Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ տարածաշրջանի 5 երկրների Լիտվայի դեսպաններին:
ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են արտակարգ իրավիճակների եւ բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ հայ-լիտվական համագործակցության ոլորտում սպասվում են նոր շեշտադրումներ՝ ուղղված բնակչության պաշտպանության, պատրաստվածության եւ դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Նախարարը շեշտել է, որ աշխատանքներ են տարվում ակտիվացնել բնակչության պաշտպանությանն ու պատրաստվածությանն ուղղված միջոցառումները նաեւ ՆԱՏՕ-ի ձեւաչափում:
Էրիկաս Պետրիկասը նշել է, որ արտակարգ իրավիճակների կենտրոնացված (մեկ պատուհանի սկզբունքով) կառավարման հայկական փորձը կարող է օգտակար լինել Լիտվայի համար:
Դեսպանը նաեւ բարձր է գնահատել արդյունաբերական առանձնապես վտանգավոր օբյեկտների հանդեպ սահմանված շուրջօրյա մոնիթորինգային համակարգի աշխատանքը:
















