Երեւան: Մեդիամաքս: Կրթության եւ գիտության նախարարությունը (ԿԳՆ) եւ Մեդիամաքս մեդիա-ընկերությունն` իր MaxMonitor համակարգի միջոցով շարունակում են ներկայացնել Հայաստանի բուհերի օնլայն մեդիա վարկանիշները:
Նոյեմբեր ամսվա ընթացքում լրատվական կայքերում ամենաշատ հրապարակումներ ունեցել են Երեւանի պետական համալսարանը՝ 185 հիշատակում, Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ 141 հիշատակում եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 68 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակումներ ունեցել են Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիան՝ 1 հիշատակում, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը՝ 2 հիշատակում, Երեւանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը՝ 3 հիշատակում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Հաշվետու ժամանակահատվածում բացասական երանգավորմամբ հիշատակումներով առաջատար են եղել Երեւանի պետական համալսարանը՝ 41 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 22.1%-ը), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 38 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 55.9%-ը), Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը՝ 19 հիշատակում (ընդհանուր հիշատակումների 42.2%-ը)։
Լուսանկարը` Մեդիամաքս
Տվյալ պարագայում, ԵՊՀ-ի բացասական հրապարակումները գոյացել են ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի այն հայտարարությունից, որ բուհում անցկացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են լուրջ խախտումներ։ Մասնավորապես, Դ. Սանասարյանը հայտարարել էր, որ ԵՊՀ-ում հայտնաբերված չարաշահումները կրկնակի անգամ գերազանցում են Ագրարային համալսարանում հայտնաբերված չարաշահումներին։
ԵՊՀ-ի վերաբերյալ բացասական երանգավորմամբ հրապարակումների թիվը գոյացել է նաև ԵՊՀ ուսանողական խորհրդի և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության միջև չդադարող կոնֆլիկտի լուսաբանման արդյունքում։
ՀՊՏՀ-ի վերաբերյալ բացասական հրապարակումները գոյացել են ԲՈՒՀ-ի Գյումրիի մասնաճյուղում հայտնաբերված չարաշահումների մասին ՀՀ գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության, ինչպես նաև «Փաստ» օրաթերթի հրապարակած հոդվածի արդյունքում, որում քննության է առնված ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի դոկտորական գիտական աստիճանի իսկության հանգամանքը։
ՀՊՄՀ-ի վերաբերյալ բացասական հրապարակումներն առավելապես գոյացել են ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության արդյունքում, որում ներկայացված է ԲՈՒՀ-ի Գյումրիի մասնաճյուղում առերևույթ կոռուպցիոն բնույթի հանցագործության փաստը։
Նոյեմբեր ամսվա ընթացքում բուհում տեղի ունեցող իրադարձությունների մասին լրատվամիջոցներին տեղեկացնելու առումով առաջատար են եղել ԵՊՀ-ն եւ ԵՊԲՀ-ն: ԵՊՀ-ի մասին եղած 185 հրապարակումներից 36-ը նախաձեռնել է բուհը, իսկ ԵՊԲՀ-ն նախաձեռնել է իր մասին եղած 141 հրապարակումներից 28-ը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: