Լինդսի Սնել. Սիրիացի վարձկանների մասին խոսել սկսեցին դեռ հուլիսից - Mediamax.am

exclusive
11304 դիտում

Լինդսի Սնել. Սիրիացի վարձկանների մասին խոսել սկսեցին դեռ հուլիսից


Լինդսի Սնելը
Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինդսի Սնելը
Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինդսի Սնելը
Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լինդսի Սնելը
Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ամալի Խաչատրյանը զրուցում է Լինդսի Սնելի հետ
Ամալի Խաչատրյանը զրուցում է Լինդսի Սնելի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս


Անկախ լրագրող Լինդսի Սնելը նոր է վերադարձել Արցախից, որտեղ մեկնել էր շարունակելու իր հետաքննությունն Արցախյան հակամարտության վերաբերյալ: Ամերիկացի լրագրողն առաջիններից մեկը հայտնեց Արցախում կռվող սիրիացի ահաբեկիչների մասին ու մինչ օրս շարունակում է թեմայի շուրջ նոր փաստեր հրապարակել:

 

36-ամյա լրագրողը ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեյտոնա քաղաքից է, տպագիր մեդիայի եւ վիդեո լրագրող է՝ մասնագիտացած հակամարտությունների եւ հումանիտար ճգնաժամերի թեմաներում: Տարիներ շարունակ Սնելն անդրադարձել է Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային՝ կենտրոնանալով հատկապես Սիրիայի, Իրաքի եւ Թունիսի վրա: Նա Սիրիայի հյուսիսում անգամ առեւանգվել է Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկիչների կողմից, որտեղից փախչելուց հետո երկու ամիս փակված է եղել թուրքական բանտում: Ներկայում Սնելի համար լրագրությունը հիմնական աշխատանք չէ, այն իր տարերքն է: Նա ֆրիլանսեր է, ինչպես ինքն է ասում՝ իր արած աշխատանքի համար չի վարձատրվում ու չի էլ ձգտում դրան։

 

Մեդիամաքսը Երեւանում հանդիպել է Լինդսի Սնելի հետ եւ խոսել Արցախ կատարած նրա այցի եւ սիրիացի զինյալների մասին նրա հրապարակումների մասին:

 

Հուլիսից սկսած

 

Հայաստան գալու ծրագրեր կազմեցի հենց հարձակման օրը, սկսեցի անմիջապես թռիչքներ փնտրել եւ դիմել թույլտվությունների ու հավատարմագրումների համար: Իմ առաջին չվերթը չեղարկվեց, Austrian Airlines-ով էր՝ Վիեննայից: Հետո չեղյալ հայտարարվեց երկրորդ թռիչքը, ապա երրորդը, չորրորդը: Air France-ն այստեղ գալու միակ միջոցն էր, անցած շաբաթվա սկզբին եմ եկել Մյունխենից:

 

Այցելել եմ Արցախ, հանդիպել եմ Արցախի արտաքին գործերի նախարարին, մարդու իրավունքների պաշտպանին, Պաշտպանության բանակի խոսնակին, ինչպես նաեւ նկուղներում թաքնված խաղաղ բնակիչներին: Իմ աշխատանքները հրապարակում եմ The Investigative Journal-ում:

Լինդսի Սնելը Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղյակ էի 2016-ին տեղի ունեցած բախումների մասին, բայց այս թեման ինձ ավելի շատ սկսեց հետաքրքրել, երբ լսեցի Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների Ադրբեջան տեղափոխման մասին: Խոսակցություն էր, որը սկիզբ էր առել հուլիսից: Այս խոսակցություններն իսկապես պայթեցին, երբ տեղի ունեցավ նրանց տեղակայումը: Շատերը չէին հավատում դրան, ու դեռ կան մարդիկ, որոնք մինչեւ հիմա ժխտում են։ Սակայն հիմա ակնհայտ է՝ Ֆրանսիան, Ամերիկան եւ Ռուսաստանը պնդում են, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում սիրիացի վարձկաններ են կռվում։

 

Լիբիայի նման

 

Սեպտեմբերի 22-ին եմ արել առաջին գրառումս Ալ-Համզա ջոկատին պատկանող մարտիկների մասին, որոնք Թուրքիայի տարածքով հասել էին Բաքու:

 

Մարդիկ կարծում էին, որ դա բացարձակ խենթություն է եւ իրականությանը չի համապատասխանում, բայց ես այնտեղ շատ աղբյուրներ ունեմ: Նրանք ստելու պատճառ չունեին. նախկինում ազնիվ եւ օգտակար են եղել:

Լինդսի Սնելը Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրիայում տարիներ շարունակ աշխատել եմ Սիրիայի ազգային բանակի հետ, ես նրանց անձամբ գիտեմ եւ կապ եմ պահպանել նրանց հետ: Նույնը տեղի ունեցավ Լիբիայում, մարդիկ կրկին կարծում էին, որ դա նույնպես բացարձակ խելագարություն է: Շատ նման է Լիբիայի դեպքերին, այժմ Լիբիայում կան ավելի քան 15 000 սիրիացի վարձկաններ, ու չկան նրանց տեղափոխելու ծրագրեր: Նրանք շատ վտանգավոր են, HTS-ի ՝ նախկին «Ալ-Քաիդայի» դուստր կազմակերպության հետնորդներն են, ISIS ներկայացուցիչներ են: Նրանք չարիք են Լիբիայի համար:

 

Թուրքիան երբեք հրապարակավ չի ընդունել, որ սիրիացի վարձկաններ է ուղարկել Լիբիա: Երբ Էրդողանն այդքան վարձկաններ ուղարկեց Լիբիա, միջազգային բողոքներ չեղան, նրանք էլ արդեն գրեթե մեկ տարի շարունակում են այնտեղ պահել վարձկաններին: Խելքին մոտ էր, որ Էրդողանը նրանց կօգտագործեր նաեւ Արցախում:

 

Միգուցե սրանից հետո, երբ Էրդողանը նրանց նոր երկիր ուղարկի, մարդիկ վերջապես կսկսեն հավատալ:

 

Երբեք հրապարակավ չեն ընդունելու

 

Թուրքիան եւ Ադրբեջանը կշարունակեն հերքել այն տեղեկությունները, որ Թուրքիան Սիրիայից զինյալներ է հավաքագրել՝ Ադրբեջանի համար կռվելու նպատակով:

Լինդսի Սնելը Լինդսի Սնելը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սիրիացի վարձկանների տեղափոխման մասին լուրերի ի հայտ գալուց անմիջապես հետո Ադրբեջանն արձագանքել էր, որ վարձկանների մասին խոսակցությունները «ապակողմնորոշող են»: Եթե դա «ապակողմնորոշող» է, նշանակում է, որ այն գուցե հստակ քո իմացածը չէ, բայց կա նման բան, ուստի դրանում որոշ ճշմարտություն կա:

 

Այս պահին ապացույցները գրեթե անհերքելի են. հարյուրավոր վարձկաններ վերադարձել են Սիրիա եւ բացահայտ պատմում են, թե ինչ է տեղի ունեցել ու ինչու են դադարեցրել կռվել: Նրանց մասնակցությամբ տեսանյութերի աշխարհագրական դիրքը նույնպես բացահայտված է: Բայց Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք դա հրապարակավ չեն ընդունելու, ու ոչ ոք չի ճնշելու նրանց այդ հարցում. Ադրբեջանում մեդիայի ազատությունը դեռեւս սահմանափակ է, եւ իսկ Թուրքիայում մեդիայի ազատությունը հիմա, հավանաբար, ավելի վատ վիճակում է:

 

Բացի այդ, սա լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար. նրանք կարող են սահմաններ հատել: Լիբիայում տեղեկություններ կային, որ ամենավատ խմբակցություններից մեկի որոշ անդամներ, որոնք Սիրիայում պատասխանատու են բռնաբարությունների եւ սպանությունների համար, իրականում ապօրինի հատել են Իտալիայի սահմանը:

 

Կարծում էին, թե Ղարաբաղը կղզի է

 

Իրականում սիրիացի զինյալներին ասել էին, որ իրենք սահմանապահ են լինելու: Չգիտեմ` նրանք իրոք հավատացել են դրան, քանի որ նույն սուտն ասել էին Լիբիա ուղարկելիս:

 

Ես հուլիսից դեռ նյութեր ունեմ, երբ նրանք անգամ նորմալ «Ադրբեջան» չէին կարողանում արտասանել, գաղափար չունեին, թե որտեղ է դա: Գաղափար չունեին Ղարաբաղյան հակամարտության մասին. երբ առաջինները սկսել էին ժամանել, նրանցից մեկն ասել էր, թե կարծում էր, որ Ղարաբաղը կղզի է:

 

Այժմ նրանք պատմում են, որ սա ընդհանրապես այն չէ, ինչ կատարվել է Սիրիայում կամ Լիբիայում՝ ավելի ծանր ու ճշգրիտ զենքեր, շատ ավելի մեծ ինտենսիվություն, քաղաքացիական բնակավայրերի դիտավորյալ թիրախավորում:

 

Ադրբեջանն այս վարձկաններին որպես վահան է օգտագործում: Սա է պատճառը, որ երկու խմբակցություններ ընդհանրապես հրաժարվել են կռվելուց, եւ նրանցից հարյուրավորները վերադարձել են Սիրիա: Սա Ադրբեջանի ծրագրի մի մասն է՝ եթե իրենցից քիչ մարդ է զոհվում, ժողովուրդը դեմ դուրս չի գալիս կառավարությանը: Ստացվում է՝ տեսականորեն նրանք դեռ հաջողություններ են գրանցում:

 

2 000-ը ճանապարհին են

 

Սիրիացի վարձկաններն ադրբեջանական համազգեստ են կրում: Նրանք պատմում են, որ Թուրքիայում իրենց նոր հագուստ են տալիս, վերցնում են հինը, նաեւ նոր սանրվածքներ են անում: Սովորաբար Սիրիայում նրանք  երկար մազեր եւ մորուքներ ունեն, մինչդեռ այստեղ, ասես, առեւտրի կենտրոնի աշխատողներ լինեն:

Ամալի Խաչատրյանը զրուցում է Լինդսի Սնելի հետ Ամալի Խաչատրյանը զրուցում է Լինդսի Սնելի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Տեղյակ եմ, որ այժմ էլ նախատեսում են տեղափոխել ավելի քան 2 000 վարձկանների: Անկանխատեսելի է, թե երբ կհասնեն, քանի որ առաջինը Թուրքիա են գնում: Թուրքիայում որոշ ժամանակ մնում են ռազմաբազաներում, ապա որոշ խմբաքանակներով ուղարկվում են `200, 300 հոգի: Հավանաբար, այստեղ հիմա 50-100-ն են: Մոտ 700-ը վերադարձել են Սիրիա, մոտ 200-ն էլ սպանվել են:

 

Ամալի Խաչատրյան

Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին