Ռուբեն Վարդանյան. «Հիմա առանցքայինը միջին խավի ճգնաժամն է» - Mediamax.am

9164 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Հիմա առանցքայինը միջին խավի ճգնաժամն է»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ սոցիալական ձեռներեց Ռուբեն Վարդանյանի ելույթից՝  Սկոլկովոյի բիզնես դպրոցի կազմակերպած «Կյանքը կարանտինից հետո. վերականգնման եւ զարգացման ռազմավարություններ» առցանց կոնֆերանսից, որը նվիրված էր համավարակի արդյունքում ստեղծված ճգնաժամի հաղթահարման սցենարներին:

 

Իրականություն, որին պատրաստ չենք

 

Այս ճգնաժամը փոթորիկ չէ, այլ պարզապես տեկտոնական փոփոխությունների արագացում, որոնք սկսվեցին 1989 թվականին ՝ Բեռլինյան պատի փլուզումից: Մենք ապրում ենք փոփոխվող աշխարհում, եւ այդ փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար, կուտակվում եւ արագանում են:

 

Մենք ոչ թե ապրում ենք ճգնաժամի պայմաններում, այլ նոր ժամանակներում. մենք պետք է հասկանանք եւ գիտակցենք, որ աշխարհը «ետ չի թռչելու»: Մենք մտնում ենք նոր իրականություն, եւ այն թելադրելու է ինչպես պետության, այնպես էլ ընտանիքի եւ հասարակության կառավարման մեխանիզմները: Մենք դեռ պատրաստ չենք դրան:

 

Մոդելը, որի մասին երազում էինք

 

Առանցքային խնդիրը միջին խավի ճգնաժամն է, որն անխուսափելիորեն «կպայթեցնի» զբաղվածության համակարգը:

 

Միջին խավի զբաղվածությունն այժմ մեծ հարցականի տակ է: Հիմնարար ճգնաժամ է ապրում այնպիսի մոդելը, որում կբացակայի բեւեռացումը շատ հարուստների եւ շատ աղքատների միջեւ բեւեռացումը`ոչ միայն եկամտի, այլեւ գիտելիքի տեսանկյունից: Ամենաուժեղների եւ ամենաթույլերի միջեւ անջրպետը կխորանա։ Այս իմաստով, միջին խավը կվերանա որպես մի շերտ, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերջին 50-70 տարվա ընթացքում ապահովում էր հասարակության մեջ որոշակի կայունություն եւ հանգստություն:

 

Լրտեսական կապիտալիզմի դարաշրջանը

 

Ես հաճախ եմ մեջբերում Շոշանա Զուբոֆին (Հարվարդի համալսարանի սոցիալական հոգեբանության պրոֆեսոր - խմբ.), որը ներմուծեց «լրտեսական կապիտալիզմ» տերմինը: Կապիտալիզմի այս նոր տեսակը հիմնված է հսկայական տվյալների օգտագործման վրա, որոնք մենք տրամադրում ենք ինքնակամ: Մեծ հնարավորություններ են բացվում ինչպես բիզնեսի, այնպես էլ մարդկանց եւ հասարակության կառավարման համար:

 

Մենք տնտեսության ռեսուրսային, արդյունաբերական մոդելից անցում ենք կատարում դեպի ստեղծարար-մարդակենտրոն մոդել, որը կունենա եւ առավելություններ, եւ թերություններ։ Ինչ-որ փուլում մենք մեր կյանքին առնչվող շատ բաներ հանձնել ենք պետությանը՝ որպես հսկայական ինստիտուտի, եւ մարդու կախվածությունը համակարգից գնալով աճելու է:

 

Համապարփակ մոտեցում

 

Կոչ եմ անում համապարփակ կերպով դիտարկել այս իրավիճակը: Դա վերաբերում է ոչ միայն համավարակին կամ տնտեսական ճգնաժամին, այլեւ նոր ժամանակներին, որոնք մեկնարկել են մեր կյանքի բոլոր ոլորտներում: Մենք պետք է խոսենք այդ ամենի մասին, քննարկենք, վիճենք: Այս ամենը չպետք է մնա նույնիսկ մեկ, ամենակարեւոր ինստիտուտի կամ կառույցի ձեռքում: Միջին խավին ուղղված իմ հիմնական ուղերձը հետեւյալն է. ոչ ոք ոչ մեկին որեւէ բան պարտական ​​չէ: Եթե ​​մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաների ապագան լինի քաղաքակիրթ, նորմալ եւ խելամիտ, ապա ամբողջ հասարակությունը, այդ թվում՝ միջին խավը, պետք է ակտիվորեն մասնակցի իրավիճակի շտկմանը, այլ ոչ թե պարզապես օգնության սպասի կողքից: 

 

Գրի առավ Սոնա Միրզոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին