Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում վերաբացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսների նստավայրը՝ Վեհարանը, որի հիմնանորոգումը մեկնարկել էր 2010 թվականից՝ գործարար Սամվել Կարապետյանի եւ ընտանիքի բարերարությամբ:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վեհարանը կառուցվել է գրեթե մեկ դար առաջ Ալեքսանդր Մանթաշյանի ազնիվ նվիրաբերությամբ, սակայն, ցավոք, երկար ժամանակ չի ծառայել իր նպատակին, գործածվել է իբրեւ զինվորական հոսպիտալ եւ միայն 1962 թվականին լուսահոգի Վազգեն Վեհափառի ջանքերով հնարավոր եղավ Վեհարանի շինությունը վերադարձնել Մայր Աթոռին, եւ հայրապետը ձեռնամուխ եղավ վերակառուցման աշխատանքներին: Փառք եւ գոհություն ենք տալիս, որ այսօր շնորհիվ մեկ այլ ազգային մեծ բարերարի՝ Սամվել Կարապետյանի եւ ընտանիքի, հնարավորություն ունեցանք վերանորոգված տեսնելու այս պատմական շինությունը»,- նշել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեհարանի առաջին հարկում`ձախ ուղղությամբ, տեղակայված է Հայոց Հայրապետի ընդունարանը, աշխատասենյակն ու առանձնասենյակը, ճաշասրահը, ինչպես նաեւ թանգարանը, որտեղ պարփակված են հայ ոսկերչության ու արծաթագործության բարձրարվեստ ստեղծագործություններ: Մայր Աթոռի թանգարանների եւ արխիվի տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանի խոսքով, թանգարանը հատուկ ընթացակարգով եւ հատուկ մուտքով բաց կլինի այցելուների համար:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Վեհափառ հայրապետի ընդունարանում է, որ իրենց առաջին շփումը պիտի ունենան հայ եկեղեցու հետ այն բոլոր պաշտոնական պատվիրակությունները, որոնք Հայաստանի Հանրապետություն են գալիս: Այստեղ է, որ տեսնելով հայ մշակույթի գործիչներին եւ հայ մշակույթը կերտողներին՝ նրանք պիտի զգան հայոց հոգեւոր եւ մշակութային արժեքների ճաշակը»,- ասել է Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեհափառի ընդունարանում կարելի է տեսնել հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավներից, Մինաս Ավետիսյանի «Խաչելություն» կտավը, Կոմիտասի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դիմանկարները:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեհափառ հայրապետի ցանկությամբ հիմնանորոգումից հետո հիմնվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովատեղին, որտեղ կարելի է տեսնել 19-20 դարերի հայրապետների դիմակավորները: Դրանց հեղինակը երիտասարդ նկարիչ Միքայել Հարությունյանն է:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Նախորդ բոլոր հայրապետները ցավ են ապրել, որ հատկապես օտարազգիներին ընդունել են խրճիթանման մի վեհարանում: Այն, ինչ այժմ տեսնում ենք, մեր եկեղեցու եւ մեր ազգի համար բացառիկ գոհունակության մի առիթ է»,- նշել է Ասողիկ աբեղա Կարապետյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս
Վեհարանին զուգահեռ` արեւմտյան կողմից, կառուցվել եւ կահավորվել է Հանդիսությունների սրահը, որը ունի նաեւ համերգների կազմակերպման հնարավորություն եւ նախատեսված է 650-ից ավելի հյուրերի համար:
Սրահի կամարակապ շրջափակում կառուցվել է նաեւ Սրբոց Հայրապետաց մատուռը, որը ծաղկվել է հայ արվեստին հարազատ գեղեցիկ զարդապատկերներով, ավետարանիչների խորհրդանշաններով:

Լուսանկարը` Մեդիամաքս
Հանդիսությունների սրահի մասնաշենքի եւ Սրբոց Հայրապետաց մատուռի ճարտարապետն է Հրաչյա Պողոսյանը, իսկ վեհարանի հիմնանորոգման ճարտարապետը` Աշոտ Արշակյանը:
Վեհարանի հիմնանորոգման աշխատանքների համար ներդրվել է 30 մլն դոլար:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: