Artbox ինկուբատորը կսովորեցնի միավորել բիզնեսն ու արվեստը - Mediamax.am

exclusive
2405 դիտում

Artbox ինկուբատորը կսովորեցնի միավորել բիզնեսն ու արվեստը


Անուշ Տեր-Խաչատրյանը
Անուշ Տեր-Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Անուշ Տեր-Խաչատրյանը
Անուշ Տեր-Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիլհելմ Հուգոն
Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Creative Armenia

Լուսանկարը` Creative Armenia

Աննա Զաքարյանը
Աննա Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աննա Զաքարյանը
Աննա Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Արվեստագետը պետք է զբաղվի միայն ստեղծագործ աշխատանքով, որեւէ կապ չունենա նյութական այնպիսի երեւույթների հետ, ինչպիսին են վաճառքը, շահույթն ու առհասարակ՝ արվեստը եւ բիզնեսը ոչ միայն համադրելի չեն, այլեւ հակասում են իրար: Տարիների ընթացքում ձեւավորված ու ամրացած այս կարծրատիպը ժամանակակից աշխարհում կոտրվում է:

 

Այսօր հաջողված արվեստագետ լինելու համար բավարար չէ միայն տաղանդավոր ու ստեղծագործ լինել, պետք է կարողանաս ճիշտ ներկայացնել գաղափարդ ու վաճառել այն: Իր ստեղծագործության, նախագծի շնորհիվ արվեստագետը պետք է կարողանա եկամուտ ստանալ եւ՝ լուծելով նյութական խնդիրը, իրեն լիովին նվիրի ստեղծագործելուն:

Լուսանկարը` Creative Armenia

Banners

Լուսանկարը՝ Creative Armenia

 

Հենց այս նպատակների իրականացման համար Creative Armenia մշակութային հիմնադրամը ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ մշակել է Artbox ստեղծագործական ինկուբատորը, որն աջակցելու է արվեստի ոլորտի՝ պոտենցիալ շահութաբերություն ունեցող նախագծերին, որոնք երկարաժամկետ հեռանկարում կարող են հետաքրքրել ներդրողներին:

 

Այլ կերպ ասած՝ դուք ձեր գաղափարով կամ նախագծով մասնակցության հայտ եք ներկայացնում Artbox-ին ու արդյունքում լավագույն մասնագետների, մենտորների օգնությամբ, դրա շուրջ ձեւավորում եք ամբողջական փաթեթ՝ մարքեթինգային ռազմավարությամբ, նախագիծը ներդրողներին ճիշտ մատուցելու մոդելներով:  

Անուշ Տեր-Խաչատրյանը Անուշ Տեր-Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Creative Armenia հիմնադրամը գործում է 2017թ.-ից ու մեր առաքելությունն է հայ արվեստագետներին՝ ոչ միայն Հայաստանից, այլեւ ամբողջ աշխարհից, կապել իրար ու գեներացնել ապագայի արվեստ», - ներկայացնում է Creative Armenia մշակութային հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անուշ Տեր-Խաչատրյանը:

 

«Արվեստում առանց նորարարության այլեւս հնարավոր չէ: Մենք միշտ ցանկացել ենք, որ արվեստագետները, հատկապես Հայաստանում, հասկանան՝ արվեստը բիզնեսից, եկամտից ու հաջողությունից առանձին չէ: Դու կարող ես արվեստի տեսանկյունից արժեքավոր որեւէ բան ստեղծել, բայց ստեղծագործությունդ կարող է նաեւ եկամուտ բերել քեզ, նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանն ու դառնալ դրա բաղադրիչներից մեկը»:  

 

Անուշ Տեր-Խաչատրյանի խոսքով՝ Artbox ստեղծագործական ինկուբատորը հենց այս գաղափարների արտացոլումն ու հիմնադրամի նախկին ծրագրերի տրամաբանական շարունակությունն է:

 

«Այս պահին ունենք 6 հիմնական ծրագիր, որոնցով տարբեր կերպ փորձում ենք աջակցել արվեստագետներին: Ֆինանսականից բացի, միշտ կարեւորել ենք մասնագիտական աջակցությունն արվեստագետին: Մենք փորձում ենք զարգացնել, նոր հնարավորություններ տալ այդ մարդկանց՝ նրանց կապելով իրենց ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների հետ, կազմակերպելով դասեր: Մեր ծրագրերի շրջանակներում հայ արվեստագետներին ծանոթացնում ենք Գրեմիի, Օսկարի դափնեկիրների, Պուլիտցերյան մրցանակ ստացած հեղինակների հետ: Ունենք ծրագրեր, որոնք արվեստագետներին կապում են իրենց հետաքրքրող միջազգային հարթակների հետ: Artbox-ը հենց այս ծրագրերի տրամաբանական շարունակությունն էր՝ ավելի ծավալուն, ընդգրկուն, բազմապրոֆիլ», - ասում է Անուշ Տեր-Խաչատրյանը:

 

Ստեղծագործական ինկուբատոր ունենալու գաղափարի վրա Creative Armenia-ում սկսել են աշխատել տարիներ առաջ, արվել են պիլոտային քայլեր:

Անուշ Տեր-Խաչատրյանը Անուշ Տեր-Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Artbox-ի գաղափարը մեզ համար միշտ կարեւոր է եղել, որովհետեւ ունեցել ենք տեսլական, որ արվեստը մի օր պետք է դառնա տնտեսության խթաններից, առաջ մղող ուժերից մեկը: Artbox-ն իրականացնում ենք ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ, եւ այն պետք է նպաստի հայ արվեստագետների նախագծերի զարգացմանն ու դրանով՝ ՀՀ հյուսիսային շրջանների զարգացմանը: Հետագայում Artbox-ը չի սահմանափակվելու Հայաստանով: Սա ապագայի համար ավելի մեծ մոդել է, թվային պլատֆորմ: Ուսումնասիրել ենք այս ոլորտում Հայաստանում ու աշխարհում եղած փորձն ու եկել եզրակացության, որ ստեղծարար, սոցիալական, բիզնես, տեխնոլոգիական ինկուբատորները հիմնականում առերես են իրականացվում, ինչը հասկանալի է, բայց, կարծում ենք, եւ մեր օրերը ցույց են տալիս՝ ապագան նաեւ թվային հարթակներում է: Այս առումով տեղանքն այլեւս սահմանափակում չէ, ու ՀՀ մարզերից կամ արտերկրից հայ արվեստագետների համար եւս հարթակը հասանելի կլինի», - ասում է Անուշ Տեր-Խաչատրյանը:

Աննա Զաքարյանը Աննա Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Artbox-ը յուրահատուկ ծրագիր է, որն աջակցում է արվեստագետներին՝ սովորեցնելով կառուցել իրենց նախագծերի շուրջ ճիշտ փաթեթ, եւ հետագայում այն օգտագործել ներդրողներին ներկայացնելու, ֆինանսավորում գտնելու համար», - նշում է Artbox ծրագրի համակարգող Աննա Զաքարյանը:

 

«Մենք նպաստում ենք Հայաստանում նորարարական տուրիզմի ոլորտի զարգացմանը», - նշում է ԳՄՀԸ «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար (ITTD)» ծրագրի թիմի ղեկավար Վիլհելմ Հուգոն:  «Աջակցելով արվեստին, մշակույթին, ստեղծագործական ոլորտին, մենք օգնում ենք ձեւավորել ոգեշնչող եւ գրավիչ միջավայր զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում»:

Վիլհելմ Հուգոն Վիլհելմ Հուգոն

Լուսանկարը` Creative Armenia

Նոյեմբերի 23-ից հունվարի 21-ը տարբեր ոլորտների արվեստագետներ կարող են ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնել, որից հետո ընտրվելու են լավագույն նախագծերն ու սկսվելու է բուն աշխատանքը.

 

«Դիմել կարող են ինչպես անհատ արվեստագետներ, այնպես էլ՝ ստեղծագործական թիմեր: Արդյունքում ընտրվելու է 25 նախագիծ: Ինկուբացիոն շրջանը սկսվելու է 2022թ. մարտի 14-ին եւ տեւելու է 12 շաբաթ: Սա ենթադրում է ինտենսիվ աշխատանք արտերկրից տարբեր ուղղությունների, հիմնականում՝ բիզնես ոլորտի բարձրակարգ մասնագետներ հետ: Մշակվելու է նախագծի մարքեթինգային ռազմավարությունը: Այս շրջանի վերջում լինելու է մեծ «pitching» միջոցառում, որի ընթացքում արդեն մշակված 25 նախագծերը ներկայացվելու են ներդրողներին: Ֆինանսավորման համար դրանցից 7 նախագիծ է ընտրվելու: Բացի այդ, մեր հիմնադրամը փորձելու է աջակցել մյուս նախագծերին, որպեսզի դրանք եւս ներկայացվեն այլ տեղերում ու ֆինանսավորում ստանալու հնարավորություն ունենան», - ասում է Աննա Զաքարյանը:

 

Նա ընդգծում է՝ այսօր շատ արվեստագետներ, ցավոք, հնարավորություն չունեն ստանալ նաեւ «art management»-ի կրթություն ու սովորաբար չեն տիրապետում այն գործիքներին ու հնարավորություններին, որոնցով կկարողանան գրավել ու իրենց գաղափարը ճիշտ ներկայացնել ներդրողներին:

 

«Artbox-ն անելու ամենակարեւոր նպատակն է, որ արվեստագետն ունենա այս հնարավորությունը, ձեռք բերի հմտություններ ու կարողանա իր գաղափարը ճիշտ ձեւավորելով՝ այն նաեւ բիզնես պրոդուկտ դարձնել: Երբ ասում ենք, որ մեր մենտորները հիմնականում բիզնես ոլորտի մասնագետներ են լինելու, մարդիկ հարցնում են՝ «բիզնեսն ու արվեստն ի՞նչ կապ ունեն»: Իրականում՝ անմիջական կապ կա եւ մենք դա ցույց կտանք, կբացատրենք ու կապացուցենք: Արվեստագետները չպետք է վախենան, խուսափեն բիզնես ոլորտից, որովհետեւ սա շատ կարեւոր է», -ասում է Աննա Զաքարյանը:  

 

Artbox ստեղծագործական ինկուբատորը չունի ոլորտային կամ տարիքային սահմանափակում:

 

«Արվեստի հնարավոր բոլոր ոլորտի ու դրսեւորումների ներկայացուցիչները կարող են դիմել մեզ: Տարիքային սահմանափակում եւս չունենք: Շատ անգամ արվեստագետներ մտածում են՝ «ես ուսանող եմ, 20 տարեկան եմ, ունեմ գաղափար, բայց ինչպե՞ս կարող եմ մրցել 30-ն անց, 40 տարեկան, փորձ ունեցող արվեստագետի հետ. լավ, երեւի չեմ էլ ընտրվի, իմաստ չկա դիմելու»: Այդպես չէ: Մենք չենք նայում մարդու տարիքին, նույնիսկ՝ փորձառությանը, որովհետեւ գաղափարը վեր է փորձառությունից, այն բնատուր է: Փորձն ավելի շատ պետք է գաղափարդ ճիշտ ներկայացնելու համար, իսկ ստեղծագործ միտք կարող է ծնվել թե՛ 18 տարեկանում, թե՛ 45-ում», - ասում է Աննա Զաքարյանը:

Աննա Զաքարյանը Աննա Զաքարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հիմնադրամը որոշակի նախընտրություններ ունի նախագծերի հետ կապված, սակայն դրանց համապատասխանելը պարտադիր չէ:

 

«Մեր ցանկություններից մեկն այն է, որ ներկայացվող նախագիծն իսկապես ունենա պոտենցիալ շահութաբերություն եւ այդպիսով՝ ներդրողին հետաքրքրելու հնարավորություն: Երկրորդ՝ ցանկալի կլինի, որ ծրագիրը հնարավոր լինի իրականացնել Հայաստանի հյուսիսային շրջաններում, որովհետեւ այստեղ շատ հետաքրքիր, մեծ պոտենցիալով արվեստագետներ ունենք: Երրորդ ցանկությունը, որ ծրագիրն ունենա Հայաստանում մշակութային զբոսաշրջությունը զարգացնելու պոտենցիալ: Ինչպես արդեն նշվեց, Artbox-ն իրականացնում ենք ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համաֆինանսավորմամբ եւ այս առումով մեր նպատակները համընկնում են», - ասում է Աննա Զաքարյանը:

 

Artbox ստեղծագործական ինկուբատորին մասնակցելու հայտ հնարավոր է ներկայացնել www.artboxarmenia.com կայքի միջոցով՝ մինչեւ 2022թ. հունվարի 21-ը:

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին