Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման դպրոցի պրոֆեսոր Դենի Ռոդրիկի հոդվածից՝ գրված Project Syndicate-ի համար։
Երեք միտում
Առաջիկա տարիներին համաշխարհային տնտեսության զարգացումը պայմանավորված է լինելու երեք միտումներով։ Տեղի է ունենալու շուկայի եւ պետության միջեւ հարաբերությունների վերաբալանսավորում՝ հօգուտ վերջինիս։
Միեւնույն ժամանակ, վերաբալանսավորում կլինի հիպերգլոբալիզացիայի եւ ազգային ինքնավարության միջեւ՝ նույնպես հօգուտ վերջինիս: Ի վերջո, տնտեսական աճի հետ կապված մեր հավակնությունները պետք է լրջորեն նվազեցնել:
Covid-19-ի պատճառով առաջացած ճգնաժամն ուժեղացրեց համընդհանուր առողջության ապահովագրություն ներդնելու եւ աշխատողների պաշտպանությունն ամրապնդելու կոչերը։ Դա ստիպում է պետություններին առաջնահերթությունը տալ արտադրության կայունությանն ու հուսալիությանը, այլ ոչ թե ծախսերի կրճատմանը եւ գլոբալ աութսորսինգի միջոցով արդյունավետության բարձրացմանը:
Նոր գլոբալ տնտեսության նախանշանները
Բոլոր երեք միտումները՝ պետության գործողությունների ակտիվացումը, նահանջը հիպերգլոբալիզմից, տնտեսական աճի դանդաղումը, ի հայտ էին եկել համավարակից առաջ: Դրանք կարելի է դիտարկել որպես մարդկության բարգավաճմանը սպառնացող լուրջ մարտահրավերների աղբյուր, բայց չի բացառվում, որ դրանք նաեւ հանդիսանում են նոր, առավել կայուն ներառական համաշխարհային տնտեսության նախանշաններ։
Ազգային պետություն
Պետության վերադարձը տնտեսություն տեղի է ունենում ազգային պետության գերակայության սկզբունքի վերականգնման հետ զուգահեռ: Ամենուրեք խոսում են դեգլոբալիզացիայի, կապերը խզելու, երկրից հանված արտադրական շղթաների վերադարձնելու, արտասահմանյան մատակարարներից կախվածությունը նվազեցնելու, ներքին արտադրողներին եւ ֆինանսական հատվածին աջակցելու մասին:
Միացյալ Նահանգները եւ Չինաստանն այն երկու երկրներն են, որոնք այս առումով եղանակ են ստեղծում։ Եվրոպան նրանց համար մեծ հակակշիռ չի հանդիսանում: Ներկայիս ճգնաժամի ընթացքում Եվրամիությունը եւս մեկ անգամ շեղվեց միջպետական համերաշխության սկզբունքներից ՝ փոխարենը կենտրոնանալով ազգային ինքնիշխանության վրա:

Լուսանկարը` REUTERS
Նահանջը հիպերգլոբալացումից կարող է աշխարհը տանել առեւտրային պատերազմների էսկալացիայի եւ էթնիկ ազգայնամոլության խորացման ճանապարհով, եւ դա կվատթարացնի տնտեսական հեռանկարները՝ բոլորի համար: Բայց դա միակ հնարավոր ելքը չէ:
Հնարավոր է պատկերացնել տնտեսական գլոբալիզացիայի ավելի խելամիտ մոդել, որում ուշադրությունը սեւեռվում է այն հարցերի շուրջ, որտեղ միջազգային համագործակցությունն իսկապես օգուտ է բերում: Մյուս բոլոր առումներով, ազգային պետությունները որեւէ կերպ չեն սահմանափակվելու տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծման իրենց առաջնահերթություններում:
Նման համաշխարհային կարգը չի խոչընդոտի համաշխարհային առեւտրի եւ ներդրումների ընդլայնմանը: Այն կարող էր նույնիսկ օգնել՝ պայմանով, որ տարածություն կստեղծի զարգացած երկրներում ներքին սոցիալական ներդաշնակությունը վերականգնելու եւ զարգացող երկրներում տնտեսական աճն ապահովող անհրաժեշտ ռազմավարություններ մշակելու համար:
Հնարավոր է ինչպես վատ, այնպես էլ լավ ավարտ
Հավանաբար՝ միջնաժամկետ հեռանկարում աշխարհին սպասող ամենամռայլ հեռանկարը կապված է տնտեսական աճի տեմպի զգալի դանդաղեցման հետ՝ հատկապես, զարգացող աշխարհում: Այդ երկրները բախվում են արտաքին լուրջ ցնցումների հետ. կապիտալի ներհոսքի հանկարծակի դադարեցում, տրանսֆերտների ծավալի, տուրիզմից ստացած եկամուտների եւ արտահանման շրջանառության կտրուկ անկում։

Լուսանկարը` REUTERS
Այսուհետ զարգացող երկրները ստիպված կլինեն ապավինել աճի նոր մոդելներին: Համավարակը կարող է խթանել հետագա անելիքների ավելի լայն վերաիմաստավորումը։
Համաշխարհային տնտեսությունն արդեն իսկ շարժվում էր խախուտ, անկայուն ճանապարհով, իսկ Covid-19-ը միայն ավելի պարզ է դարձնում մեր առջեւ ծառացած խնդիրները, ինչպես նաեւ այն որոշումները, որոնք պետք է կայացնենք: Վերանշյալ ոլորտներից յուրաքանչյուրում քաղաքական գործիչներն ունեն ընտրություն: Հնարավոր է ինչպես վատ, այնպես էլ լավ ավարտ: Համաշխարհային տնտեսության ճակատագիրը կախված է ոչ թե վարակի տարածումից, այլ նրանից, թե ինչպես կորոշենք արձագանքել դրան:
Copyright: Project Syndicate, 2020.
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: