Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ այսօր կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ պետական, քաղաքական գործիչ, դիվանագետ, դասախոս եւ գիտնական Ռուբեն Շուգարյանը:
Ռուբեն Շուգարյանը մահացել է Բոստոնում՝ նախորդ շաբաթ ստացված կաթվածի հետեւանքով:
«Ռուբեն Շուգարյանը մեծ ավանդ է ունեցել ՀՀ դիվանագիտական ծառայության համակարգի կայացման գործում: Դիվանագետի բազմամյա գործունեության ընթացքում նա իր մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, նվիրվածությամբ եւ մարդկային որակներով կարողացել է լավագույնս ներկայացնել Հայաստանի ազգային շահերը եւ առաջ մղել ՀՀ արտաքին քաղաքական գերակայությունները: Դրա արդյունքն են եղել ԱՄՆ-ի, եվրոպական մի շարք երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ մի շարք այլ ուղղություններով գրանցված ձեռքբերումներըՄեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Շուգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը: Նոր լուսավոր մարդկային եւ փայլուն դիվանագետի կերպարը մշտապես վառ կման մեր հիշողություններում»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Ռուբեն Շուգարյանի մահվան կապակցությամբ ցավակցությամբ հանդես է եկել Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ):
«2008 թվականին Ռուբեն Շուգարյանը բարձր մարդկային որակների, քաղաքացիական համարձակության եւ սկզբունքայնության օրինակ ծառայեց հանրությանը, երբ ԱԳՆ-ի մի քանի աշխատակիցների հետ միասին հրապարակայնորեն իր ձայնը բարձրացրեց, դատապարտելով նախագահական ընտրությունների կեղծումը, ինչի պատճառով ենթարկվեց ռեժիմի ապօրինի հետապնդումների եւ ճնշումների, զրկվելով աշխատանքից եւ դիվանագիտական կոչումից։ Նա երբեք չընկրկեց այդ ճնշումների առաջ, բարձր պահելով իր արժանապատվությունն ու վաստակելով հասարակության հարգանքը եւ համակրանքը։ Ռուբենը ստիպված էր լքել Հայաստանը եւ բնակություն հաստատել ԱՄՆ-ում, զբաղվելով գիտական գործունեությամբ եւ դասավանդմամբ Թաֆթսի համալսարանում։ Այդ բնագավառում նույնպես Շուգարյանը դարձավ օրինակելի գործիչ, հարգված դասախոս եւ քաղաքագետ, արժեքավոր հրապարակումների հեղինակ։ Ակտիվորեն մասնակցեց Հայաստանի ժողովրդավարացմանը եւ աջակցեց ներքաղաքական հեղափոխական գործընթացներին», - ասված է ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
Ռուբեն Շուգարյանը 1991-1993թթ. եղել է ՀՀ նախագահի մամլո քարտուղար եւ արտաքին կապերի գծով օգնական:
1993-1999թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը:
1999-2005թթ. եղել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ:
2005-2008թթ. զբաղեցրել է Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում որպես ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի (նստավայր՝ Հռոմ) պաշտոնը:
2008թ-ից սկսած դասավանդում էր Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում՝ որպես հրավիրյալ դասախոս եւ գիտնական:
2019 թվականի մարտին, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր էր ստորագրել արտաքին գործերի նախարարի խորհրդական Ռուբեն Շուգարյանին արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելու մասին:
Ռուբեն Շուգարյանը արտակարգ եւ լիազոր դեսպանի աստիճանից զրկվել էին 2008 թվականի գարնանը՝ ԱԳՆ-ից հեռացվելուց հետո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: