Երեւան: Մեդիամաքս: Այսօր ավարտվել է ներմուծված մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումներին աջակցելու նպատակով ՀՀ քաղաքացիներին բյուջետային արտոնյալ վարկերի տրամադրման գործընթացը:
Ինչպես Մեդիամաքսին հայտնել են ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, ծրագրի շրջանակներում ՀՀ 1516 քաղաքացիների տրամադրվել են բյուջետային վարկեր: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարկային պայմանագրեր են կնքվել Երեւան քաղաքի 150 բնակիչների հետ, 606 վարկ է տրամադրվել Լոռիում, 375` Տավուշի, 304` Շիրակի մարզերում: Համապատասխանաբար, 30, 28 եւ 23 վարկեր են տրամադրվել Արագածոտնի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերի բնակիչներին:
Ծրագրի իրականացման համար պետբյուջեից նախատեսված 1 մլրդ դրամից հատկացվել է շուրջ 935 մլն դրամ: Քաղաքացիներին վարկերը տրամադրվել են անտոկոս, վեցամսյա վերադարձման ժամկետով: