Տավուշի եւ Լոռու DMO-ները վերհանում են մարզերի զբոսաշրջային ներուժը - Mediamax.am

exclusive
4441 դիտում

Տավուշի եւ Լոռու DMO-ները վերհանում են մարզերի զբոսաշրջային ներուժը


Հովհաննես Կանդիլջյանը
Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Կանդիլջյանը
Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Կանդիլջյանը
Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Կանդիլջյանը
Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


DMO-ները՝ զբոսաշրջային ուղղությունների կառավարման կազմակերպությունները, գործում են ամբողջ աշխարհում եւ այժմ ստեղծվել են նաեւ Հայաստանում՝ մարզային մակարդակով զբոսաշրջության զարգացումը խթանելու համար:

 

Թիրախավորելով Հայաստանի երեք հյուսիսային մարզերը՝ ԵՄ Բիզնեսի համար «Նորարարական տուրիզմ եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագիծը աջակցում է զբոսաշրջության ոլորտի զարգացմանը եւ, ի թիվս այլ նախաձեռնությունների, համագործակցում է Տավուշի եւ Լոռու DMO-ների հետ:

 

EU4Bussines ITTD ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:

 

ITTD-ի զբոսաշրջության բաղադրիչի խորհրդական Հովհաննես Կանդիլջյանը Մեդիամաքսին պատմել է DMO-ի դերի եւ գործառույթների, Տավուշի եւ Լոռու DMO-ների ընթացիկ աշխատանքի եւ աջակցության հետագա կարիքների մասին:

 

Ի՞նչ է DMO-ն

 

«DMO-ի նշանակությունը հասկանալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրա հապավմանը: Այն նշանակում է Destination Management Organization: Անգլերենից թարգմանաբար՝ զբոսաշրջային ուղղության (կամ նպատակակետի) կառավարման կազմակերպություն: Ընդունեք այն որպես համակարգող մարմին, որը համախմբում է զբոսաշրջության ոլորտի շահագրգիռ կողմերին որոշակի սահմանված աշխարհագրական տարածաշրջանում, օրինակ, մարզում կամ մեկ եւ ավել համայնքներում: Հարթակ, որը խրախուսում եւ դյուրացնում է մասնավոր եւ պետական հատվածի համապատասխան կազմակերպությունների, գիտաուսումնական հաստատությունների, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության միջեւ համագործակցությունը: Եթե ընդհանրացնենք ակադեմիական եւ ՄԱԿԶՀԿ (UNWTO)-ի կողմից տրված սահմանումները՝ DMO-ն կազմակերպություն է, որը ընդհանուր ռազմավարության ներքո տարածաշրջանում համակարգում է զբոսաշրջային փորձառությունները, հմտությունները, ենթակառուցվածքները եւ մասնագետներին՝ միասնական նպատակին հասնելու համար:

 

DMO-ներին անդամակցության հիմքերը կարող են տարբեր լինել: Մեր դեպքում, օրինակ, Տավուշի DMO-ն ավելի շատ ուղղված է պետական հատվածին, քանի որ խորհրդի անդամները համայնքապետարանների ներկայացուցիչներն են, իսկ Լոռու DMO-ի դեպքում գերակշռում են մասնավոր հատվածի կազմակերպությունները:

 

Մենք դիտարկում ենք DMO-ները որպես կազմակերպություններ, որոնք իրականացնում են մի շարք սահմանված գործառույթներ, այդ թվում նաեւ համակարգում են զբոսաշրջության շահագրգիռ կողմերին որոշակի տարածաշրջանում կամ, ինչպես կարող ենք նաեւ ասել, զբոսաշրջային ուղղությունում»:

 

Հովհաննեսը նշում է,որ DMO-ի հիմնական գործառույթները ներառում են նաեւ զբոսաշրջության զարգացման հայեցակարգի կամ ռազմավարության, ինչպես նաեւ մարքեթինգային ծրագրերի մշակումը կամ այդ գործընթացների իրականացմանն օժանդակումը, ինչպես նաեւ հավաքագրված ու ձեռքբերված տվյալների վերլուծությունների եւ ուսումնասիրությունների իրականացումը՝ միտված կայացնելու որոշումներ, որոնք հիմնված են լինելու հենց այդ ուսումնասիրությունների վրա:

Հովհաննես Կանդիլջյանը Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

DMO-ն նաեւ համախմբում է բոլոր շահագրգիռ կողմերին՝ կենտրոնանալու միասնական նպատակի, ընդհանուր զբոսաշրջային ուղղության զարգացման եւ շուկայում այն դիրքավորելու շուրջ՝ ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի եւ տեղի բնակչության: Մեկ այլ հիմնական գործառույթներից է որակի ապահովումը: DMO-ն մշտապես ձգտում է բարելավել զբոսաշրջային ուղղությունում մատուցվող ծառայությունների եւ մատակարարվող ապրանքների որակը՝ գնահատելով համապատասխան կարիքները, տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն եւ, հնարավորության դեպքում, կիրառելով ու կառավարելով որակի որոշակի ստանդարտի համակարգեր:

 

ITTD նախագծի եւ DMO-ների համագործակցությունը

 

«Մեր ծրագրի շրջանակներում Տավուշի եւ Լոռու DMO-ներին տրամադրվող աջակցությունը նպատակ ունի օժանդակել վերջիններիս իրենց կազմակերպչական զարգացման գործում: Մենք աջակցում ենք հոգալ գրասենյակի եւ աշխատակազմի ծախսերը, ինչպես նաեւ կարողությունների զարգացմանն ու հնարավոր անդամների շրջանակում այս կազմակերպությունների խթանմանն առնչվող միջոցառումները: Մենք հրավիրում ենք տեղական ու միջազգային փորձագետների՝ կազմակերպությունների հետագա զարգացմանն ու կայունությանը միտված տարբեր դասընթացներ եւ քննարկումներ անցկացնելու համար:

 

Մեր աջակցության հիմնական առանձնահատկություններից է նաեւ DMO-ների կարողությունների բարձրացումը, որպեսզի կարողանան լրացուցիչ միջոցներ հայթայթել՝ մեր ծրագրի ավարտից հետո ինքնուրույն եւ ինքնաբավ դառնալու համար»:

 

DMO-ների ստեղծման պատմությունը

 

«Լոռու DMO-ն հիմնադրվել է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան» ծրագրի աջակցությամբ 2020 թվականին: Ծրագրի ավարտի ժամկետին մոտ DMO-ի ապագան հստակ չէր, եւ մենք որոշեցինք աջակցել իրենց: Այժմ աշխատում ենք DMO-ի թիմի հետ, որպեսզի անկախ մեր աջակցությունից՝ կազմակերպությունը հետագայում կարողանա ինքնուրույն գործել:

 

Տավուշի DMO-ն ստեղծվել է շատ ավելի վաղ՝ 2013 թվականին, GIZ-ի կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ։ Կազմակերպությունը հիմնադրվել է նաեւ Գերմանիայի Բավարիա երկրամասի Ռեգեն շրջանի հետ սերտ համագործակցությամբ: Անցած տարիների ընթացքում եղել են մշտական երկկողմանի այցելություններ եւ դասընթացներ:

Հովհաննես Կանդիլջյանը Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կատարված աշխատանքը շարունակելու համար նախատեսում ենք շուտով հրավիրել միջազգային փորձագետի, ով աշխարհի տարբեր երկրներում DMO-ների հետ աշխատելու մեծ փորձ ունի: Նա կանցկացնի DMO-ի զարգացման վերաբերյալ դասընթացներ, որոնք կանդրադառնան կազմակերպությունների հստակ կարիքներին եւ կներառեն այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մարքեթինգը, ռազմավարության մշակումը եւ այլն»:

 

DMO-ների վերջնական նպատակը

 

Ապահովել կապեր եւ օժանդակել ոլորտի համակարգմանը: Եթե դուք օգտագործեիք Տավուշի DMO տերմինը, դա, հավանաբար, շատերին ոչինչ չի ասի, բայց եթե օգտագործեք Visit Tavush (Այցելեք Տավուշ), այն վստահաբար որոշակի ասոցիացիաներ կառաջացնի: Ըստ էության, «Visit Tavush» հայեցակարգը մշակվել է հենց Տավուշի DMO-ի կողմից: Այդ օրինակը բավական հստակ ցույց է տալիս, թե ինչ է անում DMO-ն:

 

Այս կազմակերպությունների մատուցած ամենակարեւոր արդյունքը նրանց արդեն ստեղծած եւ հետագա զարգացնելու ցանցն է, որը ներառում է տարածաշրջանի զբոսաշրջության բոլոր շահագրգիռ կողմերին եւ հարթակ է ապահովում շարունակական համագործակցության համար: Կառուցելով նման ցանց՝ շահագրգիռ կողմերը կարիք չեն ունենում փորձել ինքնուրույն լուծել իրենց բոլոր խնդիրները, այլ համաձայնեցնում են դրանք այլ շահագրգիռ կողմերի հետ, ինչպես նաեւ պետական-մասնավոր հատվածների համագործակցության շրջանակում։

Հովհաննես Կանդիլջյանը Հովհաննես Կանդիլջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

DMO-ի աշխատանքը նաեւ նպաստում է զբոսաշրջության ուղղության ճանաչելիության բարձրացմանը՝ լինի դա մարզ, քաղաք կամ գյուղ: Իրականացնելով մանրամասն ուսումնասիրություններ՝ նրանք օգնում են հասկանալ զբոսաշրջային ներուժը եւ ինչպես օգտագործել այն: Եթե չլիներ DMO-ն, այս աշխատանքը կատարելու համար շատ այլընտրանքներ չէին լինի, հատկապես, երբ հաճախ պետական գործակալությունները դեռեւս չունեն բավարար մարդկային եւ ֆինանսական ռեսուրսներ սա իրականացնելու համար:

 

Կարծում ենք, որ ժամանակի ընթացքում DMO-ների կարեւոր դերը զբոսաշրջության ոլորտը համակարգելու հարցում կընդունվի եւ դրանց նշանակությունը զբոսաշրջային ուղղությունների զարգացման համար աստիճանաբար ավելի ակնհայտ կդառնա»:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին