Երեւան: Մեդիամաքս: Սոցիալական ներդրող, IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի կարծիքով, այսօր հայ հասարակության համար հիմնական մարտահրավերը «այսօրվա ճգնաժամի խորության գիտակցումն է»:
«Ճգնաժամի խորության եւ ծավալի գիտակցումը թույլ կտա՝ առանց խուճապի մատնվելու, հասկանալ, որ այն հնարավոր է հաղթահարել միայն համատեղ ջանքերով: Ոչ իշխանությունները, ոչ ընդդիմությունը հնարավորություն չունեն միայնակ լուծել այս խնդիրները: Մեզ պետք է անկեղծ խոսակցություն այն մասին, թե որտեղ ենք մենք գտնվում այսօր, այլ ոչ թե բաժանում «ներկաների» եւ «նախկինների», «սեւերի» կամ «սպիտակների»:
Մենք պատրանք ունենք, որ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մի բան շտկենք, մեր բոլոր խնդիրները ինքնաբերաբար կլուծվեն: Դա այդպես չէ», - ասել է Ռուբեն Վարդանյանը Repat Riarch նախագծին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունները եւ հայկական սփյուռքը ի վիճակի չեն ինքնուրույն լուծել առկա խնդիրները, «անհրաժեշտ է ներգրավել միջազգային կառույցներին ու մասնագետներին, Ռուսաստանին»:
«Հիմնական մարտահրավերներից մեկը ինստիտուտների նկատմամբ վստահության կորուստն է: Մեկ այլ լուրջ խնդիր է կառավարչական ճգնաժամն եւ որոշում կայացնող մարդկանց պակասը: Հայաստանում կառավարչական ճգնաժամ է բոլոր մակարդակներում, եւ մենք չենք պատկերացնում դրա մասշտաբները», - ասել է Վարդանյանը:
Ըստ նրա, ստեղծված իրավիճակում չափազանց կարեւոր է փոխգործակցություն հաստատելը եւ սովորական եսակենտրոն մոդելներից հրաժարվելը: Այդ պատճառով «Ավրորա» նախաձեռնությունն այսօր գործում է Արցախում՝ համագործակցելով բազմաթիվ կազմակերպությունների հետ, նշել է Ռուբեն Վարդանյանը: Նա շեշտել է, որ անհրաժեշտ է «ամեն օր փոքր նախագծեր իրականացնել», քանի որ դա թույլ կտա վերականգնել մարդկանց հույսը:
«Մեզ համար շատ կարեւոր է խուսափել «հավաքական զոհի» բարդույթի կրկնությունից: Այս բարդույթից մենք ազատվել էինք Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ: Այսօր այն վերադարձել է, եւ դա շատ լուրջ մտավոր ճգնաժամ է, որը նպաստում է արտագաղթին: Այս կրկնության հաղթահարումը լուրջ մարտահրավեր է էլիտաների համար», - ասել է Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: