Եթե Google-ում չեք գտնում ձեր հարցի լիարժեք պատասխանը կամ ուզում եք իրական քննարկում ծավալել, ապա կարելի է փնտրել Facebook-ում գործող հատուկ խմբերն ու դիմել օգտատերերի օգնությանը: Վերջին տարիներին Facebook-ում ձեւավորվել են նաեւ այնպիսի խմբեր, որոնք միտված են թեթեւացնելու օգտատերերի կյանքը:
Առանձնացրել ենք Facebook-ի հայկական տիրույթում գործող մի քանի հայտնի խումբ, զրուցել ենք հիմնադիրների հետ ու պարզել, թե ինչպես են ստեղծվել խմբերը, եւ որոնք են դրանց միանալու առավելությունները:
Մայրենի լեզվի դասեր
34,886 անդամ
About
Խմբում քննարկվում են միմիայն մայրենի լեզվին վերաբերող խնդիրները, եթե քննարկումները դուրս են գալիս նշված թեմատիկայից՝ ադմինիստրատորներն իրավունք են ստանում համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Իզաբելլա Աբգարյան, խմբի հիմնադիր
Խումբը ստեղծվեց 2011 թվականին: Մասնագիտությամբ թարգմանիչ լինելով՝ հաճախ հարցեր էին առաջանում հայերենի հետ կապված, քանի որ ռուսական կրթություն ունեմ եւ շատ եմ աշխատել, որ հայերենս պատշաճ մակարդակի հասցնեմ:

Մտածեցի, որ հաստատ նման պահանջարկ կա, եւ բացեցի խումբը, որին առաջին իսկ օրվանից անդամակցեցին ոչ միայն հարց ունեցողները, այլեւ մի շարք հայագետներ, լեզվաբաններ, որոնք էլ միշտ օգնության են հասնում, եթե բարդ հարց է քննարկվում:
Որ խումբը մեծ պահանջարկ կունենա, ենթադրում էի, բայց կարծում էի, որ դա կտեւի որոշ ժամանակ: Սակայն մինչեւ հիմա օրական մեկ տասնյակից ավելի անդամակցության հայտեր ենք ստանում, ինչպես նաեւ բազմաթիվ հարցեր:
Մարդկանց դուր է գալիս կարողանալ օգնել, իսկ օգնության կարիք ունեցողներն էլ գիտեն, որ կգտնեն իրենց հուզող հարցերի պատասխանները՝ տարրական ուղղագրությունից մինչեւ բարբառային, ծագումնաբանական ուսումնասիրություններ: Իհարկե, երբեմն շատ պարզունակ հարց կարող են տալ, սակայն այդ հարցն էլ պետք է իր պատասխանը ստանա առանց ծաղրի կամ քմծիծաղի: Չէ՞ որ խմբում կան նաեւ դպրոցականներ, Սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ, նույնիսկ՝ օտարերկրացիներ:
Բավականին բարդ է այդքան մեծ ու ակտիվ խումբ մոդերացնելը: Կան մարդիկ, որ շնորհակալ են ստեղծված հնարավորության համար, եւ կան այնպիսիք, որ փորձում են գովազդ տեղադրել կամ լեզվին չվերաբերող նյութեր: Նման գրառումները չեն հաստատվում: Խումբը «մաքուր» պահելը շատ կարեւոր է:
Բերքառատ Հայաստան
8,096 անդամ
About
Գյուղատնտեսության ոլորտով հետաքրքրվողների, այդ ոլորտում աշխատողների, ինչպես նաեւ մասնագետների համար ենք ստեղծել այս խումբը: Այստեղ քննարկում ենք մեր խնդիրները, խորհուրդներ տալիս միմյանց, ինչպես նաեւ կիսվում մեր փորձով ու հաջողություններով:
Հայկ Մելքոնյան (գյուղապետ), խմբի հիմնադիր
2016-2017 թվականներին աշխատում էի պարարտանյութ արտադրող մի ընկերությունում ու հաճախ ճամփորդում էի Հայաստանով: Տեսնում էի, թե մարդիկ ինչ հրաշալի բերք ու բարիք են աճեցնում, ինչպես են հողը մշակում, ու տպավորություններովս կիսվում էի Facebook-ում: Հետո հասկացա, որ ձեւավորվել է ընկերներիս մի խումբ, ում հետաքրքիր են գրառումներս. երկար քննարկումներ էին ծավալվում մեկնաբանություններում: Որոշեցի այդ ամենը պաշտոնականացնել՝ ստեղծել առանձին տարածք, որտեղ կկիսվեինք գյուղատնտեսության ոլորտի մեր նորություններով ու գաղափարներով:

2017-ի հունվարի 29-ին հիմնեցի «Բերքառատ Հայաստան» խումբը, որտեղ մեզ միավորող տեսլական ընտրեցինք՝ «Միասին կառուցում ենք բերքառատ Հայաստան»:
Սկզբում այն զուտ ընկերների ու համախոհների հավաքատեղի էր, հետո աճեց, բազմաթիվ նոր հրաշալի անդամներ միացան, սկսեցինք ընկերանալ:
Քանի որ խմբում կան ե՛ւ գյուղատնտեսության ոլորտի մարդիկ, ե՛ւ սպառողներ, գյուղմթերքի վաճառքի հայտարարությունները սկսեցին աստիճանաբար շատանալ, իսկ դա ավելի շատ էր լցնում խմբի լրահոսը եւ խանգարում քննարկումներին. կարեւոր ու անհրաժեշտ տեղեկությունը կորչում էր հայտարարությունների հոսքում: Ուստի ստեղծեցինք առանձին հարթակ՝ «Բերքառատ Շուկա»-ն, որը մասնագիտացավ միայն գյուղմթերքի առքուվաճառքի վրա: «Բերքառատ Հայաստան»-ի էջը նույնպես ես եմ ստեղծել Facebook-ում խմբի գովազդային հայտարարությունները տեղադրելու համար:
Բազմաթիվ մարդաշատ խմբերի ադմիններ երբեմն իմիջիայլոց են վերաբերվում խմբի գրառումներին, տարածվող սպամ բովանդակությանը, չեն կանոնավորում մարդկանց շփումը եւ հարաբերությունները: Դա ինձ համար անթույլատրելի է, ես աստիճանաբար կանոններ եմ սահմանում, խստացնում գրառումների վերահսկողությունը:

Լուսանկարը` REUTERS
Քննարկումներ շատ են ծավալվում՝ հատկապես ակտիվ աշխատանքային սեզոնին՝ կապված, օրինակ, բույսերի պաշտպանության կամ մշակման տարբեր ձեւերի հետ: Ունենք անասնապահության ոլորտի լավ գիտակներ, որոնք խորհուրդներ են տալիս կենդանիներ պահելու հարցերով: Կան մեղվապահներ, բանջարաբույծներ, այգեգործներ, չրագործներ, տնկիներ աճեցնողներ…
Մարդիկ խմբում գտնում են դրական լիցքեր եւ հետաքրքիր գիտելիքներ տվող գրառումներ, Հայաստանից ու արտասահմանից հետաքրքիր մարդկանց հետ են ծանոթանում, այդ պատճառով էլ շարունակում են մնալ խմբում: 2018-ի գարնանը, երբ գրեթե ամբողջ «հայկական Facebook»-ը ողողված էր ագրեսիվ, բացասական գրառումներով, լարվածությամբ, ինձ շատերը գրում էին ու ասում՝ Facebook մտնում են միայն մեր խմբի համար. այնտեղ նրանք հանգստանում են ու դրական լիցքեր ստանում:
#ԳործԿա
51,792 անդամ
About
Խումբ` աշխատանք եւ աշխատակից փնտրելու եւ գտնելու համար, խմբում առաջարկվող աշխատանքները անմիջապես գործատուներից են, գործակալություններ չկան։
Գրիգոր Տոնոյան, խմբի հիմնադիր
Խումբը ստեղծել եմ 2019-ի հունվարի 24-ին։ Խմբի ստեղծման միտքն առաջացավ աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքում, այդ ժամանակ ինքս էի փնտրում աշխատանք, նկատում էի շատ աշխատանքի հայտարարություններ, որոնց չեմ հավակնում: Արդյունքում որոշեցի ստեղծել խումբ եւ այդ բոլոր հայտարարությունները տեղադրել այնտեղ՝ ֆեյսբուքյան օգտատերերին ասելով՝ #ԳործԿա։

Խումբը նախատեսված է գործատուների եւ աշխատանք փնտրող անձանց միջեւ անմիջական կապ ապահովելու համար։ Ի սկզբանե այն ստեղծվել է ոչ շահադիտական նպատակներով. ակնկալում էի, որ բոլորը կցանկանային տեղեկացնել իրենց ընկերներին, որ գործ կա։
Այս խումբը տարբերվում է իր ներքին կանոնակարգով եւ շուրջօրյա հետեւողականությամբ։ #ԳործԿա թիմի անդամ ադմինիստրատորներն ու մոդերատորները հետեւում են ներքին կանոնակարգի պահպանմանը։ Մեր խմբում արգելված է տեղադրել աշխատանքի տեղավորման գործակալությունների կողմից առաջարկվող աշխատանքների մասին հայտարարություններ, արգելված են նաեւ գովազդային բնույթի ու ցանցային մարկետինգի վերաբերյալ հայտարարությունները:

Լուսանկարը` REUTERS
Մենք չենք հանդիսանում միջնորդ գործատուների եւ աշխատանք փնտրող անձանց միջեւ, ուստի չենք տիրապետում տեղեկատվությանը, թե որքան մարդ է աշխատանք գտնում, բայց վստահաբար կարող եմ ասել, որ խմբում այս մեկ տարվա ընթացքում տեղադրվել է ավելի քան 7 000 աշխատանքի հայտարարություն։ Պարբերաբար լինում են դեպքեր, երբ խմբի մասնակիցներից ստանում ենք շնորհակալական խոսքեր այն մասին, որ իրենք գտել են աշխատանք մեր խմբի միջոցով։
Խումբը նախատեսված չէ քննարկումների համար, տեղադրված հայտարարություններում պարտադիր նշվում է աշխատանքի դիմելու կարգը, եւ օգտատերերի մեծամասնությունը դիմում է այդ կարգով։ Մեր խումբը տարբերվում է նաեւ անվան կողքին դրված խոշորացույցի նշանով, որը նշանակում է «փնտրել» ե՛ւ աշխատանք, ե՛ւ աշխատակից։
Կիսի՛ր ճանապարհը, թեթեւացրո՛ւ հասարակական տրանսպորտը
10,441 անդամ
About
Դուք ունե՞ք սեփական ավտոմեքենա ու ամեն օր որոշակի ժամերի եւ երթուղով գնում եք աշխատանքի եւ վերադառնո՞ւմ: Ցանկանո՞ւմ եք կիսել ճանապարհը, երթեւեկել ուրախ միջավայրում խցանման մեջ մեքենայում մենակ երկար ժամանակ անցկացնելու փոխարեն: Գրե՛ք խմբում ձեր երթուղին եւ ժամերը, գտեք նույն երթուղով երթեւեկող այլ ուղեւորների:
Արմինե Մարտիրոսյան, խմբի հիմնադիր
Խումբը ստեղծվել է 2018-ի նոյեմբերի 30-ին: Երկու տարի վարորդ լինելուց հետո մի քանի օր հասարակական տրանսպորտից օգտվեցի ու հասկացա՝ գերծանրաբեռնվածությունն այլեւս անտանելի է: Եթե պետական մակարդակով լուծումներն ուշանում են, կարելի է ինքնուրույն ինչ-որ բան անել:
Շատ երկրներում հաջողությամբ գործող մի պարզ լուծում կա՝ BlaBlaCar կամ Car-pooling. կիսել մեքենան այլ ուղեւորների ու վարորդների հետ՝ թեթեւացնելով հասարակական տրանսպորտը, ինչպես նաեւ երթեւեկը: Այստեղ նման հավելված եղել է 2016-ին՝ share4car-ը, երկար չի աշխատել, քանի որ օգտվողների պակաս կար, եւ հավելվածի առաջմղումն ավելի ծախսատար ու բարդ է:
Խումբը բացելուց առաջ հարցումներ եմ արել: Հստակ պլան չունեի, բայց գիտեի, որ առնվազն 3000-5000 անդամ է պետք, որպեսզի մոդելն աշխատի, եւ այդպես էլ եղավ: Խմբում նոր անդամներ ներգրավելու համար կիսվում էինք շատ անդամներ ունեցող վարորդների կամ ուսանողական խորհուրդների խմբերում: Ակնկալիքներից մեկն այն է, որ վարորդները եւս երբեմն հրաժարվեն սեփական մեքենայով աշխատանքի գնալուց եւ նպաստեն երթեւեկի թեթեւացմանը, ինչը դեռեւս երազանք է մնում:

Բոլորովին անծանոթ մարդիկ խմբի միջոցով ընկերանում են: Երբեմն հավաքներ ենք կազմակերպում, ավելի լավ ճանաչում ու վստահում իրար: Շատերին գրավում է նախաձեռնության բուն նպատակը՝ ավելի հարմար աշխատանքի եւ տուն հասնելու միտքը: Եթե շաբաթական մեկ-երկու օր չեմ կարողանում ուղեւորներիս հետս վերցնել, ասում են, որ հաճախ ավելի քանի 40 րոպե տրանսպորտի են սպասում, ոտքով մի քանի կանգառ առաջանում, որպեսզի կարողանան գոնե կանգնելու տեղ գտնել. 30 րոպեի փոխարեն 2 ժամում են տուն հասնում:

Լուսանկարը` REUTERS
Թեեւ ամառվա համեմատ խմբում ակտիվությունը նվազել է, սակայն տարբեր հարցումների արդյունքում պարզել ենք, որ շատերն արդեն գտել են մշտական վարորդներ/ուղեւորներ իրենց երթուղիներով եւ խմբում գրառում անելու փոխարեն անմիջապես անձնական նամակներով են պայմանավորվում:
Արգելվում է գումարի դիմաց երթուղիներ առաջարկելը. սա սոցիալական նախաձեռնություն է՝ փոխօգնության խումբ. գումար տալու միակ տարբերակը միջմարզային ճանապարհների համար վառելիքի ծախսը կիսելն է, սակայն փորձը ցույց է տալիս, որ մարդիկ բավականություն են ստանում անվճար իրար օգնելուց եւ նեղանում են, երբ իրենց գումար են առաջարկում:
Ամալի Խաչատրյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: