Փարաջանովի «Սայաթ-Նովան» («Նռան գույնը»)` վերադարձ 1968 թվական - Mediamax.am

7254 դիտում

Փարաջանովի «Սայաթ-Նովան» («Նռան գույնը»)` վերադարձ 1968 թվական


Դրվագ ֆիլմից
Դրվագ ֆիլմից
Սերգեյ Փարաջանովը
Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Դրվագ ֆիլմից
Դրվագ ֆիլմից
Սոֆիկո Ճիաուրելին եւ Սերգեյ Փարաջանովը
Սոֆիկո Ճիաուրելին եւ Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` Անդրանիկ Քոչար

Սերգեյ Փարաջանովը եւ Վիլեն Գալստյանը
Սերգեյ Փարաջանովը եւ Վիլեն Գալստյանը

Լուսանկարը` «Սովետական արվեստ» ամսագիր

Վիլեն Գալստյանը եւ Սոֆիկո Ճիաուրելին
Վիլեն Գալստյանը եւ Սոֆիկո Ճիաուրելին

Լուսանկարը` «Սովետական արվեստ» ամսագիր

«Սովետական արվեստ» ամսագրի շապիկը
«Սովետական արվեստ» ամսագրի շապիկը

Ձեզ ենք ներկայացնում «Սովետական արվեստ» ամսագրի 1968 թվականի թիվ 1-ում հրապարակված Գեւորգ Ալագյոզյանի հոդվածը «Սայաթ-Նովա» ֆիլմի նկարահանման մեկ օրվա մասին:

 

Գրաքննության ճնշման պատճառով Փարաջանովը ստիպված էր վերամոնտաժել ֆիլմը եւ փոխել անվանումը՝ էկրաններին այն հայտնվեց որպես  «Նռան գույնը»: Վերջնական տարբերակը, որը պետք է ցուցադրվեր ամբողջ ԽՍՀՄ տարածքում, եւս մեկ անգամ վերամոնտաժվեց՝ այս անգամ ռեժիսոր Սերգեյ Յուտկեւիչի կողմից:

 

Գնում ենք Հաղպատ, ուր նկարահանվում է «Սայաթ-Նովան»: Գնում ենք սպասումներով, անակնկալի զգացումով, որը հատկապես ուժեղացել է Սարգիս Փարաջանյանի վերջին աշխատանքը՝ ութ րոպեանոց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը տեսնելուց հետո: Ամբողջ ճանապարհին այդ ֆիլմի տպավորության տակ ենք, ֆիլմ, որը զարմանալի խտացրած միջոցներով ներկայացնում է ոչ միայն մեծ նկարչին, այլեւ նրա ապրած ժամանակը:

 

Շտապում ենք Հաղպատ, ուր մեզ սպասում է «Սայաթ-Նովան»:

 

Հանդիպման առաջին իսկ վայրկյանից Փարաջանյանը մեզ ընկղմում է աշխատանքի իր մթնոլորտը:

 

- Ամեն օր կուլ եմ տալիս Ալավերդու ծուխն ու զմայլվում հինավուրց կամուրջով: Հավանաբար «Ախթալայի տիրամորը» կիջեցնեմ այս կամուրջից:

«Սովետական արվեստ» ամսագրի շապիկը «Սովետական արվեստ» ամսագրի շապիկը

 

Հյուրանոցի «նոմենկլատուրային» համարն իր ինվենտար-կտավներով ու կահույքով փարաջանյանական կերպարանք է ստացել: Նկարները շրջված են դեպի պատը եւ ետեւի կողմից փակցված են հայկական բնաշխարհի մի լուսանկար, ազգային կերպասի պատառիկներ: Հաղպատցիներից մեկի նվեր-խուրջինից (հիանալի ծաղկագործ խուրջին) ժպտում են սպիտակ քրիզանթեմները: Բազմոցի թիկնակին փայտե շրջանակներով շարված են ֆիլմի զգեստների ապլիկացիոն էսքիզները՝ բնական նյութերից, ֆակտուրաներից՝ զառբաբներ, փետուրներ, մորթի, ժանյակներ ու թափանցիկ նեյլոնե շղարշ, Իրակլե արքան՝ սեւ կաշեզգեստ ու զառբաբ, ձեռքին՝ մետաղյա սուր, ֆոնին՝ թեւատարած արծիվ: Դիմացի պատին ամրացված է մանուշակագույն մի ջրանկար: Ծնկի իջած ու... տաք արդուկի հետքերով:

 

- Այս ի՞նչ է:

 

- Նոր ուղղություն՝ արդուկիզմն,- ժպտում է նա,- Նկարիչներիցս մեկի՝ Լիպոյի դիմանկարն է: Հասկանում եք: Հա՞: Իսկ ինքը չի հավանում...

 

- Ինչպես են գործերը:

 

- Շա՜տ լավ: Այսպես որ գնա, գործը կմնա: Հասարակ բան. «խաղողի ճզման» համար երկու փութ խաղողի փոխարեն բերել էին մեկը: Չստացվեց այն, ինչ ուզում էի:

Սերգեյ Փարաջանովը եւ Վիլեն Գալստյանը Սերգեյ Փարաջանովը եւ Վիլեն Գալստյանը

Լուսանկարը` «Սովետական արվեստ» ամսագիր

Չնայած ռեժիսորի նկատմամբ աշխատակիցների տածած հատուկ հարգանքին եւ օգտակար լինելու պատրաստակամությանը, նրա տեմպին, պահանջկոտությանը դժվար է դիմանալ: Հոլի նման պտտվող օգնականներն ու ասիստենտները, տեղնուտեղը ծնվող, փոփոխվող կտորների, զգեստավորման անակնկալներից երբեմն ուղղակի իրար են անցնում: Բեմադրողի երեւակայությունն ստեղծում է այնպիսի անսպասելի, անհավատալի լուծումներ, որ մոռացնել է տալիս ամեն հոգնություն, անախորժություն:

 

...Անցնելով Վանենի թագուհու միաթռիչք կամուրջը, մեքենան անտառի միջով բարձրանում է Հաղպատ: Փարաջանյանի զուսպ ու շռայլ հումորով խորտակվում ու հարություն են առնում բոլոր սրբությունները: Սակայն նրա սրամտությունները, խոսքը չեն կարող թաքցնել անհանգստությունը: Քիչ անց նկարահանվելու է ֆիլմի կարեւոր դրվագներից մեկը:

Դրվագ ֆիլմից Դրվագ ֆիլմից

 

Լուսածեգից ամեն ինչ պատրաստ է: Օպերատոր Սուրեն Շահբազյանը կարգավորում է լույսերը:

 

Նկարահանվելու է Ղազար կաթողիկոսի հուղարկավորության պատրաստությունը: Բայց... նորից անակնկալ: «Արշավանք» դրվագի ձիավորները ժամանել են օր առաջ: Դա ստիպում է փոխել ծրագիրը: Մենաստանի բակը կենդանանում է: Կամերան նոր դիրք է գրավում:

 

- Հագցնել ձիավորներին,- կարգադրում է ռեժիսորը:

 

- Գլխարկները դեռ Թբիլիսիից չեն եկել,- հայտնում է օգնականը:

 

- Թափթփվածությո՛ւն, անհոգությո՛ւն,- պոռթկում է Սարգիսը: - Տեսնո՞ւմ եք, ստիպված եմ զիջումներ անել:

 

Նույն վայրկյանին փոխում է զգեստավորման մոտիվը: Կարգադրում է հեծյալներին հանվել ու հագնել միայն նախշավոր, լայնափոկ տաբատները: Երբ կիսամերկ, միայն ծաղկակար գուլպաներով ու տաբատներով ղզլբաշները պատրաստ են, ավելացնում է.

 

- Դեն նետեք թամբերը ու այդպես հեծեք մեր ձիերը:

 

Աչքին է ընկնում մի աշխետ ձի:

 

- Ա՜յ ձի... Իսկը թագուհու համար է: Հարցրեք, ինչ է գնահատում իր նկարահանման մեկ օրը եւ առանց առարկելու համաձայնեք:

 

Նույնիսկ մեղապարտները ծիծաղեցին...

Դրվագ ֆիլմից Դրվագ ֆիլմից

 

Մայր տաճարի ֆոնին մոլի պտտվում են ձիավորները, պատկերելով հրոսակների սանձարձակ չափչփուկը: Բլրի հետեւից բարձրանում է հրկիզման թանձր ծուխը: Տաճարի կտուրին վանականները աղոթում են, ողբում: Սարգիսը գոհ չէ:

 

Ձիավորներին՝ «Ծա՛ռս պիտի լինեն, տե՛մպ, տե՛մպ... ֆանատի՛կ»:

 

Վանականներին՝ «Ժեստը ավելի արտահայտիչ, ծնկի եկած աղոթք, առ աստված... Հայկական ողբ եմ ուզում: Եթե սրեր ունենայիք, դուք էլ կխփեիք, եւ ոչ թե կաղոթեիք: Նորի՛ց...»:

 

Չորս կրկնանկարահանում: Հատվածը կարծես պատրաստ է: Բայց փոքր ընդմիջումից հետո, Սարգիսը կանգ է առնում տաճարի հյուսիսային պատի առջեւ ու կարգադրում «Արշավանքը» շարունակել:

 

Այս անգամ վանականները տաճարի խորշերում ու պատուհանում են: Հրոսակները սրընթաց անցնում են տաճարի առջեւով: Լրիվ չբավարարված՝ Փարաջանյանը վանականներին բերում է կամերայի առջեւ՝ ֆոնում ծխացող տաճարը եւ քառասմբակ սուրացող բարբարոսները:

 

- Ձիերը պիտի անցնեն մեկը մյուսի հետեւից, ինչպես որմնանկարում,- բացականչում է նա: - Հասկանո՞ւմ եք, սա կովբոյական ֆիլմ չէ, որը նկարահանվում է ավտոյից:

Սերգեյ Փարաջանովը Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` Յուրի Մեչիտով

Վերջապես ստացվում է ուզածը: Օպերատորը պոկվում է կամերայից:

 

Հոգնաբեկ ձիերն ու հեծյալները, որոնք մեզ հետ կուլ տվեցին քառասուն սեւ ու ճերմակ պարկուճի ծուխը, ազատ են արձակվում: «Գլխավոր մեղավորը» հոգնածության նշույլ անգամ ցույց չի տալիս, քաշվում է վանքը շուրջկալած պարսպի անկյունային, կամարաձեւ ծածկի տակ, ուր ձեռագործ պաստառներից ու կարպետներից ձեւավորել է իր «քյոշկը» ու շարունակում է բարձրաձայն խորհել...

 

- Ծուխը պիտի լինի ոսկեգույն, ֆիլմում «ոսկու» պակաս եմ զգում...

 

Լուր են տալիս՝ «պավիլիոնը» պատրաստ է: Պավիլիոն կոցեչյալը Մայր տաճարի կից գավիթն է, ուր միջնադարի բազում տապանասալերի կողքին նոր փոս է բացված. «Ղազար կաթողիկոսի» համար:

 

Սայաթ-Նովան փորում է գերեզմանը: Կադրը չի բավարարում օպերատորին: Սարգիսը Սուրենի հետ խորհրդակցելուց հետո, գերեզմանափոսի երկայնքով փռեց մի ծաղկադաջ կտոր, ներս կանչեց երկու վանականի, որոնք ծնկի եկան եւ փոքրիկ քանոններով սկսեցին չափել կտորը: Մի անկյունում կաթողիկոսական գդակն է ու գավազանը, որը ենթադրական կապ պիտի ստեղծի հանգուցյալի հետ:

 

- Դուք կտորը չափելու եք այնպես, կարծես չափում եք կաթողիկոսի հասակը, պա՞րզ է: Իրար հետ խոսում եք միայն ժեստերով: Տեսքը՝ ողբացող: Սուրեն, պատրաստ է:

Սոֆիկո Ճիաուրելին եւ Սերգեյ Փարաջանովը Սոֆիկո Ճիաուրելին եւ Սերգեյ Փարաջանովը

Լուսանկարը` Անդրանիկ Քոչար

Շահբազյանի աչքից չի վրիպում կադրը հարստացնելու մի ներբերանգ. կարգադրում է թրջել գերեզմանափոսի շուրջը գտնվող տապանաքարերի մոխրագույն երիզները: Քարերը սեւ գույն են ստանում: Տասնյակ լուսարձակների ճառագայթների տակ տաճարը անսպասելի տեսք է ստանում: Մեր առջեւ բացվում են դարեր շարունակ մարդկային աչքից թաքնված գավիթի ճարտարապետական հմայքները...

 

Նկարահանված է եւս երկու կադր: Դրանց հաջորդելու է երրորդը: Ոչխարները ներխուժում են գավիթ՝ ամպրոպից խուճապահար, նետվում գերեզմանափոսը, ուր Սայաթը դեռ փորում է հողը:

Գլխավոր դերակատարը օպերային թատրոնի մենապարող Վիլեն Գալստյանն է: Նրա մուտքը կինո բերում է հոգսեր ու մտորումներ թե՛ իրեն՝ արտիստին, թե՛ ֆիլմի հեղինակներին: Սայաթ-Նովան պիտի հեռու լինի բալետային ոճավորումից, զուգակցի ռեալիստականն ու պայմանականը, միաժամանակ մնալով պաստիկ ու ներդաշնակ: Նման բարդ խնդիրները բալետի տաղանդավոր արտիստից պահանջում են մեծ ջանքեր: Նույնիսկ ընդմիջմանը Գալստյանը աշխատում է մնալ կերպարի մեջ: Վիլենի Սայաթ-Նովան՝ ինքնամփոփ, իր մտքերի մեջ դեգերող մահվան խորշում անմահության հովերին հանձնված պոետն է: Չարագուշակ ճերմակ ամպը ներխուժում է տաճար: Սայաթ-Նովա-Գալստյանը այնպիսի բնական վախով ու սնոտի երկյուղածությամբ է խաղում, որ տեսարանը կրկին նկարահանելը ավելորդ է:

Վիլեն Գալստյանը եւ Սոֆիկո Ճիաուրելին Վիլեն Գալստյանը եւ Սոֆիկո Ճիաուրելին

Լուսանկարը` «Սովետական արվեստ» ամսագիր

Նկարահանումների ընթացքում մեզ չէր լքում մի զգացում. ֆիլմի էլեկտրականացված երկունքը, նկարահանման առհասարակ պրոզայիկ պրոցեսի զարմանալի պոետականացած մթնոլորտը, իրականի ու անիրականի խորհրդավոր զուգորդումը:

 

- Սարգիս, քեզ ի՞նչը դրդեց ընտրելու ֆիլմի պայմանական լեզուն:

 

- Նայիր վեր:

 

Նայեցի: Մայր տաճարի վիմախորշում, հանդիսավոր արարողության քարակոփ մի դրվագ է: Բարձրաքանդակ ֆիգուրներից մեկը մյուսին է հանձնում տաճարի մոդելը: Սերնդից սերունդ է անցնում մշակույթի դարավոր ավանդույթը: Սո՜ւրբ արարողություն:

 

 

 

Գեւորգ Ալագյոզյան, «Սովետական արվեստ» ամսագիր, 1968թ.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին