«Աշխատիր, Հայաստան»՝ նոր մոտեցումներ հին խնդիրներին - Mediamax.am

exclusive
4643 դիտում

«Աշխատիր, Հայաստան»՝ նոր մոտեցումներ հին խնդիրներին


Տիգրան Ավինյանը
Տիգրան Ավինյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Տիգրան Ավինյանի հետ
Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Տիգրան Ավինյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

Վիկտորյա Այդինյանը
Վիկտորյա Այդինյանը

2019թ. փետրվարին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ մեկնարկեցին «Աշխատիր, Հայաստան» ծրագրի նախապատրաստական աշխատանքները։

 

Ծրագրի նպատակն է խրախուսել աշխատանքը եւ բարելավել քաղաքացիների կյանքի որակը՝ մասնագիտական ինքնաիրացման ճանապարհով:

 

Մեդիամաքսը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ նրա օգնական Վիկտորյա Այդինյանի օգնությամբ փորձել է պարզել «Աշխատիր, Հայաստան»-ի բոլոր մանրամասները:

 

Երիտասարդամետ ծրագիր

 

Տիգրան Ավինյան. «Աշխատիր, Հայաստան» ծրագրի առանցքում նորարարական մոտեցումներն են հին խնդիրներին:

 

Գաղափարն առաջացել է կառավարությունում պարբերաբար քննարկվող հարցերի արդյունքում, երբ մի կողմից ստանում էինք գործազրկության թվի մասին բարձր ցուցանիշներ, իսկ մյուս կողմից գործատուներն ահազանգում էին, թե թափուր հաստիքներ կան, որոնք չի հաջողվում համալրել։

 

Մեր պատկերացմամբ՝ «Աշխատիր, Հայաստան»-ը ուղենշային է լինելու տնտեսական հեղափոխության համար: Այն լինելու է երիտասարդամետ եւ թիրախավորելու է կրթություն-աշխատաշուկա անցման գործընթացը։

 

Ծրագրի օգնությամբ փորձելու ենք օգտագործել արդի գիտության նվաճումները, այդ թվում՝ արհեստական բանականությունը, տվյալագիտությունը:

Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Տիգրան Ավինյանի հետ Թագուհի Հովհաննիսյանը զրուցում է Տիգրան Ավինյանի հետ

Լուսանկարը` Մեդիամաքս

«Աշխատիր, Հայաստան»-ի իրականացման հաջողությունը պայմանավորված է պետական մարմինների եւ մեր գործընկերների պատասխանատվության ստանձնմամբ, այն է՝ հաջողության կամ անհաջողության պարագայում յուրաքանչյուրը պատասխանատու է լինելու իր ոլորտում կայացրած որոշումների համար:

 

Կրթությունից աշխատաշուկա սահուն անցումը

 

Վիկտորյա Այդինյան. Սկզբում ցանկանում էինք գործազուրկներին պարզապես ուղղորդել դեպի թափուր հաստիքներ, սակայն որոշակի հետազոտություն իրականացնելուց եւ միջազգային փորձն ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ դա երկարաժամկետ արդյունք չի ունենա, եւ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ։

 

Զբաղվածության խթանման համար այսօր իրականացվում է շուրջ 10 ծրագիր՝  ուղղված հիմնականում սոցիալապես խոցելի խավերին կամ աշխատաշուկայում անմրցունակ անձանց։

 

Նախնական տվյալներով՝ 2018թ. գործազուրկների մեջ երիտասարդների մասնաբաժինը կազմում է 45%։ Սա խոսում է այն մասին, որ գործող ծրագրերը պետք է վերանայել եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը։

 

Հետազոտությունները փաստում են, որ երիտասարդների համար կրթությունից անցումը աշխատաշուկա երկու տարի է պահանջում, ինչը, անխոս, մեծ ազդեցություն է ունենում հետագայի վրա։

 

Պարզվում է նաեւ, որ գործազուրկների ընդամենը 6 %-ն է աշխատանք փնտրում զբաղվածության պետական գործակալության միջոցով, մինչդեռ պետական բյուջեից զգալի գումարներ են ուղղվում այդ ծառայությանը։

 

Ծանոթների, բարեկամների կամ ուղիղ գործատուին դիմելու միջոցով գործ փնտրելու մշակույթը շատ տարածված է մեր հասարակությունում, որը լուրջ խնդիր է։ Սա ցույց է տալիս, որ մենք ինստիտուցիոնալ մեխանիզմների մեծ պակաս ունենք։

 

Մենք հասկացանք, որ այնպիսի ծրագրեր պետք է իրականացվեն, որոնք կնպաստեն կրթություն-աշխատաշուկա ավելի սահուն անցմանը։

 

Գործնական քայլեր

 

Վիկտորյա Այդինյան. Ստեղծելու ենք աշխատաշուկայում եղած պահանջարկի մասին տեղեկատվական բազա, որը հնարավորություն կտա ինքնաշխատ ձեւով հասկանալ, թե օրինակ՝ ավարտելով դպրոցը կամ համալսարանը, անձը որտեղ կարող է աշխատել։

Վիկտորյա Այդինյանը Վիկտորյա Այդինյանը

 

Երիտասարդների համար տարբեր ծրագրեր ենք նախատեսում իրականացնել, որոնք հնարավորություն կտան ուսման տարիներին ազատ գրաֆիկով պետական համակարգում հստակ աշխատաժամով հմտություններ ձեռք բերել։

 

Ակտիվացնելու ենք փորձնականության ինստիտուտի կիրառումը։

 

Համապատասխան մոբայլ հավելվածը աշխատանք փնտրողին թույլ կտա միանգամից կապ հաստատել գործատուի հետ՝ առանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկի եւ գումար ծախսելու։

 

Մասնավոր ընկերությունները հետագայում եւս կկարողանան դրանից օգտվել։

 

Ակնկալվող արդյունքները

 

Վիկտորյա Այդինյան. Ծրագիրը կնպաստի, որ յուրաքանչյուր անձ գտնի իր համար լավագույն աշխատանքը։ Սա երկարաժամկետ գործընթաց է, որը շատ կարեւոր է տնտեսության զարգացման համար։

 

Ծրագրի մեկնարկի մասին պաշտոնապես կհայտարարվի մայիսի 15-ին՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության 100-ամյակին նվիրված միջոցառման շրջանակում։

 

Թագուհի Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին