Անկախ հետաքննող լրագրող Լինդսի Սնելը, ով ակտիվ լուսաբանում է Արցախյան հակամարտությունը եւ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական գործողությունները, նոր կայք է հիմնել իր պատրաստած հոդվածները ազատ հրապարակելու համար:
Լինդսի Սնելը տեղեկացրել է, որ նոր կայքը ստեղծելու համար դրդապատճառ է դարձել Facebook-ը, որը մեկ ամսով արգելափակել էր լրագրողի օգտահաշիվը Իրաքի Քանդիլ շրջանում նկարահանած ռեպորտաժը տեղադրելու համար: Նրա խոսքով, իր նկարահանած խումբը որակվել էր իբրեւ «ահաբեկչական»՝ Թուրքիային «հաճոյանալու» համար:
Լինդսիի հիմնած նոր կայքը կոչվում է www.ishgal.com` Işgal-ը թուրքական բառ է եւ թարգմանաբար նշանակում է «ռազմական ներխուժում» կամ «օկուպացիա»:
Հիշեցնենք, որ 2020 թվականին Մեդիամաքսը հանդիպել էր Լինդսի Սնելին Հայաստան կատարած այցի ժամանակ ու զրուցել ահաբեկչական թեմաներով իր հրապարակումների մասին:
Լինդսի Սնելը առաջիններից մեկն էր, որ հայտնեց պատերազմում Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցության մասին: Պատերազմի ընթացքում նա հետեւողականորեն գրում էր վարձկան ահաբեկիչների մասին:
«Կայքն ուղղակիորեն միայն թուրքական օկուպացիայի մասին չի լինելու, չնայած մեկ կայքի համար այդ թեմայով բավականաչափ նյութ կգտնվեր», - կեսկատակ-կեսլուրջ գրել է Լինդսի Սնելը:
















