մարգուշեւանը։ Մարգուշեւանը միշտ Մարաղայից մի 300 բնակիչ պակաս են եղել, բայց Սումգայիթի կոտորածը որ տեղի ունեցավ, էնտեղից 50 ընտանիք տեղավորվեց մեզ մոտ՝ Մարգուշեւանում։
Ամենայուղոտ «թիքյան», դե, սահմանայիններից մեր գյուղն էր․ բնակչությունը՝ մեծ, սահմանին մոտիկ։ Բայց մենք իրանց (ադրբեջանցիներին) լավ ենք կերցրել։ Թեկուզ երկու անգամ գրավել են, բայց մենք նույն օրն էլ ազատագրվել ենք, չենք թողել մեր զորքը նոկաուտի ենթարկվի։ Ապրիլի 10-ի հարձակման ժամանակ էլ մեր պաշտպանության ջոկատը երեք անգամ ադրբեջանցիներին հետ մղեց, չորրորդ անգամ նրանք ներխուժել են գյուղ, իհարկե, սովետական բանակի օգնությամբ։ Մտել են գյուղ, գիշերը արդեն որ օգնություն եմ կանչել, ժամը 11-ից մինչեւ 1-ը ընկած ժամանակահատվածում ազատագրել ենք գյուղը։ Հաջորդ օրը նորից ժողովուրդը գալիս, սկսում է գյուղում ապրելը։
Նման բան ո՞վ կարող էր սպասել… Եթե սպասեինք, ժողովրդին կտեղափոխեինք նախապես։ 51 կորուստ ենք ունեցել՝ խաղաղ բնակիչ, 38 էլ պատանդ են տարել։ Եղել են չորս խումբ հարեւաններով։ Մոտավորապես 17-18 հոգուց բաղկացած խմբեր էին, որոնք գետնափոր են սարքել իրենց համար, մնացել։ Էդ չորս խմբից մեկը՝ 17 հոգի, պատահական ողջ են մնում։ Էն երեքին ադրբեջանցիները բացահայտում են։
38 հոգի գերի են տարել։ Տարբեր ամիսներին տարբեր կերպ փոխանակել ենք, երբ արդեն մենք էլ իրենցից պատանդներ ունեցանք։ 38-ից 14 հոգու ճակատագիրը մինչեւ հիմա անհայտ է։ Համարում ենք մահացած։ Անկարելի է, որ էդքան տարի մարդ նրանց ձեռքին ողջ մնա։ Դրա համար ես էն 51 հոգու հետ միասին հաշվում եմ, որ 65 հոգի ենք զոհ ունեցել բնակիչներից։ Հետ եկածները բոլորն էլ աննորմալ վիճակում են հետ եկել։ Բոլորն էլ մի բան են ասում, ասում են. «Դու ինձանից պահանջում ես պատմեմ, թե ընդեղ ինչ են արել։ Ես ո՞նց պատմեմ։ Պատմելու բա՞ն ա, որ պատմեմ»։ Կանայք, երեխաներ, մեծահասակներ։ Իսկ պաշտպանական ջոկատից 48 հոգի ա զոհվել։
«Գործարքը»
Ապրիլի 10-ին մեր նահանջի պատճառներից մեկն էլ սովետական բանակի՝ ադրբեջանցիներին տեխնիկապես աջակցելն էր։ Ռուսական 16 զրահատեխնիկա էր նրանց աջակցում։ Էն ժամանակվա մեր զենքերի համար դա, իհարկե, մեծ ուժ էր։ Տանկին հակատանկային միջոց ա պետք։ Տանկին չես կարող ավտոմատով խփես։ Գյուղից դուրս չենք եկել, կռվով մետր-մետր ենք նահանջել, գյուղի մի ծայրից մյուս ծայրն ենք նահանջել, բայց գյուղից դուրս չենք եկել։ Եվ նույն գիշեր գյուղը ազատագրել ենք։
Էդ ռուսական տեխնիկան մտավ գյուղ, բայց նույն տեխնիկան չի կռվել մեզ հետ երկար, թողել, գնացել ա։ Կես ժամվա մեջ ճնշում ա գործադրել, մենք նահանջել ենք, թուրքերը մտել են գյուղ, իրենք թողել, գնացել են։ Պարզ երեւում էր, որ ռուսների հետ պայմանավորված գործարք էր դա։ Ասել են. «Մեզ ուղղակի նե՛րս գցեք գյուղ, մնացածի հետ դուք գործ չունեք»։
Մայիսի 11-ին նույն կռիվը, նույն գրաֆիկն ա եղել։ Տարբերությունն այն էր, որ մայիսի 11-ին գյուղում խաղաղ բնակիչ չկար։ Նույն բանը, նույն սցենարով։ Չէ՞ որ ապրիլի 10-ն իրենց համար անհաջող համարվեց, նույն օրը գյուղը ազատագրեցինք։ Բայց մայիսի 11-ին էդ նույն ռուսական տեխնիկան լրիվ մեր ականների վրա պայթել է։ Ավելի պատրաստված էինք։ Ի տարբերություն ապրիլի 10-ի՝ արդեն ականապատված դաշտ ենք ունեցել, ավելի համապատասխան զենքեր ենք ունեցել, արդեն ոչ թե որսորդական, այլ իսկական մարտական զենքերով ենք զինված եղել՝ ավտոմատներով, գնդացիրներով։ Անգամ ԲՄՊ ենք ունեցել, տանկ ենք ունեցել արդեն։ Սկզբնական շրջանում մենք ինքներս ենք հայթայթել, հետո արդեն Հայաստանից էլ են օգնել։ Չեմ կարող ամբողջը ասել, համենայնդեպս, էն ժամանակ հայերը ձգտում ունեին, ամեն մեկը ձգտել ա մի փամփուշտ էլ թեկուզ բերի։ Շատ բաներ կա պատմելու։ Մի ամսվա ընթացքում հասցրել ենք 96 հակատանկային ական տեղավորենք ճանապարհին։ Ում ասում ես, զարմանում ա։ Էն ժամանակ որտեղի՞ց ձեզ հակատանկային մինա։
«Ո՞ր մի Մարաղայից խոսեմ»
Մարդկանց մի մասը վերադարձավ, մի մասը վախեցավ։ Դա նեղանալու չի, բնական է։ Վերջնական դուրս ենք եկել հունիսի 17-ին։ Շահումյանը որ տեղահանվեց, Թալիշով, Չայլուով էին գալիս, մեր մոտով գնում Մարտակերտ, այնուհետեւ՝ Ասկերանով՝ Ստեփանակերտ։ Մարդկանց վրա ազդում ա, խուճապ ա առաջացնում։ Ասում են՝ սրանք գնում են, ես մնում եմ։ Սրանք ինչի՞ց են գնում, ըհը՛, որ չկոտորվեն։ Դե որ նրանք գնում են, ես էլ գնամ։ Էդ հոգեբանությունը կա չէ՞ մարդու մեջ։ Մեր ձախ թեւը Չայլու գյուղն էր։ Չայլուն որ ճնշում են, մերոնք նահանջում են։ Սրանք հարձակվում են Հասանղայի վրա։ Մեր թիկունքի գյուղ էր դա էլ։ Ձախ թեւս չկա, մեջքս չկա, առաջս՝ թշնամին։ Մեզ մնում էր մի ուղղություն, մի տեղ, որ դուրս գանք։ Հո հիմար չե՞նք՝ մնանք շրջափակման մեջ։ 238 հոգանոց ջոկատով կռվեմ ամբողջ Ադրբեջանի դեմ՝ տրամաբանական չի։ Եթե թիկունքիդ գյուղերը չկան, ի՞նչ պիտի անես։ Ստիպված դուրս ենք եկել։

Մարտակերտը մի տարի իրանց ձեռքում էր։ Իսկ 1994 թվի հրադադարով Մարտակերտի 6 գյուղ թողեցին իրենց՝ Մարաղա, Մարգուշեւան, Կարմիրավան, Հասանղա (Հայկաջուր), Մարիլյան, Չայլու (Այգեստան)։ Մենակ էդ 6 գյուղից 10 000-ից ավելի բնակչություն դարձան փախստական:
…Մարաղեցին էլ որտե՞ղ գնա։ Ո՞ր մի Մարաղայից խոսեմ։ Մենք 1828 թվականին Պարսկաստանից տեղահանված ժողովուրդ ենք։ Էդ Մարաղայից էլ տեղահանվեցինք, դարձանք Նոր Մարաղա, հիմա էնտեղից էլ դուրս եկանք։ Ինչի՞ եք տանում մեզ Աղդամի շրջանի գյուղում վերաբնակեցնում, փոխանակ Մարտակերտից մի 200-300 հա հող հատկացնեին։ Հիմա էլ ասում ես՝ սա Աղդամ ա, պիտի դուրս գաք։ Զենքը ձեռքիս, ավտոմատը ձեռքիս՝ ես ինչի՞ պիտի դուրս գամ։ Կռի՞վ եմ տվել, որ դուրս գամ։ Թո՛ղ կռվեմ, պարտվեմ, նո՛ր դուրս գամ։ Շուշին էլ առանց կռվի տվեցին եւ 7 շրջանները։
Իսկ իրենք որ ասում են, թե Խոջալուի համար էինք վրեժ լուծում եւ այլն, դա թատրոն ա։ Բա հիմա ինչի՞ համար են վրեժ լուծում, էլի շարունակել են կոտորել։ Նրանց նպատակն ա, որ հայը չլինի։ Հիմա էլ 7 շրջանները տրված ա, եկել, նստել են Հայաստանի սահմանների բարձունքներին, սպառնում են մեր պետականությանը։ Բա հիմա ինչի՞…»
***
Մարաղայի կոտորածն արցախահայության համար 90-ականների պատերազմի ամենաողբերգական էջն է։ Մինչ օրս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Մարաղա գյուղում 1992թ․-ի ապրիլի 10-ին ադրբեջանական բանակի զինված հարձակմանը հաջորդել է դաժան սպանդը, որին զոհ են գնացել գյուղից փախչել չհասցրած շուրջ հինգ տասնյակ խաղաղ բնակիչ, գերի են տարվել 38-ը։
Սպանվածներից 30-ը կանայք էին։ Ըստ Helsinki Watch իրավապաշտպան կազմակերպության տվյալների՝ գերեվարվածների թվում եղել է 18 կին, 9 երեխա, 3 տարեց եւ մեկ կույր։
Մարաղայի կոտորածի մասին «Սովորական ցեղասպանություն. Մարաղա. 10 ապրիլի 1992» փաստավավերագրական ֆիլմում Մարաղայի նախկին բնակիչներից Կարինե Պողոսյանը, ով ադրբեջանական գերության մեջ էր հայտնվել իր երկու մանկահասակ երեխաների հետ, այսպես է հիշում այդ դժոխային օրը․
«Նրանք ասում էին. «Ձեզ պետք է մինչեւ վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պետք է ոչնչանաք, ոչ թե տեղափոխվեք, եւ այստեղ կապրենք մենք»։ Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին. «Դուք հարամ եք, դուք հայ եք, դուք կեղտոտ եք»:

Կարինեին ու նրա որդուն փոխանակելուց հետո տեւական ժամանակ անհետ կորածների ցուցակում էր նրա դուստրը, որին մեկուկես ամիս անց հայտնաբերել են մանկատներից մեկում։ Երեխայի վերադարձի գործընթացը ձգվել է մինչեւ 1 տարի 7 ամիս, երբ երեխան արդեն 3 տարեկան էր։
«Դայակն ինձ մեղադրում էր, թե թողել եմ նրան, երեւի կարծում էր՝ ես եմ հանձնել մանկատուն։ Իսկ այդ պահին ես ոչինչ չէի զգում։ Մտածում էի՝ ընդամենը հաշված րոպեներ են, վերցնելու եմ երեխային ու հեռանամ: Բայց երեխան չէր ուզում ինձ մոտենալ, կպած էր նրան, նույնիսկ լացեց նրա հետեւից։ Երեխան ընդհանրապես չէր խոսում, իսկ մի քանի օր անց սկսեց ադրբեջաներեն բառեր ասել: Հետագայում արդեն կամաց-կամաց հարմարվեց։ Բայց վախեցած էր. հենց զինվոր կամ մեքենա էր տեսնում, գոռում էր», - հիշում է Կարինե Պողոսյանը։
Կարինեի հարազատ քույրը՝ Զարինե Պողոսյանը, գերությունից վերադարձել է մեկ շաբաթ անց եւ որոշ ժամանակ անց մահացել Մարտակերտի հոսպիտալում։ Զարինեն եւ նրա հայրը, ով եկել էր աղջկա եւ թոռների փոխանակման համար, հետդարձի ճանապարհին ծանր վիրավորվել են ադրբեջանցիների կողմից տեղադրած ականների պայթյունից։ Ընտանիքի մայրը՝ Սվետա Պողոսյանը պատմել է, որ աղջկան կտրող-ծակող գործիքով վնասվածք էին հասցրել վզի շրջանում, ինչպես նաեւ ծխախոտով այրել կուրծքը, պատռելով ականջի բլթակները՝ խլել ոսկյա ականջօղերը։ Զարինե Պողոսյանը մահացել է որովայնի շրջանում ծանր վնասվածքից։
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ եւ նախկին փոխխոսնակ, իրավապաշտպան բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը գյուղ էր այցելել ապրիլի 11-ին, հետագայում իր հարցազրույցներից մեկում այսպես է հիշել Մարաղան․
«...Երբ մենք գնացինք, այնտեղ տեսանք բնակիչների կտրած գլուխներ։ Ես այդ ամենը տեսել եմ իմ աչքերով, մարդկանց մարմինների կտրատված մասեր՝ թափված գետնին։ Նրանք նույնիսկ կենդանի մարդկանց են վառել։ Ես տեսել եմ վառված կնոջ մարմնի մասունքներ։ Այնուհետեւ նրանք զբաղվել են դիակապտությամբ, ինչից հետո թալանել են տներն ու վառել։

Լուսանկարը` Alvina Baghdasaryan, a teacher from Maragha killed in captivity in Azerbaijan
...Ադրբեջանցիների հարձակումները խիստ տարբերվում էին հայերի հարձակողական մարտերից։ Ես գիտեմ դա, քանի որ այստեղ եմ եղել պատերազմի ժամանակ։ Երբ հայերը ստիպված էին հարձակվել գյուղի վրա, որտեղ ադրբեջանցիներ էին ապրում, նրանք անում էին հնարավոր ամենը, որ նախապես զգուշացնեն բնակիչներին եւ նախապես տարհանվելու հնարավորություն տան, որ խաղաղ բնակչության շրջանում կորուստները լինեն նվազագույն։
Այդպես են վարվել Մոնթե Մելքոնյանն ու մյուսները։ Քելբաջարի գործողության ժամանակ, մինչ այնտեղ մտնելը, հայերը բարձրախոսներով զգուշացրեցին բնակչությանը, որ նրանք կարող են դուրս գալ եւ այդկերպ փրկվել։ Իսկ երբ ադրբեջանցիներն էին պաշարում գյուղը, չէին զգուշացնում այդ մասին եւ սպանում էին իրենց ճանապարհին հանդիպած յուրաքանչյուրին՝ առանց բացառության, եւ դա անում էին ամենադաժան կերպով»։
Ըստ բարոնուհու՝ այդ ժամանակ Մարաղայում բավականաչափ անվտանգ չէր, որպեսզի իր հետ միասին դեպքի վայր բերվեին նաեւ արտասահմանյան լրագրողներ։ Քոքսը նաեւ նշել էր, որ բրիտանական հայտնի լրատվամիջոցը նախ խոստացել է իրեն հրապարակել Մարաղայի ողբերգության մասին նյութը, սակայն ավելի ուշ հրաժարվել է անել դա։
««Դեյլի Թելեգրաֆը» պայմանավորվեց ինձ հետ բացառիկ ռեպորտաժի մասին՝ իր էջերում օգտագործելով ֆոտոնյութերը, ուստի ես չդիմեցի այլ թերթերի։ Ժամանակ անցավ, բայց հրապարակում այդպես էլ չեղավ։ Ես զանգահարեցի գլխավոր խմբագրին, բայց նա ասաց, որ որոշել է չտպագրել նյութը։ «Բայց Դուք մի քանի շաբաթ առաջ հրապարակել էիք ռեպորտաժ Խոջալուի դեպքերի մասին, ինչո՞ւ չեք ուզում ճշմարտությունը տպագրել Մարաղայի մասին»,- հարցրեցի ես։ Նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ մենք պետք է զբաղվենք ողբերգությունների առեւտրով՝ պահելով հավասարակշռությունը»։ Եվ կախեց լսափողը»։
***
Ըստ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի, ցեղասպանություն նշանակում է հետեւյալ գործողություններից ցանկացածը՝ կատարված ազգային, էթնիկական, ցեղական կամ կրոնական որեւէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ.
(ա) այդ խմբի անդամների սպանությունը,
(բ) այդ խմբի անդամներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս պատճառելը,
(գ) որեւէ խմբի համար կյանքի այնպիսի պայմանների միտումնավոր ստեղծումը, որոնք ուղղված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը,
(դ) այդ խմբի միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցների իրականացումը,
(ե) երեխաների բռնի փոխանցումը մարդկային մի խմբից մյուսին։
Ըստ նույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի՝ պատժելի են հետեւյալ արարքները՝
(ա) ցեղասպանությունը,
(բ) ցեղասպանություն կատարելու նպատակով դավադրությունը,
(գ) ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը,
(դ) ցեղասպանություն կատարելու փորձը,
(ե) հանցակցությունը ցեղասպանության կատարման մեջ։
Կոնվենցիայի 4-րդ հոդվածը նաեւ շեշտում է, որ վերնշյալ հանցագործությունները կատարած անձինք ենթակա են պատժի, անկախ նրանից, թե սահմանադրությամբ պատասխանատու ղեկավարներ են, թե պաշտոնատար կամ մասնավոր անձինք։
Սոֆիա Հակոբյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: