Սարգսյան-Օրուջյան զրույց. կորոնավիրուսը եւ նոր աշխարհը - Mediamax.am

2595 դիտում

Սարգսյան-Օրուջյան զրույց. կորոնավիրուսը եւ նոր աշխարհը


Արմեն Օրուջյանը
Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Սարգսյանը
Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Մայիսի 5-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը եւ FAST հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը «Աշխարհը պանդեմիայից հետո. տրանսֆորմացիայի սցենարներ» առցանց վեբինար են վարել: 

 

Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), համագործակցելով Futures Studio քննարկումների հարթակի հետ, անցկացնում է COVID-19 համավարակի թեմայով տեղեկատվական վեբինարների շարք՝ աջակցելու միջազգային հանրությանը։ Վեբինարների նպատակն է քննարկել պանդեմիային առնչվող ամենահրատապ հարցերը եւ դրանց անդրադարձը հասարակության վրա։

 

Մեդիամաքսը գրի է առել Արմեն Օրուջյանի եւ Արմեն Սարգսյանի քննարկման ուշագրավ դրվագները: 

 

Կորոնավիրուսը՝ փոփոխված աշխարհի հետեւանք

 

Արմեն Սարգսյան. «Սովորական վարակը դարձել է համավարակ եւ ստացել համաշխարհային նշանակություն: Հարց է առաջանում, թե ինչու: COVID-19-ն առանձնահատկություններ ունի եւ աշխարհը փոխել է: Այս գլոբալացված, փոխկապակցված աշխարհում՝ հատուկ թեժ կետերով, խոշորագույն քաղաքներով, առեւտրի կենտրոններով, ճամփորդող մարդկանց քանակով արագ զարգացող վարակը, փաստորեն, ոչ մի բանից դարձել է ամեն ինչ եւ հսկայական ազդեցություն ունի տնտեսության, մեր ապագա պլանների, մշակույթի վրա ամբողջ աշխարհում»:      

 

Արմեն Օրուջյան. «Պարոն նախագահ, տեսնու՞մ եք, արդյոք, համակավարակի ստեղծած ռիսկեր, որ սահմանները երկար ժամանակով կպահեն փակ, կխոչընդոտեն գլոբալ զարգացման միտումներին: 

 

Արմեն Սարգսյան. «Թույլ տվեք ձեր հարցին պատասխանել այլ կերպ: Դեռ շատ վաղ է պատկերացնել, թե ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսից հետո: Գուցե, պետք է հասկանալ, թե ինչու է դա տեղի ունեցել: Աշխարհը փոխվելու էր՝ կորոնավիրուսով կամ առանց դրա: Կարծում եմ՝ կորոնավիրուսը փոփոխման պատճառը չէ, ընդամենը հետեւանք է փոփոխության կամ փոփոխված աշխարհի: Կորոնավիրուսն այս մասշտաբով առաջացել է, որովհետեւ մենք էինք փոխվել: 

 

 

Կորոնավիրուսն ընդամենը հիշեցում է, սառը ցնցուղ, Աստծուց ուղարկված ուղերձ, որ ինչ-որ բան սխալ էր այս մոլորակի վրա: Պետք է լրջորեն փորձեք վերլուծել՝ առաջին հերթին ընտանիքի մակարդակում, անհատապես, հանրության տիրույթում, պետական մակարադակով, միջպետական հարաբերություններում եւ այլն: Աշխարհը փոխվել է եւ այլեւս նույնը չի լինելու: Եթե փորձենք գիտնականի աչքերով նայել, սա փորձարկում է ընդամենը, փորձություն մարդկանց համար, թե ինչքանով է հարեւանդ լավը, ընկերները՝ ընկերներ, ինչքանով եք հարգում մշակույթը, ինչպես եք կարիքավորներին օգնում: Սա մարդկության՝ մարդկային լինելու փորձություն է, որովհետեւ մենք մեր մշակույթի մի մեծ հատվածը կորցրել էինք: Մինչեւ կորոնավիրուսն առաջնահերթություններ կային, տեսեք, թե ինչ էր տեղի ունենում Սիրիայում, հիմա Սիրիայի մասին ո՞վ է հիշում: Ամբողջ աշխարհի հեռուստատեսությունների հիմնական նորությունները կորոնավիրուսի մասին են: Մենք փորձություն ենք անցնում, որը շարունակվելու է, եւ կլինեն արդյունքներ։ Փորձեք հետազոտել եւ հասկանալ, թե ինչպես եք կազմակերպելու ձեր հետագա կյանքը, որոնք են լինելու ձեր առաջնահերթությունները: Աշխարհը փոխվել է, եւ եթե ցանկանում ենք հաջողել, ապա պիտի փոխվենք ինքներս»:

 

Տնտեսական երկար «ձմեռն» ու վերադարձ նախկին կյանքին

 

Արմեն Օրուջյան. «Հարցն այն է, թե ինչքանով արագորեն տնտեսապես կվերականգնվենք՝ լավագույն, վատագույն սցենարներով: Ինչպիսի՞ն է լինելու եւ ի՞նչ ձեւաչափ է ձեռք բերելու տնտեսությունը: Մեր առաջատար գործընկերներից մեկը՝ Անդրե Անդոնյանը «McKinsey»-ից, պարբերաբար կանխատեսումներ է հրապարակում, հետազոտությունն այս պահին առաջարկում է, որ ԱՄՆ-ում 2020թ. չորրորդ եռամսյակում տնտեսության ինչ-որ վերականգնումներ կլինեն: Վատագույն դեպքում մենք կարող ենք ակնկալել տնտեսական երկար «ձմեռ»: Ինչպե՞ս եք վերաբերվում այս կանխատեսումներին»: 

Արմեն Օրուջյանը Արմեն Օրուջյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմեն Սարգսյան. «Կարծում եմ, որ Անդրեն ավելի լավ մասնագիտացված է այդ ոլորտում, կհետեւեմ նրա հետազոտություններին: Իմ եզրակացությունը մի քիչ այլ է, ավելի շատ ոչ թե վերականգնմանն է վերաբերում, այլ վերականգնման սահմանմանը: Երբ ասում ենք վերականգնում՝ դրա տակ ենթադրելով զուտ տնտեսական ցուցիչները, օրինակ ՀՆԱ-ի աճ կամ վերադարձ նախկին կյանքին, ապա ես փոքր-ինչ անհամաձայն եմ դրա հետ: Այսինքն՝ եթե վերադառնալու ենք անցյալին, ասելով, որ, այո՛, այն մեզ մի քանի տարով հետ գցեց, հիմա վերականգնվեցինք, եկեք շարունակենք անել այն, ինչ անում էինք՝ բնության, առողջապահական համակարգի, գործարարության մոտեցումների հետ, ապա խնդիրներ կունենանք: 

 

Այսինքն՝ ես չեմ պատասխանում Ձեր հարցին այն տեսանկյունից, թե որ կորերով տեղի կունենա վերականգնումը, բայց ես կարծում եմ՝ հիմա քննարկում ենք, թե ինչպես է պետք վերադառնալ նորմալ լինելուն։ 

 

Այն, ինչ անում էինք, այնքան էլ պատասխանատու չէր, եթե կարելի է այդպես ասել: Երբ կորոնավիրուսը հասավ Հայաստան, երբ կառավարությունը սկսեց միջոցառումներ ձեռնարկել, եւ մեքենաների քանակը Երեւանում սկսեց զգալիորեն նվազել, օդի որակը նորից զգացինք: Ասում էինք՝ Երեւանը հինգ անգամ մեծացավ, որովհետեւ սկսեցին շատ ավելի հեռուն տեսնել օդի մաքուր լինելու շնորհիվ: Նախկինում ոչ առողջ օդ էինք շնչում, միգուցե, ոչ առողջ սնունդ ուտում, ներդրում անում ոչ առողջ տնտեսության մեջ: Երբ կորոնավիրուսը սկսվեց, կառավարություններն ամբողջ աշխարհում սկսեցին պլանավորել կամ ներարկել մեծ ծավալով գումարներ կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում եւ վերականգնմանն ուղղված: Կարո՞ղ ենք, արդյոք, վստահել գլոբալ շուկային ապագայում, իմ եզրակացությունն այն է, որ ժամանակն է մեզ համար տեսնել այս փորձության արդյունքները եւ լրջորեն մտածել, թե որտեղ ներդրում անել, որովհետեւ համավարակներ լինելու են, կլինի այլ վարակ՝ այլ անունով, եւ այդ մեկին մենք պատրաստ չենք լինի: Ի վերջո, կկորցնենք մեր թիրախը, չենք հասկանա, թե ուր ենք գնում: Պետք է դաս քաղենք այս համավարակից»:   

 

Փոխկապակցվածության ուժը

 

Արմեն Օրուջյան. «Մեր հիմնադրամի համահիմնադիրներից մեկը՝ Ռուբեն Վարդանյանը, վերջերս հարցազրույց է տվել ռուսական լրատվամիջոցներից մեկին՝ առաջարկելով հետեւյալը՝ այն ինչ գիտեինք տարվա սկզբում, այլեւս կորսված է, եւ հիմա պետք է բացառապես այլ բան պատկերացնենք: Հիմա պետք է հասկանանք՝ ցանկանո՞ւմ ենք վերադառնալ այն վիճակին, որում եղել ենք: Նորմալը ո՞րն է լինելու։ Ինչպիսի՞ն աշխարհը կլինի մեկ տարուց, երեք տարի անց: Որո՞նք կլինեն հիմնարար փոփոխություններն աշխարհում, մեր կյանքում»: 

 

Արմեն Սարգսյան. «Գլոբալ առումով՝ ուժը մեծացել է, համավարակները դասական չեն բացարձակ՝ բազմաթիվ պատճառներով, եւ առաջին պատճառը փոխկապակցվածությունն է, հաղորդակցությունը: Հաղորդակցության մակարդակը, որին հասել ենք, հիմնարար նշանակություն ունի, հիմնարար գաղափար է: Այսօրվա աշխարհը միայն պարզ մասնիկներից չէ բաղկացած, կան մասնիկներ, որոնք միավորվելով ստեղծում են ատոմ, հետո ատոմներն են միավորվում՝ փոխկապակցվելով, ստեղծում մոլեկուլներ, հետո դրանք ստեղծում կենսաբանական նյութեր եւ այլն, եւ այլն: 

 

Նույնը տեղի է ունենում մեզ հետ, մենք փոխկապակցված ենք եւ դա, կարելի է ասել, կարեւորագույն հարցերից մեկն է այս նոր աշխարհում: 

Արմեն Սարգսյանը Արմեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Հիմա մենք փոխկապակցված ենք՝ հիսուն տոկոսով նյութապես, հիսուն տոկոսով՝ վիրտուալ աշխարհում: Կորոնավիրուսն էլ մեր փոխկապակցվածության տիրույթներից մեկն է, երբ իրար տեսնում ենք, հպվում, կիսվում գաղափարներով, բայց միաժամանակ՝ փոխանակվում մանրէներով: Այսինքն՝ այդ փոխկապակցվածությունը կապ ունի, եւ այս աշխարհում այդ փոխկապակցվածության չափը, քանակը, արագությունը կամ արագացումը այնքան է բարձրացել, որ աշխարհը կարելի է համարել նոր աշխարհ, ես կարող եմ քննարկել, թե աշխարհն ինչ տեսք կունենա հինգ, տասը, քսան տարուց: Մենք այլեւս չենք վախենա արհեստական բանականությունից, դրանից կօգտվենք, դրա օգնությամբ կկարողանանք գտնել վարակները, լուծումները շատ ավելի արագորեն, մեր բժշկական գործիքները նույնպես շատ ավելի արդյունավետ կլինեն: Այդ ամենը կփոխի մեր արդյունաբերական տիրույթը, արտադրող հզորություններ կլինեն նրանք, որոնք այդ փոխկապակցվածության մաս կլինեն: Մեքենայացված սարքավորումները կարտադրվեն ռոբոտների կողմից, հետեւաբար՝ մեր կյանքն ամբողջությամբ փոխվելու է, եւ ոչ միայն արդյունաբերական տեսանկյունից, նաեւ այն տեսանկյունից, թե ինչպես ենք վերաբերվում հիմնարար արժեքներին: 

 

Ես կոչ եմ անում լրջորեն վերաբերվել այս հարցերին: Կորոնավիրոսով, թե առանց դրա՝ աշխարհը շատ բարձր արագությամբ շարժվում է դեպի փոփոխություն»։

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին