Ներկայացվել է Դիլիջանի թվային արխիվի հայեցակարգը - Mediamax.am

10214 դիտում

Ներկայացվել է Դիլիջանի թվային արխիվի հայեցակարգը


Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA

Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Դիլիջան քոլեջում դեկտեմբերի 8-ին ներկայացվել են «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագրի արդյունքները եւ Դիլիջանի թվային արխիվի ստեղծման հայեցակարգը։

IDeA հիմնադրամի աջակցությամբ եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրի նպատակն է հավաքագրել Դիլիջանի մասին պատմական փաստերն ու վկայությունները եւ այն լայն հանրությանը նորովի ներկայացնել։

 

«IDeA հիմնադրամը բաց հարթակ է, որը համախմբում է գործընկերներին, տեղական համայնքներին եւ միջազգային շահառուներին՝ երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող ծրագրերի մշակման եւ իրագործման համար։ «Դիլիջանի միջմշակութային փոխանակում» ծրագիրը այս երեք խմբերի միջեւ արդյունավետ երկխոսության հիանալի օրինակ է, որի արդյունքներից կարող են օգտվել Դիլիջանի անցյալով ու ներկայով հետաքրքրված յուրաքանչյուր ոք»,- ասել է IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Րաֆֆի Պաղճեանը:

 

«Լուսադարան» հայ լուսանկարչության հիմնադրամի տնօրեն Վիգեն Գալստյանը, խոսելով ծրագրի իրականացման ընթացքից, նշել է, որ շատ հետաքրքիր դրվագներ են կարողացել գտնել։

Լուսանկարը` IDeA

«Ամենահետաքրքիրներից են Դիլիջանի խորհրդային շրջանի արխիվային նյութերը։ Քաղաքի երկրագիտական թանգարանի հավաքածուից թվայնացվել է մոտ 1200 նկար։ Ուսումնասիրվել են մարդկանց անհատական արխիվները։ Ստեղծել ենք համայնքային արխիվի հայեցակարգ, որը որպես առցանց շտեմարան է ներկայացվելու», - պատմել է նա։

 

UWC Դիլիջան քոլեջի կառավարման խորհրդի նախագահ Վերոնիկա Զոնաբենդն ասել է, որ նման ծրագիր իրականացնելու գաղափարը առաջացել է համայնքի ներկայացուցիչների հետ ակտիվ աշխատանքի արդյունքում։

 

«Դիլիջանը հարուստ պատմություն ունի։ Այս ծրագրի շրջանակում համայնքի բնակիչներին հնարավորություն է տրվում տեսնել այն գեղեցկույթունը, որը ունեցել է Դիլիջանը։ Մենք կարծում ենք, որ պետք է պահպանել քաղաքի անցյալի հիշողությունը, եւ այն հպարտությունը, որը հնարավոր է զգալ դրանից», - ասել է նա։

 

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն էլ նշել է, որ Դիլիջանը շատ հատուկ վայր է եւ դրա անցյալի ուսումնասիրությունը լավ միտք է։

Լուսանկարը` IDeA

«Կարծում եմ՝ ծրագրի արդյունքները հետաքրքրություն կառաջացնի երիտասարդների շրջանում, քանի որ նրանցից շատերը չգիտեն, թե 20 կամ 25 տարի առաջ ինչպիսին է եղել համայնքը, որում նրանք այսօր ապրում են», - ասել է գերմանացի դիվանագետը:

 

IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը շեշտել է, որ Դիլիջանի բնակիչները պետք է զգան, որ իրենց համայնքը կարող է դառնալ համաշխարհային կարգի կրթական, մշակութային, զբոսաշրջային, առողջապահական հանգույց։

Լուսանկարը` IDeA

«Դեռ երկար ճանապարհ պետք է անցնեքն։ Փոքր փոփոխություններ անելը երբեմն ավելի շատ ուժ է պահանջում։ Վստահ ենք՝ մեր սկսած գործը առավել հաջողությամբ առաջ կտանենք, երբ մարդիկ միմյանց հավատան, պարզ եւ ազնիվ խոսեն խնդիրների մասին»,- ասել է Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին