Բարեփոխումնե՞ր, թե՞ հեղափոխություն - Mediamax.am

exclusive
4183 դիտում

Բարեփոխումնե՞ր, թե՞ հեղափոխություն


Լուսանկարը` Liberty leading the people_Masato Tamakake

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Մեդիամաքսը ներկայացնում է Վաշինգտոնի համալսարանի ռուսաստանյան եւ եվրասիական ուսումնասիրությունների պրոֆեսոր Դանիել Շիրոյի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: Դանիել Շիրոն վերջերս լույս է ընծայել «Դուք ասում եք, որ հեղափոխությո՞ւն եք ուզում։ Արմատական իդեալիզմը եւ դրա ողբերգական հետեւանքները» գիրքը:

 

Ժամանակակից պատմության մեջ ամենահայտնի հեղափոխություններին անխտիր նախորդում է հասարակության մեջ բեւեռացման աճը՝ սուր հասարակական եւ տնտեսական խնդիրները լուծելու կառավարության անկարողության ֆոնին։ 

Լուսանկարը` REUTERS

Անբարյացակամությունն ու անվստահությունն ուժեղանում են, ինչը նպաստում է բողոքի ցույցերի ընդլայնմանը, որոնք ժամանակի ընթացքում հանգեցնում են բռնության։ Ծայրահեղականությունն աճում է, քանի որ չափավոր ուժերը ստիպված են դաշինք կազմել ծայրահեղ ձախ կամ ծայրահեղ աջ ուժերի հետ։ Իսկ նրանք, ովքեր փորձում են քաղաքական սպեկտրի մյուս կողմում չափավոր ուժերի հետ փոխզիջում գտնել, ի վերջո վարկաբեկվում եւ դուրս են մղվում: Հենց դա էլ կատարվում է այսօր աշխարհի շատ երկրներում, ներառյալ՝ ԱՄՆ-ում: Այնտեղ, իհարկե, նոր հեղափոխություն չի սպասվում, բայց երկիրը, հնարավոր է, աստիճանաբար մոտենում է դրան, քանի որ նրա քաղաքական կենտրոնը փլուզվում է:

Լուսանկարը` Liberty leading the people_Masato Tamakake

Պատմության առավել ակնհայտ օրինակները ցույց են տալիս, թե ինչպես է դա տեղի ունեցել անցյալում: 1789 թվականի Ֆրանսիական հեղափոխությունն ի սկզբանե առաջնորդվել էր Լուսավորության լիբերալ իդեալներով: Բայց թագավորը եւ ազնվականությունը հրաժարվում էին կորցնել արտոնությունները: Սկսվեց օտարերկրյա պետությունների միջամտությունը Հեղափոխության դեմ, եւ չափավոր առաջնորդները (օրինակ՝ Ամերիկյան հեղափոխության հերոսը՝ Լաֆայետը, որը ցանկանում էր սահմանադրական միապետություն հիմնել) սկսեցին աճող քննադատության ենթարկվել ձախերի կողմից, որոնք նրանց անվանում էին «ռոյալիստական գործիքներ» եւ «հեղափոխական դավաճաններին» դատապարտող աջերի կողմնակից։ Այդ ամեն գործեց Յակոբինների օգտին, որոնք կազմակերպեցին տեռորի տիրապետություն եւ հրահրեցին դաժան քաղաքացիական պատերազմ, որի ընթացքում սպանվեցին հարյուրհազարավոր մարդիկ:

Լուսանկարը` REUTERS

Ռուսաստանում 1917 թվականի հեղափոխության ժամանակ իշխանությունն ի սկզբանե գրավել էին ավելի լիբերալ ու չափավոր սոցիալիստները՝ Ալեքսանդր Կերենսկիի գլխավորությամբ։ Նրանք սխալ թույլ տվեցին՝ չդադարեցնելով Ռուսաստանի մասնակցությունն Առաջին համաշխարհային պատերազմին: Երբ ծայրահեղ աջ գեներալները ցանկանում էին հասնել միապետության վերականգնմանն, իշխանությունները խուճապի մատնվեցին եւ զենքը հանձնեցին Լենինի բոլշեւիկներին, որոնք օգտվեցին իրավիճակից։ Հասարակության մեջ ծայրահեղ բեւեռացման պայմաններում չափավոր սոցիալիստները պահպանում էին դաշինքը բոլշեւիկների հետ այնքան ժամանակ, քանի դեռ չէին պարզել (շատ ուշ), որ նրանք նույնպես դատապարտված են ոչնչացման:

Լուսանկարը` REUTERS

1978 եւ 1979 թվականներին Իրանում շահը նույնպես մերժում էր չափավոր ժողովրդավարական բարեփոխումները, քանի դեռ շատ ուշ չէր։ Իսլամիստները տապալեցին վաղեմի լիբերալ վարչապետ Շապուր Բախտիյարին, որը ձգտում էր փոխզիջումային լուծումների, եւ նրան աքսորեցին Ֆրանսիա (որտեղ 1991 թվականին սպանվել էր իրանական գործակալների կողմից): Բախտիյարի հրաժարականից հետո երկրում ձեւավորվեց չափավոր իսլամիստների եւ արմատականների դաշինք: Սակայն այաթոլլա Ռուհոլլահ Խոմեյնին վարպետորեն օգտվեց արտաքին միջամտության սպառնալիքից, ինչպես նաեւ չափավորների միամտությունից, որպեսզի հասնի նախագահ Աբոլհասան Բանիսադրի՝ ցենտրիստական հայացքների իսլամիստի իմփիչմենթին եւ վտարմանը։ Ստանալով լիակատար վերահսկողություն՝ Խոմեյնիի ռեժիմն անմիջապես արյունալի ռեպրեսիաներ սանձազերծեց։ 

 

Կարելի է շատ այլ օրինակներ բերել. Մեքսիկան 1910 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հակագաղութային հեղափոխությունները, Կուբան 1959-ին, Աֆղանստանը, որը 1978-ին ի սկզբանե հայտնվեց կոմունիստների վերահսկողության տակ, այնուհետեւ երկարատեւ քաղաքացիական եւ միջազգային պատերազմներից հետո՝ 1996-ին, գրավվեց թալիբների կողմից։

Լուսանկարը` REUTERS

Նմանատիպ իրավիճակներն ունեն մեկ ընդհանուր առանձնահատկություն. հասարակության մեջ այդպիսի ուժեղ քաղաքական պառակտումն առաջանում է միայն երկարատեւ ժամանակաշրջանից հետո, երբ պարզ է դառնում, որ անհրաժեշտ են բարեփոխումներ, իսկ նրանք, ովքեր իշխանության ղեկին են՝ չհասկանալով ստեղծված իրավիճակի ամբողջ բարդությունը, արգելափակում են որոշումները, որոնք կարող էին փրկել ռեժիմը: 

 

Ավելի լավ օրինակ, քան շահի հարցազրույցները՝ արված նրա բռնի տապալումից մի քանի տարի առաջ, դժվար է բերել։ Նա պնդում էր, որ ժողովուրդը սիրում է իրեն, եւ որ պատերնալիստական ռեժիմը շատ ավելի լավ է, քան չկարգավորված արեւմտյան ժողովրդավարությունները: Ցար Նիկոլայ Երկրորդը կարծում էր, որ կարող է անտեսել երկրում դժգոհության աստիճանը՝ որոշում կայացնելով մտնել Առաջին համաշխարհային պատերազմի մեջ: 1920 եւ 1930-ականներին՝ իսկ որոշ դեպքերում ավելի ուշ, գաղութային եվրոպական տերությունները հրաժարվում էին կամավոր զիջել հսկողությունը դոմինիոն երկրներում՝ մերժելով աստիճանաբար ինքնակառավարմանն անցնելու չափավոր առաջարկները։ Այս բոլոր դեպքերում, փոխզիջման չափավոր աջակիցների ճնշումը կամ մարգինալացումը հանգեցնում էր միայն ծայրահեղականության: Իհարկե, այս իրավիճակներից ոչ բոլորն ու նույնիսկ ոչ մեծամասնությունն իսկապես հանգեցնում էին հեղափոխությունների, բայց դրանց զարգացման առավել էքստրեմալ տարբերակների դասերը պետք է քաղել: Եթե ​​հետաձգում եք բարեփոխումները կամ իրականացնում եք այնպիսի բարեփոխումներ, որոնք պատշաճ կերպով չեն լուծում աճող սոցիալական եւ տնտեսական խնդիրները, հասարակության մեջ աճում է բեւեռացումը։ Կենտրոնը չի կարող դիմադրել, իսկ չափավոր քաղաքական գործիչները ստիպված են լինում կատարել ընտրություն. կա՛մ միավորվել ավելի արմատական ​​քաղաքական առաջնորդների եւ գաղափարախոսությունների հետ, կա՛մ համաձայնել քաղաքական (կամ նույնիսկ իրական) աքսորմանը:

 

Աղետի օրինակը դարձավ Հիտլերի իշխանության գալը 1933 թվականին։ Գործազրկության խնդրի ավանդական պահպանողական (այսօր նրանց անվանում են «նեոլիբերալ») լուծումները չարդարացվեցին։ Պահպանողականներն այնքան էին վախենում ու ատում չափավոր սոցիալ-դեմոկրատներին, որ նրանց հետ միավորվելու եւ քաղաքականություն մշակելու փորձեր անելու փոխարեն, որը նման կլիներ Ֆրանկլին Ռուզվելտի «Նոր կուրսին» ԱՄՆ-ում, որոշեցին իշխանության բերել նացիստներին։ Նրանք կարծում էին, որ հեշտությամբ կարող են վերահսկել Հիտլերին, սակայն այդ հաշվարկներն անմիջապես հօդս ցնդեցին:

Լուսանկարը` REUTERS

Այսօր նման միտումները եւ դրանց ուղեկցող բռնությունները արդեն հանգեցրել են Սիրիայում սարսափելի քաղաքացիական պատերազմի եւ դժվարացնում են փոխզիջման հասնել Հնդկաստանում, Բոլիվիայում եւ Լատինական Ամերիկայի այլ երկրներում, ինչպես նաեւ Իրաքում, Իրանում եւ Լիբանանում։ Եվս մեկ օրինակ կարող է լինել Հոնկոնգը, որտեղ անկախության չիրականացված երազանքը չափազանց բարդացրեց ողջամիտ փոխզիջումը:

 

Սակայն՝ մի՞թե 1775-1783 թվականների Ամերիկյան հեղափոխական պատերազմն այլ էր։ Ամերիկացիներն իսկապես ունեցել են իրական քաղաքական հեղափոխություն, բայց դա սոցիալական հեղափոխություն չէր: Ձեւավորված վերնախավը, որը ղեկավարում էր հեղափոխությունը, պահպանեց իշխանությունը: Սակայն ցավալի էր, որ այն չկարողացավ հաջողությամբ լուծել ստրկության խնդիրը: Որոշ առաջատար քաղաքական գործիչներ կարծում էին, որ այդ խնդիրն աստիճանաբար կլուծվի ինքն իրեն: Այնուամենայնիվ՝ սկսած 1820 թվականից, բեւեռացումը սկսեց աճել ամերիկյան հասարակության մեջ: Հարավում, որտեղ առաջատարն էր Հարավային Կարոլինա նահանգը, գերակշռում էին ծայրահեղականները, ինչը ժամանակի ընթացքում անհնար դարձրեց որեւէ փոխզիջման հասնելը, որը թույլ կտար աստիճանաբար վերջ դնել ստրկությանը։ Այդ ամենի արդյունքն էր աներեւակայելի դաժան քաղաքացիական պատերազմը։ Եվ մինչ օրս հասարակության մեջ պահպանվում է ռասայական ստրկության ժառանգության հետեւանքով առաջացած այս պառակտումը։ Սա է այսօրվա աճող քաղաքական բեւեռացման հիմնական, չնայած իհարկե, ոչ միակ պատճառը:

Լուսանկարը` REUTERS

Այնպես որ, եթե անցյալը կարող է զգալի թվով երկրների (եւ, իհարկե, Միացյալ Նահանգներին) որեւէ խորհուրդ տալ ներկայի եւ ապագայի վերաբերյալ, ապա այդ խորհուրդը հետեւյալն է. որեւէ կայուն այլընտրանք չկա, քաղաքական կենտրոնը պահպանելուց բացի, նույնիսկ եթե դա պահանջում է հաղթահարել էլիտայի դիմադրությունը բարեփոխումներին:

 

Copyright: Project Syndicate, 2020.

 

www.project-syndicate.org 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին