Գեղարվեստական վեպեր գրելուց զատ մեր ժամանակների մեծագույն գրողներից մեկը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիո Վարգաս Լյոսան համառ պայքար է մղում քաղաքացիական ազատությունների համար: Իր նոր՝ «The Call of the Tribe» («Ցեղի կոչը») գրքում նա գրում է ազատական մտածելակերպի մասին եւ երախտիքի խոսքեր ուղղում յոթ գրողներին եւ փիլիսոփաներին, որոնք համարվում են ազատականության ռահվիրաները:
El Pais-ը գրողի հետ զրուցել է լիբերալիզմի, ինտելեկտուալ կուրության եւ վտանգների մասին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը:
Հարձակումներ՝ ազատ մտածողության վրա
Ազատ մտածողությունը թիրախավորում են գաղափարախոսությունները, որոնք ազատության թշնամիներ են եւ որոնք ազատականությունն արդարացիորեն համարում են իրենց ամենահամառ ախոյանը: Ֆաշիզմն ու կոմունիզմը ուժեղ հարձակումներ են կատարել լիբերալիզմի վրա` հիմնականում ներկայացնելով այն ծաղրանկարի ձեւով, ինչպես նաեւ կապելով պահպանողականության հետ: Սակայն ժողովրդավարությունը առաջ է գնացել, եւ մարդու իրավունքները ճանաչվել են հիմնականում լիբերալ մտածողների շնորհիվ:
Լուսանկարը` Ximena Garrigues y Sergio Moya/El Pais
Լիբերալիզմը ոչ միայն ներառում, այլեւ խրախուսում է տարբերությունը: Այն ճանաչում է, որ հասարակությունը բաղկացած է շատ տարբեր տեսակի մարդկանցից եւ շատ կարեւոր է պահպանել այդ տարբերությունը: Սա գաղափարախոսություն չէ. գաղափարախոսությունը աշխարհիկ կրոն է:
Լիբերալիզմը պաշտպանում է մի քանի հիմնարար գաղափար՝ ազատություն, անհատականություն, կոլեկտիվիզմի եւ ազգայնականության մերժում, այլ կերպ ասած՝ դեմ է բոլոր այն գաղափարախոսություններին ու դոկտրինաներին, որոնք սահմանափակում կամ ոչնչացնում են ազատությունը հասարակության մեջ:
Ինչո՞ւ են լիբերալները մերժում ազգայանականությունը
Ազգայնականությունն ու ազատությունն անհամատեղելի են: Պարզապես հարկավոր է քերծել մակերեւույթը՝ տեսնելու համար, որ ազգայանականությունը ռասիզմ է պարունակում: Եթե դուք հավատում եք, որ որոշակի երկրի, ազգի, ռասայի կամ կրոնի պատկանելն առաջնահերթություն է, արժեք է ինքնին, ուրեմն դուք հավատում եք, որ ավելի բարձր եք ուրիշներից:
Լուսանկարը` Ximena Garrigues y Sergio Moya/El Pais
Ռասիզմն էլ անխուսափելիորեն հանգեցնում է բռնության ու ազատության ճնշման:
Արեւմտյան ժողովրդավարության այսօրվա հիմնական մարտահրավերը
Ամենամեծ թշնամին այսօր պոպուլիզմն է: Մարքսիզմն արդեն քաղաքական կյանքի ետնաբեմում է, բայց այն պոպուլիզմ չէ: Պոպուլիզմը խարխլում է ժողովրդավարությունը ներսից:
Ի՞նչ է պետությունը
Լիբերալներն ուզում են արդյունավետ, բայց ոչ ինվազիվ պետություն: Պետություն, որը կերաշխավորի ազատությունն ու հավասար հնարավորությունները:
Լուսանկարը` Ximena Garrigues y Sergio Moya/El Pais
Իհարկե, ազատականության աղավաղումներ եւս կան: Օրինակ՝ կան տնտեսագետներ, որոնք լիովին կաղապարված են եւ համոզված, որ միայն տնտեսական բարեփոխումները կարող են ազատություն բերել: Ես համաձայն չեմ, կարծում եմ՝ գաղափարներն ավելի կարեւոր են, քան տնտեսական բարեփոխումը:
Արդյո՞ք քաղաքական կոռեկտությունը սպառնում է ազատությանը
Քաղաքական կոռեկտությունը ազատության թշնամին է, քանի որ մերժում է ազնվությունը եւ ինքնությունը: Մենք պետք է դիտարկենք այն որպես ճշմարտության խեղաթյուրում:
Կեղծ լուրեր (Fake news)
Նոր եզրույթ է՝ հին իրականության համար: Կոմունիզմն աներեւակայելի խելացի էր իրականությունը խեղաթյուրելու առումով՝ ազնիվ մարդկանց ճնշելով եւ կեղծ ճշմարտությամբ ստերը փոխարինելով:
Լուսանկարը` Ximena Garrigues y Sergio Moya/El Pais
Այն, ինչ ունենք այսօր, տեխնոլոգիական հեղափոխությունն է, որն ավելի շատ խաթարում է ժողովրդավարության ուղին, քան ամրապնդում այն: Այդ տեխնոլոգիան կարող է օգտագործվել տարբեր նպատակների համար, բայց ժողովրդավարության եւ ազատության թշնամիները օգտագործում են այն իրենց նպատակներն առաջ մղելու համար:
Սա իրականություն է, որին մենք ստիպված ենք դիմագրավել, բայց դժբախտաբար, դեռ շատ սահմանափակ միջոցներ ունենք դա անելու համար: Մենք ռմբակոծվում ենք այն տեխնոլոգիայով, որն օգտագործվում է ստին եւ պոստ-ճշմարտություններին ծառայելու համար, եւ եթե մենք չդիմադրենք երեւույթին, այն կարող է իսկապես կործանարար դառնալ:
Պատրաստեց Մարի Թարյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: