Միտյա պապն ու 3 թանգարան. վերադարձ դեպի ինքնություն՝ ARARAT-ի հետ - Mediamax.am

1718 դիտում

Միտյա պապն ու 3 թանգարան. վերադարձ դեպի ինքնություն՝ ARARAT-ի հետ


Լուսանկարը` ARARAT

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարինե Միրզոյանը
Կարինե Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Հարությունյան կրտսերը
Արա Հարությունյան կրտսերը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սուսաննա Հարությունյանը
Սուսաննա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Միտյա պապին
Միտյա պապին

Լուսանկարը` Մեդիամաքս


Ավանդաբար միանալով «Թանգարանային օր/գիշեր» միջազգային նախաձեռնությանը` ARARAT թանգարանը այս տարի առավել համալրելով միջոցառման ձեւաչափը` հրավիրում է բացահայտել Երեւանի մի շարք թանգարաններ: Նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել հետաքրքրությունը թանգարանների նկատմամբ՝ օգնելով բացահայտել մեր ինքնությունն ու ժառանգության տարբեր եզրերը:

Լուսանկարը` ARARAT

Լրագրողների համար կազմակերպվել էր շրջայց երեւանյան 3 թանգարաններով՝ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, Կոմիտասի թանգարան- ինստիտուտ եւ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ:

 

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Մեդիամաքսի լրագրողը, որը ներկայացնում է շրջայցի թանգարանային բացահայտումները:

 

Բացահայտում ARARAT-ի հետ

 

Երեւանի կոնյակի գործարանի հասարակայնության հետ կապերի մենեջեր Զարուհի Սարիբեկյանի խոսքով՝ այս տարի միջոցառման ձեւաչափի ընտրությունը պատահական չէր:

 

«Նայելով թանգարաններին ոչ միայն որպես ժառանգությունը պահպանող, ուսումնասիրող եւ ներկայացնող հաստատություններ, մենք գտանք, որ անգամ հուզական ամենաբարդ իրավիճակներում թանգարաններն այն վայրերն են, որտեղ կարելի է գտնել սեփական ինքնության բանալին, արժեւորել անցյալը, վերաիմաստավորել ներկան ու նայել ապագային, ի վերջո՝ խորհել ու ոգեշնչվել։ Ուստի, լինելով Թանգարանային միջազգային խորհրդի անդամ, ARARAT թանգարանը նախաձեռնեց այս ձեւաչափը «Թանգարանային օր/գիշեր» միջոցառման նախօրեին, որպես յուրօրինակ հիշեցում, թե որքան հետաքրքիր եւ բազմաբովանդակ կարող է լինել այդ օրը»,- նշել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միջոցառման ավարտին մասնակիցները հնարավորություն ստացան անկեղծ զրույցի ձեւաչափով կիսելու իրենց տպավորությունները երեւանյան ամենաոճային բարերից մեկում՝ Phoenix-ում, մեկ գավաթ ARARAT Coffee-ի շուրջ։

 

Երազանքի աթոռ եւ դաղդղան

 

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը մշակույթի եզակի կենտրոն է, որտեղ պահպանվում եւ ցուցադրվում են հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի ու կերպարվեստի նմուշներ: Թանգարանի ցուցանմուշները ազգային մշակույթի արժեքներ են, որոնք լայն պատկերացում են տալիս մեր նախնիների նիստուկացի, սովորույթների, դավանանքի ու ժողովրդական արվեստի զարգացման տարբեր փուլերի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Հավաքածուն ընդգրկում է փայտի, քարի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման, խեցեգործության, ասեղնագործության նմուշներ, գորգեր, կարպետներ, մանրաքանդակներ, գեղանկարչական աշխատանքներ: Ցուցանմուշների շարքում են ինչպես դարերի պատմություն ունեցող աշխատանքներ, այնպես էլ ժամանակակից վարպետների գործեր, որոնք շարունակում են կրել նախնիների արարչագործ ավանդույթները:

Կարինե Միրզոյանը Կարինե Միրզոյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանում մեզ դիմավորեց Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մենեջմենթի գծով փոխտնօրեն Կարինե Միրզոյանը, որ թանգարանի հիմնումից ի վեր աշխատում է այնտեղ: Շրջելով թանգարանով՝ նա մանրամասն ներկայացնում էր ցուցադրված աշխատանքների պատմությունը, կիրառումը, նախշերի մոտիվներն ու խորհուրդը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցափեղկերում ներկայացված նմուշները ոչ միայն հիացնում էին գեղագիտական արժեքով, այլեւ օգնում պատկերացում կազմել մեր պապերի ընտանեկան բարքերի մասին:

 

«Մինչ պահարանների ի հայտ գալը, հատուկ թարեքներ կային՝ նախատեսված ափսեների համար, եւ գդալնոցներ, որոնք դնում էին որեւէ մակերեսի վրա: Յուրաքանչյուր ընտանիք իր ընտանիքի անդամների թվով գդալներ էր դնում գդալնոցի մեջ: Երբ երեխա էր ծնվում, մեկ գդալ ավելացնում էին, իսկ երբ աղջիկը պետք է հարս գնար, կարող էր իր հետ վերցնել իր գդալը»,- պատմում էր Կարինե Միրզոյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցափեղկերից մեկում 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին թվագրվող տարատեսակ հմայիլ-դաղդղաններ էին շարված: Դրանց վերագրվել է չարախափան հատկանիշ: Կարինե Միրզոյանի խոսքով՝ դաղդղանները կախել են խոշոր եղջերավոր անասունների ճակատին կամ վզից, դրել են նորածինների բարձի տակ կամ կախել օրորոցից:

 

Ներկայացված աշխատանքներում կարելի է հանդիպել դիցաբանական էակների, որոնց մասին շատերն այսօր մոռացել են: Օրինակ՝ ցուցադրված գրակալը զարդարում են հուշկապարիկները, որոնք կնոջ գլխով ու թռչնի մարմնով դիցային էակներ են:

Լուսանկարը` Մեդիամաքս

Թանգարանի այցելուների ամենասիրելի ցուցանմուշը, թերեւս, «Երազանքների աթոռ»-ն է, որը գեղեցիկ խորհուրդ ունի: Տավուշի մարզի Չորաթան գյուղի XIV դարի Թուխ Մանուկ մատուռում պահվել է ընկուզենու փայտից պատրաստված մի աթոռ, որը, ըստ ավանդության, ապաքինում էր հիվանդներին, պտղաբերություն բերում նորահասներին: Տարիների ընթացքում Թուխ Մանուկի հրաշագործ աթոռի մասին մնացել էին միայն խոսուն լեգենդներ եւ աթոռի փայտից մի կտոր: XX դարի 2-րդ կեսին, երբ սկսվեցին ժողովրդական մշակույթի նմուշների հավաքագրման եւ պահպանման աշխատանքները, աթոռը փրկելու նպատակով ժողովրդական վարպետներին հանձնարարվեց վերականգնել այն: Եվ ահա, վերաստեղծվեց մեր «Երազանքների աթոռը», որն այժմ ժողովրդական արվեստների թանգարանում սպասում է յուրաքանչյուրիս:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երկխոսություն Կոմիտասի ու Արա Հարությունյանի միջեւ

 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկայում ընթանում է Արա Հարությունյանի «Կոմիտասից Կոմիտաս» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են մեծանուն քանդակագործի՝ Կոմիտասին նվիրված ստեղծագործությունները:

 

Ցուցադրության համադրող եւ կոնցեպտի հեղինակ Մարինե Հարոյանի խոսքով՝ ցուցահանդեսով որոշել են ոչ միայն ցուցադրել քանդակները, այլեւ ցույց տալ դրանց ստեղծման ընթացքը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Փորձել ենք մտնել նկարչի լաբորատորիան: Ցուցադրությունն արեցինք հենց աշխատանոցի կոնցեպտով: Կան գործեր, որոնք բերվել են արվեստանոցից հենց այնպես, ինչպես իրենք արվեստանոցում ապրում էին: Մտնելով Արա Հարությունյանի արվեստանոց՝ ես հասկացա, որ նրան հետապնդել է Կոմիտասի կերպարը, նա ձգտել է հասնել այդ կերպարին»,- նշել է Մարինե Հարոյանը:

 

Արա Հարությունյանի թոռ՝ կրտսեր Արա Հարությունյանի խոսքով՝ քանդակագործի ստեղծագործական կյանքը սկսվել է Կոմիտասով եւ ավարտվել Կոմիտասով:

Արա Հարությունյան կրտսերը Արա Հարությունյան կրտսերը

 

«Արա Հարությունյանի առաջին մոնումենտալ աշխատանքը 1954 թվականին ստեղծված պանթեոնի մահարձանն է, որը եղել է նրա դիպլոմային աշխատանքը: Վերջին աշխատանքն էլ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պուրակում գտնվող հուշարձանն է՝ ստեղծված 1988-ին: Վերջինս հատկանշանական է իր եռաչափ լինելով: Պտտվելով արձանի շուրջ՝ կարծես թե նոր պատկերներ են բացվում, ամեն կողմից կարելի է նոր ձեւով ընկալել այն»,- մանրամասնել նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցափեղկերից մեկում կարելի է տեսնել Կոմիտասի հայտնի հուշարձանի ստեղծման ընթացքը, դրա նախատիպը, որտեղ Կոմիտասը կանգնած էր:

 

«Հետո որոշում եղավ, որ պետք է փոխվի արձանն ու Կոմիտասը նստած լինի: Մտորումների ժամանակ Արա Հարությունյանը հիշեց Կոմիտասի «Ծիրանի ծառ» ստեղծագործությունը եւ որոշեց, որ Կոմիտասը ծիրանի ծառի վրա պետք է նստած լինի: Այդպես էլ իրականացրեց»,- պատմել է Արա Հարությունյան կրտսերը:

 

Արա Հարությունյանի դստեր՝ Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ քանդակագործի աշխատանքներով կարելի է ուսումնասիրել հայ ժողովրդի պատմությունը, քանի որ նա անդրադարձել է բոլոր թեմաներին՝ սկսած հեթանոսական շրջանից, առասպելաբանությունից մինչեւ ազատագրական պայքար:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նաեւ վերածննդի շրջանին է անդրադարձել: Բանվորի արձանի կերպարը ոչ միայն աշխատավոր էր, այլեւ հայ հերոս՝ շատ ուժեղ եւ շատ համառ, որը քայլում էր դեպի  Արեւմտյան Հայաստան: Այդ ժամանակվա չինովնիկները չհասկացան, թե դա ինչ խոշոր աշխատանք է, իսկ հիմա արդեն հետադարձ հայացքով մարդիկ հասկանում են, որ պետք է վերականգնել այն: Ընտանիքի ջանքերով գտնվել են ֆրագմենտներ եւ անպատճառ ինչ-որ կերպ արձանը պետք է վերականգնվի»,- ասել է Սուսաննա Հարությունյանը:

Սուսաննա Հարությունյանը Սուսաննա Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նա հավելել է, որ Արա Հարությունյանի թողած հսկայական ժառանգությունը մարդիկ չեն կարողանում տեսնել՝ թանգարանի բացակայության պատճառով: Ընտանիքը փորձում է դիմել տարբեր կազմակերպությունների, դիմել է կառավարությանը եւ քաղաքապետարանին՝ հուսալով ստանալ աջակցություն՝ թանգարանի ստեղծման համար:

 

Ցուցադրությունը գործելու է մինչեւ հունիսի 15-ը, իսկ մայիսի 18-ին հանրությանը կներկայացվի դրա կատալոգը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ռադիոտան չկառուցված սայրաձողը

 

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում այժմ ներկայացվում է Հովհաննես Մարգարյանի ծննդյան 120-ամյակին նվիրված «Քարի ձայնն ու բույրը» ցուցահանդեսը:

 

«Մենք փորձել ենք «մտնել ճարտարապետի ուղեղի մեջ» եւ տեսնել, թե ինչպես է նա պատկերացնում իր շենքերի կառուցումը: Օրինակ՝ Ռադիոտան շենքի կառուցման նախնական տարբերակներում կարելի է տեսնել, որ շենքի վրա կա մի բարձր աշտարակ սայրաձողով, որը պետք է ծառայեր նաեւ որպես ալեհավաք Ռադիոտան համար: Կարելի է տեսնել մի քանի տարբերակներ: Ճարտարապետը շարունակում էր մտածել՝ գուցե ընդհանրապես հրաժարվել դրանից, փոխարենը արձան դնել, կամ չդնել, կողքի հատվածներում երկու փոքր աշտարակ դնել կամ չդնել: Ի վերջո, շենքի սայրաձողի կառուցումն արգելվեց: Ենթադրում եմ, որ կար որոշակի սահմանափակում շենքի ծախսերի հետ կապված»,- լրագրողներին պատմել է ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Հովհաննես Մարգարյանին են պատկանում Երեւանում մեզ շատ ծանոթ մի շարք շենքեր, որոնց թվում է նաեւ ARARAT կոնյակի գործարանի շենքը: Նորացված Երեւանում որոշակիորեն անտեսված այդ շենքերը, միեւնույն է, շարունակում են զարդարել մեր քաղաքը: Դրանց կառուցման պատմությունն ու գաղտնիքները բացահայտող ցուցադրությունը կշարունակի գործել եւս մեկ ամիս:

Լուսանկարը` Մեդիամաքս

Միտյա պապն ու զավակների կարոտը

 

Երեւանում շրջելիս մեր ժառանգության ու արժեքների մասին մեզ հիշեցնում են ոչ միայն պատմությունն իր մեջ կրող շենքերն ու թանգարանները, այլեւ սովորական մարդիկ, որ մեր շուրջն են ու պահում են երեւանյան կոլորիտը:

 

Լրագրողական շրջայցի ընթացքում մեր խումբը մի պահ կանգ առավ Կասկադ համալիրի տարածքում՝ մայիսյան տապին սառը սուրճ վայելելու համար: Մեզնից քիչ հեռու տարեց մարդկանց մի խումբ էր նստած: Նրանք երգում էին հին հայկական, ազգային երգեր, որոնցից շատերը երիտասարդ սերնդին անգամ ծանոթ էլ չեն:

Միտյա պապին Միտյա պապին

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրանցից ամենատարեցը՝ Միտյա պապիկը, խմբի մեներգիչն էր: Հետաքրքիր էր կողքից ունկնդրել նրանց զրույցը:

 

- Մի տաս տարի առաջ ավելի լավ էիր երգում,- ասում էր մեկը:

- Չէ, չէ ... ինչքան երգում ա, էնքան ձենը բացվում ա,- չէր համաձայնում մյուսը:

- «Կոլխոզի չոբան» կարա՞ս երգես,- հարցնում է երրորդը:

- Հա, ինչի՞ չեմ կարա,- ասում է Միտյա պապին ու երգում:

 

Այս գեղեցիկ երգերից ու զրույցներից անմասն չենք մնում նաեւ մենք: Շուտով Միտյա պապին մոտեցնում է ու սկսում մեզ համար էլ երգել:

 

Ամպեց, կորավ լուսնկան,

Արտեր, մտեք քուն,

Արտով կանցնի իմ ճամփան՝

Կերթամ յարիս տուն։

 

«Պապին 88 տարեկան է, ձեր ցա´վը տանեմ, պապին փոքր չի, բալե´ք: Հայրենական պատերազմը որ սկսվեց, առաջին դասարան էի, բալե´ք ջան: Երեխեքս սաղ դրսում են, բալե´ք ջան, կարոտը աչքերիցս թափվում ա: Իմ անուշ Մարիամս իմ մոտ լիներ, իմ բալես, իմ մոտ լիներ, էն մյուսներին չեմ ուզի հա ...»,- երգն ավարտելուց հետո ասաց Միտյա պապը:

 

Չնայած բոլորիս տրամադրությունը շատ բարձր էր թե´ հաջող շրջայցի, թե´ Միտյա պապիկի տաղանդի շնորհիվ, բայց իր զավակներին կարոտ մնացած պապի երգում մի տեսակ թախիծ կար, որ կարծես կնիք դառնար ինքնության վերադարձի մեր ճանապարհին... Հայրենիքն էլ է կարոտ զավակների:

 

«Վլադիվոստոկ  է աղջիկս, իմ անուշ բալան, երեսուն քանի տարի կարոտ եմ, Մարիամիս կարոտ եմ...»

 

Ու նորից երգեց.

 

Սերս գաղտնի թող մնա, Սերս՝ յարիս պես...

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին