Պետբյուջե վերադարձված գումարները՝ մի հարցման ոդիսական - Mediamax.am

exclusive
23119 դիտում

Պետբյուջե վերադարձված գումարները՝ մի հարցման ոդիսական


Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը եւ Դավիթ Սանսարյանը
Արթուր Վանեցյանը, Վալերիյ Օսիպյանը եւ Դավիթ Սանսարյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դավիթ Անանյանը եւ Արթուր Վանեցյանը
Դավիթ Անանյանը եւ Արթուր Վանեցյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Հայաստանում հեղափոխությունից հետո կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում պետական բյուջեում գումարների վերականգնման մասին հայտարարությունները, թերեւս, ամենասպասվածներից էին:   

 

Եւ քանի որ այդ հայտարարություններն իրենց շատ երկար սպասեցնել չտվեցին, Մեդիամաքսը փորձել է պարզել, թե ընդհանուր առմամբ կոռուպցիայի եւ ստվերային տնտեսության դեմ մղված պայքարի արդյունքում որքա՞ն գումար է վերականգնվել պետական բյուջեում եւ ո՞ւր են ուղղվել այդ միջոցները։ 

 

Վերջին մեկ ամսում հարցումներ ենք ուղարկել ֆինանսների նախարարությանը,  Պետական եկամուտների կոմիտեին, Ազգային անվտանգության ծառայությանը, Ոստիկանությանը, Կառավարությանը։

 

Հոկտեմբերի 10-ին ստանալով հերթական անբովանդակ պատասխանը, որոշեցինք հրապարակել վերջին մեկ ամսվա ընթացքում պետական մարմինների հետ ունեցած մեր նամակագրությունն՝ առանց մեկնաբանության:

 

***

 

Սեպտեմբերի 11-ին ֆինանսների նախարարությանն ուղարկել էինք հետեւյալ հարցումը.

 

«Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ  ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել:

1.Անցել է ուղիղ երկու ամիս: Որքա՞ն է այդ գումարը հիմա եւ, առհասարակ, ինչքա՞ն գումար է վերականգնվել բյուջեում վերջին 4 ամսում:

2. Վերադարձված ու վերականգված թիվն ինչպե՞ս է արտահայտվում բյուջեում:

3. Այդ գումարից որքա՞նն է վերականգնել ՊԵԿ-ը, որքա՞նը ԱԱԾ-ն, որքանը՝ ոստիկանությունը եւ որքանը՝ ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը:

4. Վերականգնված գումարից ինչքա՞նն ինչ  ծրագրի է ուղղվել»: 

 

5 օր անց ֆինանսների նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը

 

«Ի պատասխան Ձեր 11.09.2018 թվականի 7537-37F0-ECD6 գրության՝ հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը չի իրականացնում պետական բյուջե մուտքագրված վճարումների հաշվառում ըստ վճարման նպատակների` hիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ ենթակետը:

Ուստի Ձեր գրությամբ ներկայացված տեղեկատվությունը ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտե»։

 

Հաջորդ հարցումն ուղղեցինք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին։ Հարցերը հետեւյալն էին․

 

«1.ԱԱԾ, ՊԵԿ ու ոստիկանության համատեղ ջանքերով համատեղ քրեական գործերի շրջանակներում որքա՞ն գումար է հավաքվել մինչեւ այսօր։

2. Հուլիսի 10-ին Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ «վերականգնում դեռ չի նշանակում պետական բյուջե անմիջական մուտք: Դա նշանակում է, որ մուտքագրվելու է պետական բյուջե ակտի առկայության պայմաններում»։  Երկու ամիս հետոˋ այդ գումարը մուտքագրվե՞ լ է բյուջե: Կամ գումարի ո՞ ր հատվածն է բյուջեում: 

3.Որքա՞ ն գումար է  մուտքագրվելˋ 

.հարկային պարտավորությունների հետ կապված,

.ապօրինի հարստացման

.յուրացումների

.կոռուպցիոն երեւույթների

.այլ քրեական գործերի մասով»:

 

Պետական եկամուտների կոմիտեն մեր հարցմանը պատասխանել է 24 ժամ անց․

 

«Ի պատասխան Ձեր հարցման` տեղեկացնում ենք, որ 2018 թվականի հունիս-օգոստոս ամիսների ընթացքում ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող եւ նոր հարուցված քրեական գործերով բացահայտվել են պետությանն առանձնապես խոշոր չափերի նյութական վնաս հասցնելու դեպքեր, որոնց արդյունքում փաստացի պետական բյուջե է վերականգնվել ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամ: 

Ինչ վերաբերում է այլ գերատեսչությունների կողմից քննվող քրեական գործերի շրջանակներում բյուջե վերականգնված գումարներին` խնդրում ենք ճշտել համապատասխան գերատեսչություններից:  

Ըստ առանձին հոդվածների կատարված հանցագործությունների վերաբերյալ էլ տեղեկացնենք, որ ՊԵԿ-ը ըստ օրենսգրքի հոդվածների բյուջեի մուտքերի առանձնացված հաշվառում չի իրականացվում»: 

 

Դավիթ Անանյանը եւ Արթուր Վանեցյանը Դավիթ Անանյանը եւ Արթուր Վանեցյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

 

Սեպտեմբերի 12-ին հարցումն ուղղեցինք Ազգային անվտանգության ծառայությանը։  ԱԱԾ լրատվության վարչությունից խնդրեցին հարցումը ձեւակերպել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի անունով։ Սեպտեմբերի 14-ին նրան ուղարկեցինք հետեւյալ հարցերը․

 

«Հուլիսի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ ստվերային տնտեսության դեմ մղված  պայքարի արդյունքում ավելի քան 20 մլրդ դրամ է վերականգնվել:

1. Անցել է երկու ամիս: ԱԱԾ-ն քրեական գործերի շրջանակներում որքա՞ ն գումար է հավաքել մինչեւ այսօր:

2.Վերականգնված գումարից որքա՞ նն է մուտք արվել պետբյուջե: 

3.Որքա՞ ն գումար է  հավաքագրվել/մուտքագրվելˋ 

.ապօրինի հարստացման

.յուրացումների

.կոռուպցիոն երեւույթների

.այլ քրեական գործերի մասով»:

 

Հարցման լիարժեք պատասխան դեռ չենք ստացել։ Հոկտեմբերի 3-ին ԱԱԾ-ից ծանուցել են, որ հարցման պատասխանը դեռ մշակման փուլում է։

 

«Ի պատասխան ՀՀ ԱԱԾ տնօրենին 13.09.2018թ. հասցեագրած Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ներկա պահին ամփոփվում են 2018 թվականի մայիսի 8-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում կոռուպցիոն եւ տնտեսական բնույթի  հանցագործությունների գործերով բյուջե մուտքագրված, ինչպես նաեւ իրավաբանական ու ֆիզիկական անձանց պատճառված եւ հատուցված գումարների չափերը, ուստի առաջիկա օրերի ընթացքում Ձեզ կտրամադրվեն համապատասխան տվյալներ»

Նույնաբովանդակ հարցերով հարցումն ուղղել էինք նաեւ ՀՀ Ոստիկանությանը՝ սեպտեմբերի 12-ին։ 8 օր անց ոստիկանությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը․

«Ձեր 12.09.2018 թ. հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ Ձեր կողմից հայցվող տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ուստի ղեկավարվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով՝ տեղեկությունը կտրամադրվի 30-օրյա ժամկետում»

 

Սեպտեմբերի 26-ին ստացել ենք Ոստիկանության երկրորդ պատասխանը.

«Ձեր 12.09.2018 թ. հարցմանն ի պատասխան  հայտնում ենք, որ ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում քրեական գործերի շրջանակներում հավաքագրված, վերականգնված եւ պետբյուջե մուտքագրված գումարների վերաբերյալ հաշվառում չի տարվում։ Ձեզ հետաքրքրող տեղեկատվությունը ստանալու նպատակով առաջարկում ենք դիմել նախաքննություն իրականացնող մարմիններին»։

Նույն հարցերը սեպտեմբերի 26-ին ուղարկել ենք ՀՀ Կառավարությանը։ Հոկտեմբերի 10-ին ստացել ենք հետեւյալ պատասխանը․

«Ի պատասխան Ձեր էլեկտրոնային գրության` տեղեկացնում ենք, որ Ձեր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք: Ուստի, համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3) կետի` հարցերի պատասխանները կտրամադրվեն 30-օրյա ժամկետում»:

Լուսին Մկրտչյան 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին