Երիտասարդ եվրոպական դեսպանները կրկին հայտեր են ընդունում - Mediamax.am

1776 դիտում

Երիտասարդ եվրոպական դեսպանները կրկին հայտեր են ընդունում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «ԵՄ Արեւելյան հարեւանություն» ծրագիրը հրավիրում է 16-25 տարեկան երիտասարդներին մասնակցել «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնության անդամակցության նոր մրցույթին:

Երիտասարդները պետք է վարժ տիրապետեն անգլերեն լեզվին եւ հանդիսանան ԵՄ անդամ պետություններից կամ Արեւելյան գործընկերության երկրներից որեւէ մեկի (Հայաստան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ադրբեջան եւ Ուկրաինա) քաղաքացի:

 

Դիմորդները պետք է հետաքրքրված լինեն ԵՄ-ի գործունեությամբ, ինչպես նաեւ իրենց երկրի հարաբերություններով Եվրոպական միության հետ, պատրաստ լինեն կիսվելու գիտելիքներով եւ տեղեկատվությամբ ու ձգտեն ունենալ սեփական ներդրումն իրենց համայնքների եւ, առհասարակ, իրենց երկրների զարգացման ու բարգավաճման գործում:

 

Երիտասարդ եվրոպական դեսպանի պաշտոնին դիմելու համար թեկնածուները, առաջին հերթին, մինչեւ 2019թ. հունիսի 12-ը պետք է լրացնեն առցանց դիմումի ձեւը: Դիմորդներն իրենց ցանկությունը կարող են հիմնավորել կարճ տեսանյութի կամ գրավոր հայտարարության եւ ԵՄ-ի ու Արեւելյան գործընկերության (ԱլԳ) վերաբերյալ կարճ մրցույթի միջոցով: Դիմումի ձեւը թույլ է տալիս, որպեսզի դիմորդները ցանկացած պահի կարողանան խմբագրել իրենց պատասխանները՝ մինչեւ դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2019թ. հունիսի 12-ը:

 

Ընտրության գործընթացը բաղկացած կլինի մի քանի փուլից: Դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մի քանի շաբաթվա ընթացքում հաջողակ դիմորդները կարող են հրավիրվել հարցազրույցների եւ, ըստ իրենց հասանելիության, հնարավորություն կստանան մասնակցելու Երիտասարդ եվրոպական դեսպանների կողմից իրենց երկրում կազմակերպված որեւէ գործողության: Ի վերջո, հաջողակ դիմորդների անունները հայտնի կդառնան ԵՄ հաստատությունների հետ խորհրդակցությունների եւ համաձայնեցման արդյունքում: Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ։

 

Այս տարի երիտասարդ եվրոպական դեսպան դառնալու համար դիմումների ընդունման չորրորդ փուլն է: Դիմումների ընդունման նախորդ երեք փուլերի ընթացքում նախաձեռնությունն անշեղորեն աճել է. 2016-ին երիտասարդ եվրոպական դեսպան է ընտրվել 100 հոգի, իսկ 2018-ին այդ թիվն հասել է մոտ 500-ի: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք Արեւելյան գործընկեր երկրներում ակտիվորեն մասնակցել են ավելի քան 300 միջոցառումների, այդ թվում՝ այցելությունների դպրոցներ ու համալսարաններ, ԵՄ քննարկման ակումբներ, եվրադպրոցներ, մասնակցել երիտասարդական տոնավաճառներին, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված գործողություններին եւ այլն: Նրանք նաեւ իրենց երկրների երիտասարդությունն են ներկայացրել միջազգային միջոցառումներին ու համաժողովներին:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին