Երեւան: Մեդիամաքս: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն այսօր հայտնել է, որ անվտանգային միջոցառումներից ելնելով՝ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մուտքը փակ է լինելու:
Այս որոշումը կհաստատի պարետատունը:
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը կտրվի ապրիլի 23-ին՝ ժամը 21:00-ին:
«Այդ ժամին կհնչեն եկեղեցական զանգերի ղողանջները, որոնց ներքո կմարվեն Երեւանի եւ մարզկենտրոնների փողոցների լույսերը: Կոչ ենք անելու նաեւ մեր քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը եւ բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայություն անմար կրակի շուրջ: Լուսավառ ոգեկոչման րոպե կունենա նաեւ իր խորհրդանշական արձագանքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից:
Իսկ ապրիլի 24-ին առավոտյան 8:00-ից սկսած քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին` իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվան:
Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին»,- մանրամասնել է վարչապետի աշխատակազմի ղեկավարը:
Նա նշել է, որ ապրիլի 24-ին ժամը 10:00-ից Ծիծեռնակաբերդ կայցելեն ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահը եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: