Բրիտանիայի նոր դեսպանը տարիներ առաջ Հայաստանում «առաջնորդներ է կերտել» - Mediamax.am

exclusive
9291 դիտում

Բրիտանիայի նոր դեսպանը տարիներ առաջ Հայաստանում «առաջնորդներ է կերտել»


Լուսանկարը`


Օրերս հայտնի դարձավ, որ Ալան Գոգբաշյանը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան եւ իր պաշտոնավարումը կսկսի 2019 թվականի սեպտեմբերին։

Նորանշանակ դեսպանի հայկական ազգանունը գրավեց շատերի ուշադրությունը։ 

Ալան Գոգբաշյանը ծնվել եւ կրթություն է ստացել Մեծ Բրիտանիայում եւ այդ երկրի արտաքին գործերի եւ համագործակցության նախարարությանը միացել է 2008 թվականից։ Համացանցում նրա մասին տեղեկությունները սակավ են։ 

 

Մեդիամաքսին հաջողվեց պարզել, որ Ալան Գոգբաշյանը իր ընկեր Ստեփան Ավանեսյանի հետ 2000 թվականին Հայաստանում հիմնել էր Առաջնորդների զարգացման կենտրոն, որի հիմնական նպատակն էր պատրաստել նոր առաջնորդներ, որոնք «կփոխեն իրերի ընթացքը»։

 

«Երիտասարդների ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել երկրի առջեւ ծառացած բոլոր սոցիալական եւ տնտեսական  դժվարությունները։ Երիտասարդները կփոխեն ամեն բան։ Երբ նրանք գան իշխանության, ամեն ինչ այլ կերպ կլինի»,- ասել էին կենտրոնի հիմնադիրները Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության թերթին տված հարցազրույցում ։

 

Ալան Գոգբաշյանը եւ Ստեփան Ավանեսյանը մեծ ցանկություն են ունեցել երիտասարդներին ներկայացնել «առաջնորդության նոր մոդել՝ հիմնված աստվածաշնչյան արժեքների եւ քրիստոնեական սկզբունքների վրա»։ 

 

«Մեզ եւ մեր ուսանողներին միավորում է Հայաստանում փոփոխություններ անելու ցանկությունը։ Փոփոխություն, որը կհանգեցնի երկարատեւ վերափոխման»,- ասել էր Ալան Գոգբաշյանը։

 

Կենտրոնի շրջանավարտ Լուսինե Գրիգորյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է, որ Ալան Գոգբաշյանը եւ նրա հիմնած կենտրոնը մեծ ներդրում են ունեցել իր մասնագիտական հմտությունների զարգացման հարցում։ 

 

«Նրա սաներից գրեթե բոլորն այսօր բարձր պաշտոններում են եւ կայուն խոսք են ունեցել երկրի զարգացման կարեւորագույն գործում։ Ալան Գոգբաշյանը կարողացել է առաջնորդի լավ մոդել ձեւավորել մեզ համար»,- ասում է Լուսինե Գրիգորյանը։ 

 

Նրա խոսքով՝ Ալան Գոգբաշյանը դիվանագիտական իր եռանդը մշտապես ներդրել է հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման համար։ 

 

«Նա բազմաթիվ անգլիացի մասնագետների է հրավիրել Հայաստան՝ երիտասարդների հետ գիտելիքների եւ փորձի փոխանակման համար։ Նա դեռ շատ ասելիք ու անելիք ունի Հայաստանում»,- նշում է Լուսինե Գրիգորյանը։

 

Ասյա Դարբինյանը, որն Առաջնորդների զարգացման կենտրոնում սովորել է 2006-2007թթ., պատմում է, որ հնարավորություն է ունեցել պատկերացնել եւ ավելի լավ հասկանալ իր անհատական ուժեղ եւ թույլ կողմերը ու աշխատել իր վրա։

 

«Իրենց գլխավոր նպատակներից եւ ցանկություններից մեկն այն էր, որ այն երիտասարդները, որ տարիներ անց գուցե պատասխանատու էին լինելու երկրի ապագայի համար, պատրաստ լինեն ներդնել իրենց գիտելիքներն ու հմտությունները հօգուտ ավելի ուժեղ եւ հաջողակ Հայաստանի»,- ասում է Ասյա Դարբինյանը:

 

Նրա խոսքով, կենտրոնում կարեւորվել է տեսլական ունենալը եւ հստակ պատկերացնելը՝ ինչպես կարելի է հասնել դրա իրագործմանը։

 

Սա առաջին դեպքն է, որ  Միացյալ Թագավորությունը Հայաստանում հենց հայազգի  դիվանագետն է ներկայացնելու։ Դիվանագիտական լեզվով դա նշանակում է երկկողմ հարաբերություներում վստահության նոր մակարդակ եւ հատուկ վերաբերմունք Հայաստանի նկատմամբ, հատկապես եթե հաշվի առնենք, որ Մեծ Բրիտանիայի նոր կառավարությունն է նշանակում դեսպանին: 

 

Այս համատեքստում կարող է հետաքրքիր լինել նաեւ ՀՀ նախագահ Արեմն Սարգսյանի գործոնը: Նախագահի գրասենյակն օրերս հաղորդագրություն տարածելով նախագահի՝ Իսպանիա աշխատանքային այցի մասին, նշել էր, որ  «մինչ այդ նախագահ Արմեն Սարգսյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ»:

 

Ուշագրավ է նախագահ Արմեն Սարգսյանի մեկ այլ հանդիպում եւս. օրեր առաջ՝  հուլիսի 30-ին նա հանդիպել էր Միացյալ Թագավորության Եվրոպայի եւ Ամերիկայի հարցերով նորանշանակ պետնախարար Քրիստոֆեր Պինչերի հետ, ընդ որում՝ նախագահ Սարգսյանն օտարերկրյա պետության առաջին նախագահն էր, ում հետ հանդիպել էր բրիտանացի պետնախարարը: Այս առումով շատ հավանական է, որ հայազգի դիվանագետի նշանակումը պատահական չէ, այլ կոնկրետ վերաբերմունքի ու հարաբերությունների արդյունք է:

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին