Ռուբեն Վարդանյան․«Հարցը շատ պարզ է. մեզ համար կարեւո՞ր է հայ լինելը» - Mediamax.am

6464 դիտում

Ռուբեն Վարդանյան․«Հարցը շատ պարզ է. մեզ համար կարեւո՞ր է հայ լինելը»


Լուսանկարը`


Սոցիալական ներդրող եւ ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը կարծում է, որ բոլորս պետք է պատասխանենք պարզ հարցին. մեզ համար կարեւո՞ր է հայ լինելը:

 

«Եթե կարեւոր է, ապա որքա՞ն: Ի՞նչ են պատրաստ մարդիկ զոհաբերել հանուն հայ լինելու, կարո՞ղ են իրենց կյանքը տալ հայրենիքի համար», - ասել է Ռուբեն Վարդանյանը՝ հյուրընկալվելով Rearrange with Narek Amirkhanyan պոդքասթին:

 

«Տարիներ առաջ ես ինձ հարց տվեցի՝ ինձ համար կարեւո՞ր է իմ հայ լինելը, թե՝ ոչ։ Պատասխանեցի, որ կարեւոր է։ Ի՞նչ է սա նշանակում՝ պետք է հպարտանա՞մ, որ պապս կամ հայրս հա՞յ են եղել, թե՞ հայկական պար լավ պարեմ՝ ո՞րն է չափանիշը, որն ինձ հուշում է, որ ես հայ եմ։ Սա դժվար հարց է։

 

Կարծում եմ, ամենաուժեղ սերն այն է, երբ պատրաստ եմ ուրիշ մարդու, ընտանիքիդ, հայրենիքիդ համար կյանքդ տալ։ Եթե պատրաստ չես, չի նշանակում, որ չես սիրում, բայց սիրո բարձրագույն չափանիշը դա է։ Ես վաղուց որոշել եմ, որ ինձ համար կարեւոր է իմ հայ լինելը»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

 

Նա նշել է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունը մեզ տվել է փոփոխությունների հնարավորություն, քանի որ փոփոխություններն անհամեմատ ավելի հեշտ է իրագործել ճգնաժամների ժամանակ եւ ավելի դժվար, երբ ամեն ինչ կարգին է։

 

«Այդ պատճառով առաջին պատերազմում տարած հաղթանակը մեզ ծուղակը գցեց։ Ասում էինք՝ «հաղթել ենք» ու ոչինչ չէինք անում: Բայց եթե այսօր, պարտությունից հետո էլ դաս չենք քաղում, չենք հասկանում՝ ինչ անենք, որ ուժեղանանք… Այս հարցը կանգնած է մեր բոլորի առջեւ»,- ասել է նա։

 

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ 2020թ. պատերազմից հետո իր համար ընտրությունը շատ պարզ է եղել:

 

«Կամ պետք է դուրս գայի իմ «հարմարավետության գոտուց» եւ փորձեի անել այնպես, որ իրավիճակը փոխվի, որ նորից ուժեղանանք: Կամ էլ պետք է ասեի, որ ծագումով հայ գործարար եմ, բայց` «աշխարհի մարդ», ով հիշում է իր հայկական արմատները, բայց դրանով ամեն ինչ ավարտվում է», - նկատել է նա՝ նշելով, որ ընտրել է առաջին տարբերակը:

 

«Ձեզ համար կարեւո՞ր է, թե ձեր երեխան ինչ հայ է լինելու, ի՞նչ միջավայրում է ապրելու, ո՞ւմ հետ է շփվելու։ Որոշումը պետք է հիմա կայացնենք», - շեշտել է Ռուբեն Վարդանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին