Հայաստանին սիրահարված եւ հայկական ձեռագրեր «որոնող» բելգիացի պրոֆեսորը - Mediamax.am

exclusive
6555 դիտում

Հայաստանին սիրահարված եւ հայկական ձեռագրեր «որոնող» բելգիացի պրոֆեսորը


Բեռնար Կուլին
Բեռնար Կուլին
Բեռնար Կուլին
Բեռնար Կուլին
Բեռնար Կուլին եւ Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (2016 թվականին)
Բեռնար Կուլին եւ Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (2016 թվականին)

Լյուվենի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Բեռնար Կուլին 30 տարի հայկական ձեռագրերի հետքերով է գնում։ Հին հունարենի եւ լատիներենի մասնագետը տասնամյակներ առաջ հետաքրքրվեց Մերձավոր Արեւելքով ու սկսեց սովորել հայերեն, վրացերեն։ Նրա ուսումնասիրության հիմնական թեման հին հունարենից հայերեն թարգմանություններն են, հատկապես՝ քրիստոնեական նյութերը։ Դրան զուգահեռ նաեւ Լյուվենի համալսարանում գրաբար է դասավանդում։

 

«Ես հետաքրքրված եմ տեքստերով, դրանց լեզվով, բովանդակությամբ, պատմական միջավայրով։ Իմ ուսումնասիրած բոլոր տեքստերը մեզ են հասել ձեռագրերի միջոցով։ Հայկական ձեռագրերը պահվում են ոչ միայն Երեւանում՝ Մատենադարանում, այլեւ ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով սկսեցի ձեռագրեր փնտրել ամենուր»։

 

Հայկական ձեռագրերի հետքերով՝ Բեռնար Կուլին Հայաստանում ու աշխարհի հայագիտական խոշոր կենտրոններում է եղել՝ Վենետիկի Մխիթարյան միաբանությունում, Երուսաղեմի հայոց պատրիարքարանում, նաեւ քիչ հայտնի ու մասնավոր գրադարաններում։ Ասում է՝ ամեն գրադարան ունի իր մատենագիտական ցանկը, եւ ձեռագրերով հետաքրքրվողները պետք է առանձին-առանձին ուսումնասիրեն դրանք։ Այդ պատճառով որոշեց մեկտեղել այդ ցանկերը։

 

«Հայկական ձեռագրերի ցանկերի եւ գրադարանների տեղեկատու»-ն լույս տեսավ 1992 թվականին՝ ֆրանսերեն։ Այն ընդգրկում էր ձեռագրերի նկարագրությունը, դրանց մասին նախկինում արված ուսումնասիրությունների, գտնվելու վայրի մասին տեղեկություններ։

 

«Սա մատենագիտական գործիք էր՝ հասկանալու համար, թե որտեղ կան հայկական ձեռագրեր։ Դրանք ամենուր են՝ Հայաստանում, Ռուսաստանում, Իրանում, Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում, Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում, Սինգապուրում։ Դրա համար երկու պատճառ կա. նախ՝ հայերն իրենք ամենուր են, եւ երկրորդ՝ այս ձեռագրերից շատերը պատկերազարդ են, ունեն բարձր գեղարվեստական արժեք եւ շատ թանկ են։ Նկարների ու նկարազարդումների համար շատ հավաքորդներ սկսել են գնել հայկական ձեռագրերը, ու այդպես դրանք տարածվել են աշխարհով մեկ»։

 

Բեռնար Կուլին Բեռնար Կուլին

 

 

«Ճամփորդող» ձեռագրեր դեռ շատ կան։ Գրքի հրատարակությունից հետո էլ Բեռնար Կուլին շարունակում էր հետաքրքրվել նոր ձեռագրերով, հետեւում էր աճուրդների, անհատ կոլեկցիոների հանդիպում, առաջին ձեռքից ստանում տեղեկություններ:

 

Գրեթե 30 տարի անց նա հանրությանն է ներկայացրել գրքի երկրորդ՝ լրամշակված ու թարմացված տարբերակը՝ «Հայկական ձեռագրեր. ցանկեր, հավաքածուներ, գրադարաններ»։

 

 

 

«Կարեւոր էր, որ գիրքը հասանելի լինի ընթերցողների ավելի լայն շրջանակի, այդ պատճառով որոշեցի երկրորդ հրատարակությունը թարգմանել անգլերեն, որովհետեւ ֆրանսերենն այլեւս միջազգային գիտական լեզու չէ: Թարմացրել եմ մատենագիտական ցանկը, գրեթե կրկնակի ընդարձակել՝ հայկական ձեռագրերի գտնվելու նոր վայրեր եմ բացահայտել, որոնց մասին նախկինում չգիտեի։ 1992-ի հրատարակությունը վերաբերում էր հայկական ձեռագրերի միայն ներկայիս վիճակին, իսկ երկրորդ տարբերակում նոր գլուխներ եմ ավելացրել՝ պատմական բովանդակությամբ։ Օրինակ՝ ցանկագրել եմ միջնադարում հայկական ձեռագրերի ստեղծման եւ կրկնօրինակման հիմնական վայրերը, վանքերը»։

 

Տասնամյակների որոնումների ու ուսումնասիրությունների արդյունքում Բեռնար Կուլին մոտ 34 հազար ձեռագիր է գտել, այդ թվում՝ պահպանված առանձին էջերը: Ասում է՝ 34 հազարը, հավանաբար, հայկական ձեռագրերի կեսն էլ չի կազմում:  Բազմաթիվ ձեռագրեր Ցեղասպանություն, հրդեհներ, արշավանքներ ու ավերածություններ են տեսել: Հայերի ստեղծած մշակույթի 50 տոկոսից ավելին, ըստ Կուլիի, կորած է:

 

Հայկական հուշարձաններն ու մշակութային արժեքները 21-րդ դարում կրկին վտանգված են: «Մենք կորցնում եմ պատմության հետքերն ու վկայությունները, եւ սա բոլոր պատերազմներին բնորոշ երեւույթ է»:

 

Բեռնար Կուլին եւ Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (2016 թվականին) Բեռնար Կուլին եւ Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը (2016 թվականին)

 

 

Բելգիացի պրոֆեսորն ասում է՝ սիրահարված եմ Հայաստանին, եւ դա բոլորը գիտեն: Հայաստանում ու Արցախում տասնյակ անգամներ է եղել, սիրելի երկիր է՝ հարազատ մարդկանցով: Պատահածը նրան տխրեցրել ու բարկացրել է. Հայաստանում բոլոր քննարկումներն ու վեճերը երկրորդական խնդիրների շուրջ են, բայց ոչ՝ երկրի ապագայի:

 

«Ափսոս, որ Հայաստանը չհասկացավ, թե ինչպես է Ադրբեջանը սպառազինվում, չհասկացավ, որ Իսրայելի, Թուրքիայի աջակցությամբ նոր պատերազմ է լինելու։ Դա այնքան ակնհայտ էր։ Բայց Հայաստանը մնաց անարձագանք, առանց պատրաստության։ Արդյունքում՝ Ղարաբաղի գրեթե կեսը կորցրել եք եւ Ադրբեջանն այն այլեւս երբեք չի վերադարձնի Հայաստանին: Պատերազմն այսպիսի ելք ունեցավ, որովհետեւ Հայաստանի ճակատագիրը ոչ թե իր, այլ՝ Մոսկվայի ձեռքում է»:

 

Բելգիացի պրոֆեսորը տարբեր լսարանների համար հասցրել է արցախյան վերջին պատերազմի մասին դասախոսություններ կարդալ: Անհամբեր է՝ երբ են սահմանները բացվելու, որ նորից այցելի Հայաստան:

 

Լուսինե Ղարիբյան

Լուսանկարները՝ Բեռներ Կուլիի արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին