Այսօր «Բուկինիստ» գրախանութներից մեկում ընթերցողներին գիրք առաջարկողը Գուրգեն Խանջյանն էր։ Գրողն ասում է՝ գիրք խորհուրդ տալը ծանր ու պատասխանատու գործ է, ճաշակի հարց։ Պիտի նախ «շոշափես» ընթերցողի ներուժը. մեկ էլ տեսար՝ ծանր գիրք առաջարկեցիր ու նրան, առհասարակ, կտրեցիր գրականությունից։ Ընթերցողին նաեւ սեփական գրքերը չի առաջարկի՝ համեստությունը չի ներում։
Դոստոեւսկին ու Կաֆկան՝ պարտադիր
Եթե ընթերցողը ճանապարհ անցած, մտածող մարդ է, իհարկե, պիտի Դոստոեւսկի կարդա։ Ճիշտ է, գրողական վարպետության առումով Դոստոեւսկին կարող է զիջել Բունինին, բայց մարդու հոգու իմաստով ինքն էնպիսի մի օվկիանոսի մեջ է մտցնում, որ մի կերպ ես դուրս գալիս, բայց դուրս ես գալիս հարստացած, նաեւ՝ մի քիչ վախեցած, բայց դա է կյանքը։
Անպայման պետք է Կաֆկա կարդալ։ Կաֆկան շատ անկեղծ է, լրիվ նյարդ՝ մաքուր ու անմաշկ գրող։ Թվում է՝ ֆանտաստիկայի նման է, բայց դա լրիվ մարդու մասին է։ Ասում են՝ աբսուրդ է, բայց նա հենց էդպես էլ տեսնում է աշխարհը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Պիտի փորես մարդու ներսը, եթե ուզում ես ճանաչել։ Իսկ եթե ուզում ես խուսափել, մի փորի, հաստատ ավելի լավ կապրես։ Բայց եթե մի անգամ ես եկել եւ ուզում ես ամեն ինչ իմանալ, պիտի ռիսկի դիմես։ Թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում. ավելի լավ է ուրախ-զվարթ պոնչիկ ուտեն։ Դա կշտամբանք չէ։
Երբեմն մտածում ես՝ մի կյանք եմ ապրելու, երանի ես էլ էդպես ապրեի, ինձ համար վազվզեի։ Հետո ասում ես՝ ստոպ, քեզ հենց սա էր ցուցված, ո՞նց փախչես ինքդ քեզնից, ո՞նց քո ինքնությանը դավաճանես։ Կարող է հետո լավ չլինի, պատասխան տաս կամ աղետի առաջ կանգնես։
Գրքեր՝ Մանեի համար
Մանեն (Խանջյանի 5-ամյա դուստրը –հեղ․) իմ վերջին մեծագույն սերն է։ Բայց Մանեն արդեն էս դարի մարդ է, գիտի համացանցից օգտվել։ Բայց մի վատ բան կա․ տեքստերին սկսել է կլիպային մտածողությամբ վերաբերվել, համբերությունը չի ներում, որ Թումանյանի հեքիաթը մինչեւ վերջ լսի, ընդհատում է՝ լավ պապա՛, սպասի մի հատ մուլտ նայենք։ Բայց կստիպեմ, ուղղակի թող դեռ խաղա, մանկությանը չխանգարեմ։
Լուսանկարը` Մեդիամաքս
Ես իրեն խորհուրդ կտամ անպայման Թումանյանի հեքիաթները կարդալ, հետո Վախթանգ Անանյանի պատմվածքներն ու վեպերը, որովհետեւ դրանք մեր մասին են, մեր բնաշխարհն է, մեր մարդն է, մեր արկածն է, խորհուրդ կտամ արկածային գրադարան, Դյումայի վեպերը կարդա։ Ասել եմ, որ 20-25 տարեկանից շուտ չթողնեն իմ գրքերին ձեռք տա։ Իսկ եթե չուզի, ավելի լավ, մի էլ ստիպեք։ Դա էգոիզմն է՝ քոնն է, ուզում ես խնայել։ Գուցե սխալ եմ անում, բայց ասում եմ՝ թող թեթեւ ապրի էրեխեն, ի՞նչ ես բեռնում։ Թեթեւն էլ իր խութերն ու թերություններն ունի, բայց ուզում ես թասակի տակ տանել մինչեւ վերջ։
Գրականությունը՝ առանց ազատության ու անհատականության
Գրականությունը փչանում է։ Գրականությունը սկսել է պատվիրվել, անտեսանելի, բայց պատվիրվում է։ Այն աստիճան, որ պիտի գրվածի մեջ մի գունավոր մարդ լինի, մի հաշմանդամ մարդ լինի, մի փոքրամասնություն։ Եթե գրականությունը սկսեց էդպես կառուցվել, դա արդեն գրականություն չէ։ Կորցնում է իր ազատությունը, անհատականությունը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Հիմա բոլորն աշխատում են էնպիսի բան գրել, որ վաճառվի, որ պուպուշ լինի, գովեն, շուտ լինի։ Բայց գրականությունը շուտ լինող բան չի։ Ով կարողանում է հակառակվել դրան, գրականություն է ստեղծում։ Թե ինչքան կդիմանա, չգիտեմ, որովհետեւ, ամեն դեպքում, մի բանով ես զբաղվում, որը քեզ փող չի բերում։ Ես փրկվել եմ, որովհետեւ նաեւ պիեսներ, սցենարներ էի գրում, որպես խմբագիր էի աշխատում. կարողացել եմ իմը փրկել, ազատ, մաքուր գրել։
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: