Երեւան: Մեդիամաքս։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հայտնել է, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակվածության 482 հաստատված դեպք կա, որից 58-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում:
«Այս 58 դեպքերից 25 հոգին ի սկզբանե եղել են հատուկ պահման վայրերում, շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել։ 31 հոգին, որոնց մեջ նաեւ բուժաշխատող կա, կասկածելի գոտում են եղել, այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Միայն երկուսն են, որ նոր դեպքեր են, եկել են արտերկրից, նրանց շփման շրջանակը հիմա պարզվում է»,- ասել է նախարարը։
Նախարարի խոսքով՝ թվարկածված դեպքերի թվում է նաեւ բանակում արձանագրված մեկ դեպք:
Մինչ այժմ բուժվածների թիվը կազմում է 30:
Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ 14 ծանր եւ 1 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտ կա:
«Ծայրահեղ ծանրը, հավանաբար, կդառնա ծանր, բարելավում ունենք, հնարավոր է՝ արհեստական օդափոխության սարքն անջատենք եւ նա սկսի ինքնուրույն շնչել: Եվս 2 ծանր պացիենտ էլ, մեր բժիշկների աշխատանքի շնորհիվ, կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ», - մանրամասնել է նա:
Նա հավելել է, որ ծանր համարվող դեպքերի մեջ նաեւ երիտասարդ կա, բայց նաեւ նրա դեպքում հավանականությունը մեծ է, որ կդառնա միջին ծանրության եւ ամբողջությամբ կապաքինվի:
«Պացիենտների քրոնիկական հիվանդություններն են ի վերջո որոշում ելքը, քանի որ առանց քրոնիկական հիվանդությունների պացիենտները հիմնականում չեն էլ հասնում վերակենդանացման բաժին»,- ասել է առողջապահության նախարարը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: