Մեզ թվում է, որ աշխարհը մեր շուրջն է պտտվում, բայց դա այդպես չէ - Mediamax.am

8026 դիտում

Մեզ թվում է, որ աշխարհը մեր շուրջն է պտտվում, բայց դա այդպես չէ


Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard

Լուսանկարը` Beth Rosengard


Կորոնավիրուսի համավարակի եւ կարանտինի օրերին մեզանից շատերը մտածում են կյանքի իմաստի մասին կամ վերաիմաստավորում են կյանքը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ամերիկացի բլոգեր Զաթ Ռանայի էսսեն: Հեղինակը վստահ է, որ եթե որքան ավելի սթափ մենք նայենք աշխարհի հետ մեր հարաբերություններին, այդքան ավելի հեշտ կհաղթահարենք դժվարությունները:

 

Զաթ Ռանա

 

Մեզ բոլորիս թվում է, որ աշխարհը մեր շուրջն է պտտվում: 

 

Մեր մտքերն ու զգացմունքները կախված են նրանից, թե ինչպես են մեր զգայարաններն ընկալում ինֆորմացիան եւ ինչպես է այն զուգորդվում մեր անձնական փորձի հետ: Արդյունքում ստացվող իրականության սուբյեկտիվ պատկերը մեզ համար շատ կարեւոր է: Բայց դա պատրանք է:

 

Մենք մոռանում ենք, որ այս իրականությունը գոյություն ունի միայն մեր գիտակցության մեջ, եւ ցանկացած այլ անձ ունի իր սեփական իրականությունը:

 

Եկեք անկեղծ լինենք. մեզանից յուրաքանչյուրը շատ միլիարդներից մեկն է ՝ մի կաթիլ պատմության հոսքի մեջ: Մենք աննշան ենք: Նույնիսկ Նյուտոնի եւ Էյնշտեյնի պես հանճարները, որոնց մենք գնահատում ենք մարդկության զարգացման գործում իրենց ներդրման համար, միայն մի փոքր ավելի պակաս աննշան են:

Լուսանկարը` Beth Rosengard

Եթե վաղը մենք մահանանք, քիչ բան կփոխվի: Մեր սիրելիների տրամադրությունը, օրինակ: Բայց երկիրը դուրս չի գա իր ուղեծրից, եւ ֆիզիկայի օրենքները չեն դադարի գործել:

 

Շատերին այսպիսի մտքերը դուր չեն գալիս. Դրանք հակասում են այն պատմությանը, որը մեր միտքն է հորինում:

 

Մեզ սովորեցրել են առանձնահատուկ համարել սեփական անձը, եւ մեզ հաճելի է հավատալ դրան: Ես չեմ ուզում ցինիկ թվալ կամ փչացնել ձեր տրամադրությունը: Ընդհակառակը: Ես սա գրում եմ, քանի որ սուբյեկտիվ ընկալման եւ օբյեկտիվ իրականության միջեւ տարբերության գիտակցումը իմաստալից եւ բովանդակալից կյանքի բանալին է:

 

Սեփական աննշանության գիտակցումը մեր միտքն ազատում է մեր կյանքի բազմաթիվ խնդիրների մեղավորի՝ եսակենտրոնությամբ ճիրաններից:

 

Այդ էգոն խոսում է մեր մեջ, երբ մեզ համեմատում ենք ուրիշների հետ: Կամ երբ ընկալում ենք կյանքի դժվարություններն այնպես, ասես մեզ խոստացել են, որ միշտ հեշտ է լինելու: Հենց այդ էգոն է մեր գլխում սերմանում հաջողության մտածածին չափանիշները:

 

Ի՞նչ ունենք արդյունքում: 

 

Մենք վատնում ենք մեր կյանքը անպետք եւ ավելորդ բաների վրա: Նահանջում ենք անախորժության կամ դժվարության թեթեւակի ակնարկի դեպքում: Բայց մի օր գիտակցում ենք, որ երկար տարիներ փորձում էինք ապրել ուրիշի կյանքով:

 

Վարվել այնպես, իբրեւ թե մեզ հատուկ դեր է տրված Տիեզերքում, դատարկ տեղ դառնալու անվրեպ միջոց է: Այս պատրանքի պատճառով մենք տեսադաշտից կորցնում ենք այն հնարավորությունները, որոնք կարող էր տալ մեր սեփական աննշանության գիտակցումը:

 

Եկեք հերթով թվարկենք դրանք: 

 

1. 1757 թվականին բրիտանացի քաղաքական գործիչ եւ հրապարակախոս Էդմունդ Բերկը հրատարակեց «Փիլիսոփայական ուսումնասիրություն վեհ երեւույթների եւ գեղեցիկի մասին մեր գաղափարների ծագման վերաբերյալ» աշխատությունը, որը գեղեցիկի փիլիսոփայության ամենակարեւոր գործերից մեկն է: Այս աշխատության մեջ Բերկը սահման գծեց գեղեցիկի զգացումի եւ վեհ ապրումների միջեւ:

 

Բոլորս գիտենք, ինչ է գեղեցիկը: Ամեն օր զգում ենք գեղեցիկն այն ամենի մեջ, ինչը գրավում կամ ուրախացնում է մեզ: Վեհությունը այլ բան է: Այն պարզապես արտաքին գեղեցկությունը չէ: Սա մի բան է, որը շշմեցնում է մեզ: Սա մի բան է, որը ստիպում է մեզ զգալ սեփական անարժեքությունը: Սա այնպիսի հզոր բան է, որ կարող է ամբողջովին կլանել մեզ:

Լուսանկարը` Beth Rosengard

Մենք բախվում ենք վեհ ապրումներին, երբ տեսնում ենք բնության ուժը: Երբ սիրահարված ենք կամ նայում ենք արվեստի գործերին: Սա ուժեղ զգացողություն է, որը դուրս է սովորականի եւ նորմալի սահմաններից:

 

Վեհ ապրումների մեջ սուզվելու համար հարկավոր է մոռանալ սեփական անձի մասին: Անհնար է ավելի մեծ բանի մաս դառնալ, քանի դեռ ներքուստ չես ընդունում, որ ինքնաբավ չես: Ռիսկի գնալու եւ թուլություն ցուցաբերելու պատրաստակամությունը պարգեւատրվում է էքստատիկ զգացողություններ ունենալու հնարավորությամբ:

 

Գոյություն չունի այնպիսի մեկը, որն ունակ չէ զգալ այս ամենը, բայց սեփական անձի կարեւորության խորը համոզումը խոչընդոտում է այդ հարցում: Մենք ուզում ենք հրճվանք զգալ, բայց չենք ուզում ընդունել սեփական խոցելիությունը, եւ արդյունքում խոցելիության վախը մեզ փակուղի է տանում:

 

Եթե դուք ոչինչ եք, այս խնդիրը ձեզ համար գոյություն չունի: Դուք արդեն իսկ գիտակցում եք, որ անպաշտպան եք աշխարհի առջեւ, ուստի պատրաստ եք բացվել եւ փորձել ինչ-որ բան ստանալ դրա դիմաց:

 

Եվ ստանում եք՝ ոչ միշտ, բայց հաճախ: 

 

2. Կյանքում մենք ուղղորդվում ենք պիտակներով եւ հիերարխիայով: Այդպես մենք փորձում ենք կարգի բերել իրականության քաոսը: Բայց պիտակները եւ հիերարխիան բացարձակ ճշմարտություններ չեն:

 

Ծառը սկսեց անվանվել ծառ ոչ թե բնության օրենքի համաձայն, այլ այն պատճառով, որ մեր ուղեղը այդ կերպ սովորեց ընկալել այն:

 

Իսկ հիմա ամենակարեւորը: Իրականության մեր ընկալումը միայն պայմանական մոդել է, որի ճշգրտությունը սահմանափակվում է մեր լեզվի շրջանակներում, որն ինքնին անկանխատեսելի է եւ մեծ մասամբ ոչ ճշգրիտ: Ալբեր Քամյուն ասում էր. մենք փորձում ենք անիմաստ աշխարհում ողջախոհ կերպով ապրել, ուստի հաճախ մեր կյանքը վերածվում է մշտական հակամարտության:

Լուսանկարը` Beth Rosengard

Աշխարհը թքած ունի ձեր մտացածին մեծամտության վրա: Վաղ թե ուշ սեփական անձի մասին ձեր ընկալումները հակասության մեջ են մտնելու անտարբեր եւ կոշտ իրականության հետ:

 

Դուք կարող եք հպարտանալ ձեր կարգավիճակով, բայց եթե գիտակցում եք, որ այն չի կարող ձեզ բարձրացնել կամ նսեմացնել, ապա ավելի ամուր եք կանգնած ձեր ոտքերի վրա:

 

Սա մտածողության մեջ փոքր տեղաշարժ է, բայց մեծ փոփոխություն կյանքի համար:

 

3. Մեր կյանքը որոշվում է ոչ թե ցանկություններով, այլ հանուն դրանց պայքարելու պատրաստակամությամբ: Երբ ինքներդ ձեզ ներշնչում եք, որ առանձնահատուկ եք, ապա չափազանց պահանջկոտ եք դառնում. ձեզ սկսում է թվալ, թե Տիեզերքը ձեզ ինչ-որ բան է պարտական:

 

Մենք գերադասում ենք հավատալ երջանկության եւ հաջողության մասին էժանագին հեքիաթներին, ուստի տպավորություն է ստեղծվում, որ երկուսն էլ հեշտությամբ են ձեռք բերվում:

 

Դառը ճշմարտությունն հետեւյալն է. Տիեզերքը որեւէ մեկին պարտական չէ: Այն թքած ունի մեր ցանկություններ վրա: Այն ինքն իրենով է գործում `սեփական օրենքների համաձայն: Եվ ցանկալի արդյունքի հասնելու համար մենք պետք է ինքներս առաջնահերթություններ սահմանենք:

Լուսանկարը` Beth Rosengard

Փայլուն կարիերայի մասին երազելը նորմալ է, բայց պարզապես հավատալը, որ դուք արժանի եք դրան, ձեզ չի մոտեցնում նպատակին: Կկառուցեք կարիերա թե ոչ, կախված է նրանից, թե ինչ գին եք պատրաստ վճարել դրա համար. պատրա՞ստ եք առավոտից մինչեւ երեկո աշխատել, որեւէ բան չստանալով դրա դիմաց եւ գիտակցելով, որ դեռ շատ արյուն, քրտինք եւ արցունք պիտի թափեք, իսկ թունելի վերջում դեռ լույս չի նշմարվում: 

 

Այս ամենին պատրաստ լինելու համար հարկավոր է ինքնաքննադատություն: Հակառակ դեպքում, դուք չեք կարողանա խոստովանել ինքներդ ձեզ, որ պարզապես մեկն եք այն միլիարդավոր մարդկանցից, որոնք երազում են լավ աշխատանքի, սիրո եւ երջանկության մասին: Բոլորս էլ նույնն ենք ուզում:

 

Միայն այս կերպ դուք կկարողանաք հասկանալ, որ ուրիշներից ձեզ տարբերում են ոչ թե ցանկությունները, այլ այն, ինչ պատրաստ եք զոհաբերել հանուն դրանց. ինչ փոխզիջումներ եք պատրաստ անել, ինչ ճակատագրի հարվածներ եք պատրաստ ընդունել, եւ որքանով եք գիտակցում, որ, չնայած բոլոր ջանքերին, գուցե ոչնչի չհասնեք:

Լուսանկարը` Beth Rosengard

Պետք է քաջություն ունենալ, դեմքով շրջվել կյանքին եւ ասել. «Միգուցե ես շատ բանի ընդունակ չեմ եւ չեմ հասնի իմ նպատակին, բայց, գրողը տանի, դա չի նշանակում, որ չեմ փորձելու»:

 

Մեծ հաշվով, հենց սա է կյանքի նպատակը. գիտակցել, ինչպիսին է իրականությունը, եւ դրանից հետո ամեն կերպ փորձել դարձնել այն այնպիսին, ինչպիսին ցանկանում եք տեսնել:

 

Մեզանից յուրաքանչյուրը հսկայական տիեզերական օրգանիզմի փոքրիկ բջիջ է, եւ իրականում սա հիանալի է, եթե պատրաստ ենք ընդունել աշխարհն այնպիսին, ինչպիսին այն կա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին