Մարկ Ցուկերբերգ. վարակի դեմ պայքարը եւ տվյալները - Mediamax.am

2750 դիտում

Մարկ Ցուկերբերգ. վարակի դեմ պայքարը եւ տվյալները


Լուսանկարը`


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հատվածներ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի The Washington Post-ում հրապարակված հոդվածից:

 

Տվյալներ հանուն բարօրության

 

Մենք հրապարակել ենք հիվանդության տարածումը կանխելու մի քանի քարտեզներ՝ հիմնվելով մեր «Տվյալներ հանուն բարօրության» (Data for Good) ծրագրի վրա, որը ցույց է տալիս, թե ուր են գնում մարդիկ, եւ որտեղ է տեղի ունենում տարածաշրջանների միջեւ փոխազդեցությունը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում Ասիայում, Եվրոպայում եւ Հյուսիսային Ամերիկայում հանրային առողջության ոլորտի հետազոտողները օգտագործել են այս տվյալների փաթեթները՝ իրազեկման եւ որոշումներ կայացնելու նպատակով:

 

Թայվանի մասնագետները կարողացել են նույնականացնել վարակման առավել հավանականություն ունեցող քաղաքները, Իտալիայում գիտնականները վերլուծում են եկամուտների անհավասարության հետ կապված ինքնամեկուսացման միջոցառումները, իսկ Կալիֆոռնիայի պաշտոնյաները ամենօրյա ռեժիմով ուսումնասիրում են տվյալները, որպեսզի ճիշտ հուն ուղղեն հանրային առողջության առաջարկությունները:

 

Մենք համագործակցել ենք Նյու Յորքի համալսարանի (New York University), ինչպես նաեւ Մոնրեալի «Mila» հետազոտական ինստիտուտի հետ: Օգտագործելով արհեստական բանականությունը՝ մենք օգնում ենք հիվանդանոցներին ավելի լավ կանխատեսել այնպիսի սահմանափակ ռեսուրսների անհրաժեշտությունը, ինչպիսիք են անհատական պաշտպանիչ միջոցները եւ թոքերի արհեստական օդափոխության սարքերը:

 

Տվյալները մեծ օգուտ են բերում

 

Այսպիսի տվյալները մեծ օգուտ են բերում: Քանի որ մենք բոլորս հավելվածների եւ էլեկտրոնային սարքերի միջոցով ամեն օր տվյալներ ենք ստեղծում, թվում է, որ շատ ավելի մեծ հնարավորություններ կան տվյալների օգտագործման համար, եւ դրանք կարող են օգտագործվել հանրային առողջապահական համակարգի շահերից ելնելով: Այնուամենայնիվ, կարեւոր է, որպեսզի դա արվի առանց քաղաքացիների մասնավոր կյանքը եւ մարդու իրավունքները ոտնահարելու:

 

Ինֆորմացիայի պաշտպանություն

 

Կարեւոր է նաեւ, որպեսզի այս գործում ներգրավված կազմակերպությունները դա անեն այնպես, որ անձանց տրամադրած ինֆորմացիան պաշտպանված լինի, եւ որ հավաքագրված ցանկացած տվյալ օգտագործվի միայն արտակարգ հանգամանքներում, ինչպես նաեւ ճգնաժամային այլ իրավիճակներում: Կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարը կյանքի բոլոր ոլորտներում պահանջեց աննախադեպ գործողություններ, բայց դա չպետք է զոհաբերություններ ենթադրի մեր մասնավոր կյանքում:

 

Նախկինում աշխարհն արդեն բախվել է համավարակների, բայց այս անգամ մենք ունենք նոր գերհնարավորություններ` հանուն բարօրության տվյալներ հավաքագրելու եւ փոխանակելու ունակությունը: Ես լավատեսորեն եմ տրամադրված եւ վստահ եմ, որ ճիշտ եւ պատասխանատու կերպով կիրառվելու դեպքում այս տվյալները կարող են օգնել աշխարհին պատշաճ արձագանքել ներկայիս առողջապահական ճգնաժամին եւ շարժվել հիվանդությունը հաղթահարելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին