Նուբար Աֆեյան. Պետք է լինել չափազանց ապագայակենտրոն - Mediamax.am

5497 դիտում

Նուբար Աֆեյան. Պետք է լինել չափազանց ապագայակենտրոն


Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` Ավրորա

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST

Նուբար Աֆեյանը
Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST


Flagship Pioneering եւ Moderna Therapeutics ընկերությունների հիմնադիր եւ գործադիր տնօրեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը Futures Studio-ի «Խոսենք ապագայից» շարքում լրագրող Մարկ Գրիգորյանի հյուրն է եղել հունվարի 8-ին ու խոսել Հայաստանի ապագայի, զարգացման նպատակների ձեւավորման եւ Սփյուռքի դերի մասին: Մեդիամաքսը գրի է առել զրույցի ուշագրավ հատվածները:

 

Հետխորհրդային Հայաստանը՝ «սկսնակ բիզնես»

 

Տարիների ընթացքում ես հասկացա, որ երկրի զարգացումը նաեւ անհատներից է կախված: Եթե ցանկանում ես ինչ-որ մի մակարդակի հասնել, չկա որեւէ մեկ անհատ, որը կդրսեւորի իրեն լավագույնս բոլոր իրավիճակներում եւ կկարողանա գտնել լավագույն լուծումները: Անորոշությունները բազմաթիվ են, հետեւաբար, բոլորս կարող ենք մասամբ ստանձնել այդ պատասխանատվությունը եւ նվիրվելով՝ Հայաստանը դարձնել շատ ավելի լավ վայր: Դրա համար որակավորումներ են պետք:

 

Երկրի զարգացման վիճակը նման է սկսնակ բիզնեսի՝ ստարտափի, որտեղ պետք է հասկանաս, թե ինչ ռեսուրսներ, հնարավորություններ ու ցանկություն ունես, պետք է կարողանաս մարդկանց հաղորդել այդ զգացումը, որ ստեղծեն հավելյալ արժեք, այդ կետից սկսելով, ինչ-որ պլան մշակելով, հավատալով, որ կստեղծվի համակարգ՝ սկսել այն կյանքի կոչել:

 

Կարեւոր է որոշել՝ արդյո՞ք զարգացող երկրներում պետք է մտածել ուղղությունների՞, թե՞ վերջնակետի մասին, որ ցանկանում են հասնել: Շատերն ուղղությունն են ընտրում, բայց երբ անհրաժեշտ է փոխակերպվել, պետք է ընտրել վերջնակետը:

 

Առաջնորդի անհրաժեշտ որակները

 

Առաջընթացը կարելի է տարբեր կարողություններով ապահովել, բայց երբ խոսքը մեծ թռիչքների, փոխակերպումների մասին է, ապա պետք է լինել չափազանց ապագայակենտրոն: Պետք է պատկերացնել ապագան, պարտադրել քեզ այդ ապագան եւ, ի վերջո, ռիսկի գնալ այդ ապագային հասնելու համար: Պետք է կարողանալ լիարժեք զգալ այդ ճանապարհին, մարդկանց ներկայացնել առկա անորոշությունները, մարդիկ պետք է հասկանան իրավիճակը: Սա պահանջում է մի շարք իրավիճակներում մեծ հարմարվողականության կարողություն: Եթե խոսքը նոր ապագա ստեղծելու մասին է, ապա առաջնորդը պետք է ունենա անորոշությունների հետ գործ ունենալու կարողությունը:

 

Մտածելակերպի փոփոխությունը

 

Մենք մեզ ավելի հարմար ենք զգում մեզ ծանոթ միջավայրում: Մեր հիշողությունը մեզ անընդհատ ներկայացնում է անցյալի լավ եւ վատ կողմերը, բայց շատ կարեւոր է ապագայի վրա կենտրոնացումը: Երբ փորձում եք նայել ապագային, շատերս ելնում ենք այն կետից, որ ապագան տեղի է ունենալու անկանխատեսելիորեն: Ես հակառակ կերպով եմ դրան նայում: Եթե ցանկանում ես ստեղծել ապագա, որն ավելի գրավիչ է, քան ներկան, ապա պետք է սկզբունքորեն կպչուն-սեւեռուն կերպով պատկերացնես, երեւակայես, թե ինչպիսի ապագաներ կարող են լինել, համեմատել դրանք: Այլընտրանքային ապագաներ տեսնելու եւ տարբեր ապագաներ քննարկելու կարողությամբ՝ մենք կարող ենք գաղափարներ ձեւավորել այն մասին, թե որն է ավելի ցանկալի վերջնակետը:

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST

Մենք պետք է հասկանանք, որ մեզ անընդհատ փորձել են արմատախիլ անել: Այդ երեւակայությունը մեզ կարողություն է տալիս արմատներն ապագայի մեջ աճեցնել: Պատկերացրեք՝ ծառ եք ու պատկերացնում եք, թե ձեր արմատները որտեղ են աճելու քսան տարի հետո, որպեսզի կարողանաք այդ ցանկությունը լրացնել, պետք է կարողանաք պատկերացնել ճանապարհը: Դա ապրելու այլ մոտեցում է: Եթե միասին այդ հավաքական ապագան չստեղծենք, տարիներ հետո շատ ուշ կլինի: Մարդիկ այսօր տառապում են երեւույթներից, որոնց մասին խոսել են քսան տարի առաջ, չեն կարողանում ապագան առաջնահերթ դարձնել, բոլորն անցյալին են նայում: Պետք է անել այնպես, որ մարդիկ հասկանան, որ իրենց ուղեղի աշխատանքն ուղղվի ապագային, որպեսզի ներկան իմաստավորվի, բովանդակություն ձեռք բերի, որովհետեւ այն ծառայում է ապագայի նպատակին:  

 

Սփյուռքի դերն ու պատասխանատվությունը

 

Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո Սփյուռքը շատ լուրջ փոփոխության է ենթարկվել: Սփյուռքում հայկական փոխակերպված իրողության պահպանման ձեռքբերումն է, որ սնուցել է Սփյուռքը մինչ Հայաստանի անկախացումը: Դա, փաստորեն հայտնվեց սպառնալիքի առջեւ, որովհետեւ նոր, պետականություն ունեցող Հայաստան ձեւավորվեց, որը պետք է պաշտպանեինք: Մենք՝ որպես Սփյուռք, հավաքական առումով շատ քիչ բան ենք արել՝ մեր հնարավորությունների հետ համեմատած:

 

Ներկա միջավայրը եւ ճգնաժամը, որի առջեւ կանգնած է Հայաստանը, նաեւ հնարավորություն է: Պետք է փորձենք հասկանալ, թե ինչու է Սփյուռքը ցանկանում մնալ հայ լինելու «ակումբի» անդամ: Պետք է հասկանանք, թե Հայաստանի առջեւ ինչ պատասխանատվություններ ունենք կամ կարող ենք ունենալ: Սփյուռքն առօրյա որոշումներում մասնակցություն չունի, շատերը ասում են՝ պետք է ունենա, եւ միգուցե ճիշտ են, բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչ պետք է անի Սփյուռքը: Այս պահին Հայաստանում առկա ճգնաժամը ստիպում է ավելի բարդ քննարկում ունենալ մեր դերերի եւ պատասխանատվության վերաբերյալ:

Նուբար Աֆեյանը Նուբար Աֆեյանը

Լուսանկարը` FAST

Մեզ պետք է հավաքականություն, ոչ թե միասնականություն, ապագայի ընկալումների հավաքականություն: Պետք է առաջանան քաղաքական օրակարգեր՝ մրցունակ միջավայրում, այդ իրավիճակում ի վերջո ծնվում են ընդհանուր արժեքներ: Հիմնական արժեքը պետք է զարգացնել, հետո արդեն տարբերակներով առաջ շարժվել: Դա գերհետեւողական մոտեցում է պահանջում: Երբ փնտրում ես աջակցություն, պետք է մի կողմ դնես քննադատվելու կասկածամտությունը, որովհետեւ ոչ մեկ չգիտի ճշմարտությունը, բայց հնչող հարցերը կարող ենք օգնել ճշմարտությունը որոնելու եւ պատասխանները գտնելու ճանապարհին:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին