«Խաղացողը»` լույս է տեսել Քըրք Քրքորյանի մասին պատմող գիրքը - Mediamax.am

20295 դիտում

«Խաղացողը»` լույս է տեսել Քըրք Քրքորյանի մասին պատմող գիրքը


Քըրք Քըրքորյանը՝ իր օգնական եւ մարզիչ Ռոն Ֆալահիի եւ անվանի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ
Քըրք Քըրքորյանը՝ իր օգնական եւ մարզիչ Ռոն Ֆալահիի եւ անվանի բռնցքամարտիկ Մայք Թայսոնի հետ

Լուսանկարը` Ռոն Ֆալահիի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ-ում հունվարի 24-ին լույս է տեսել ամերիկահայ գործարար Քըրք Քրքորյանի մասին պատմող կենսագրական «Խաղացողը» (The Gambler) գիրքը:

Գրքի հեղինակն է The Los Angeles Times թերթի հետաքննող լրագրող Ուիլյամ Ռեմփելը:

 

Գիրքը գրելիս նա զրուցել է Քըրք Քրքորյանի ընկերների եւ բարեկամների հետ, աշխատել է արխիվներում, ուսումնասիրել է մամուլի հրապարակումները:

 

The New York Times-ի հետ հարցազրույցում Ուիլյամ Ռեմփելը խոստովանել է, որ երբ հրատարակչությունն իրեն առաջարկեց գրել գիրքը, ինքը գրեթե ոչինչ չգիտեր Քըրք Քրքորյանի մասին:

 

Հեղինակն ասել է, որ իր ամենամեծ բացահայտումներից մեկն այն էր, որ Քրքորյանը հերոսական մասնակցություն է ունեցել Երկրորդ աշխարհամարտին որպես ռազմական օդաչու՝ լինելով բեւեռային երթուղու առաջամարտիկներից մեկը:

 

Հունվարի 29-ին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը տեղի կունենա հանդիպում Ուիլյամ Ռեմփելի հետ, որը կներկայացնի իր գիրքը եւ կպատասխանի ներկաների հարցերին:

 

Մեդիամաքսը նշում է, որ գիրքը կարելի է պատվիրել Amazon կայքում:

 

Քիրք Քրքորյանը կյանքից հեռացավ 2015 թվականի հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում:

Քըրք Քըրքորյանը սերում էր Խարբերդից Ֆրեզնո գաղթած Ահարոն Գրիգորյանի ընտանիքից։

 

Քըրք Քըրքորյանը բազմաթիվ բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի եւ հայության համար: 2004 թվականին, հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար, նրան շնորհվել էր Հայաստանի Ազգային հերոս կոչումը: 

 

Սպիտակի երկրաշարժից հետո և ՀՀ-ի շրջափակման տարիներին Քըրք Քըրքորյանը մեծապես օգնել է Հայաստանին ու Արցախին։

 

Քըրքորյանի նախաձեռնած «Լինսի» հիմնադրամը 2001-ից ի վեր շուրջ 151 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ ճանապարհների վերակառուցման, մշակութային հաստատությունների վերանորոգման, աղետի գոտու բնակարանաշինարարության, եւ բազմաթիվ այլ ծրագրերի իրականացման համար:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին