Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Գեւորգ Վարդանյանը «եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից» - Mediamax.am

7958 դիտում

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Գեւորգ Վարդանյանը «եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից»


 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը

Լուսանկարը` http://twitblog.ru

Գեւորգ Վարդանյանը տիկնոջ` Գոհար Վարդանյանի հետ
Գեւորգ Վարդանյանը տիկնոջ` Գոհար Վարդանյանի հետ

Լուսանկարը` http://www.svr.mfua.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր հայտարարել է, որ նախօրեին կյանքից հեռացած Գեւորգ Վարդանյանը «եղել է հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ մտած փայլուն հատուկ գործողությունների մասնակից»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, ՌԴ նախագահը ցավակցական հեռագիր է հղել Գեւորգ Վարդանյանի տիկնոջը` Գոհար Վարդանյանին:

 

«Անկեղծորեն կիսում եմ Ձեր ընտանիքի մեծ վիշտը: Կյանքից հեռացավ Գեւորգ Վարդանյանը` լեգենդար հետախույզ, իր երկրի իսկական հայրենասերը, վառ եւ  արտակարգ անձնավորություն: Նա եղել է փայլուն հատուկ գործողությունների մասնակից, որոնք մտել են հայրենական արտաքին հետախուզության պատմության մեջ: Գեւորգ Վարդանյանի վախճանն անփոխարինելի կորուստ է իր հարազատների եւ բոլոր նրանց համար, ովքեր ճանաչում եւ գնահատում էին այդ հիանալի մարդուն», - ասվում է հեռագրում:

 

ԽՍՀՄ հերոս Գեւորգ Վարդանյանը վախճանվել է հունվարի 10-ին Մոսկվայում` 88 տարեկան հասակում:

 

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը գրում է, որ Գեւորգ Վարդանյանը ծնվել է 1924թ. փետրվարի 17-ին Ռոստովում իրանի քաղաքացի, ձեթի գործարանի տնօրեն Անդրեյ Վարդանյանի ընտանիքում: 1930-ին, երբ Գեւորգը 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Իրան: Նրա հայրը կապված էր խորհրդային արտաքին հետախուզության հետ եւ լքել էր ԽՍՀՄ-ը հանձնարարություն կատարելու նպատակով: Առեւտրային գործունեության ներքո Անդրեյ Վարդանյանը իրականացնում էր հետախուզական աշխատանք, եւ Գեւորգը հետախույզ է դարձել հենց նրա ազդեցության ներքո:

 

1942 թ-ին «Ամիր» օպերատիվ կեղծանվան ներքո գործող Գեւորգ Վարդանյանը ներգրավվել է Թեհրանի անգլիական հետախուզական դպրոցում: 1943-ի նոյեմբեր-դեկտեմբերին Թեհրանյան կոնֆերանսի ժամանակ «Ամիրը» մասնակցել է «մեծ եռյակի» առաջնորդների անվտանգության ապահովմանը:

 

1951 թ-ին Վարդանյանը դուրս է բերվել ԽՍՀՄ: Այնուհետեւ աշխատել է տարբեր երկրներում, այդ թվում` Իրանում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ Հունաստանում: Հետախույզի արտասահմանյան գործուղումները տեւել են մինչեւ 1986թ., իսկ ծառայության մեջ էր մինչեւ 1992-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին