Մայոր Սարգիս Ստեփանյանը մի ձեռքով երեք մեդալ է նվաճել - Mediamax.am

exclusive
5929 դիտում

Մայոր Սարգիս Ստեփանյանը մի ձեռքով երեք մեդալ է նվաճել


Սարգիս Ստեփանյանը
Սարգիս Ստեփանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորված եւ 3 վերջույթները կորցրած մայոր Սարգիս Ստեփանյանը դարձել է Բազկամարտի աշխարհի չեմպիոն մինչեւ 75 եւ 80 կգ քաշային կարգերում, իսկ բացարձակ քաշային կարգում նվաճել է Արծաթե մեդալ։ Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Սարգիսը պատմել է, որ այս հաղթանակի համար երկար է պայքարել։

 

Սա Սարգսի երրորդ փորձն էր դառնալ Աշխարհի չեմպիոն։ Մինչեւ այս զբաղեցրած 4-րդ, 3-րդ տեղերը նրան չէին բավարարում։ Ամեն անգամ պարտությունից հետո նոր թափով էր վերադառնում մարզումների՝ վստահ, որ հաղթանակն իրենն է լինելու։ Լեհաստանի Ռումիա քաղաքում կայացած բազկամարտի Աշխարհի գավաթի առաջնությանը նա երեք մեդալ նվաճեց` իրագործելով վաղեմի նպատակը։

 

«Մինչեւ այս ունեցածս պարտությունը պարտավորեցնում էր, որ հասնեմ արդյունքի։ Ամեն անգամ, երբ պարտվում էի, տխրում էի, սակայն սխալը գտնում էի իմ մեջ՝ ուրեմն քիչ էի մարզվել։ Այն ժամանակ հասկանում էի, որ իմ չբռնվելու հանգամանքը լուրջ պատճառ էր պարտվելու համար։ Ինձ համար ավելի բարդ էր, որովհետեւ մյուսները երկու ձեռք ունեին, հետեւաբար՝ հենման կետ, ես միայն մի ձեռք ունեմ։ Այս տարի ավելացել էր առանց հենման կետի մրցելու կատեգորիա։ Մինչեւ 75 կգ քաշային կարգում մրցեցի այդ կատեգորիայում եւ արժանացա Ոսկե մեդալի։ Ուժերս փորձեցի նաեւ բռնվող կատեգորիայում։ Մրցակիցներս հենման կետ ունեին, ես` ոչ, սակայն նույնիսկ այդ կատեգորիայում ճանաչվեցի հաղթող։ Մի ձեռքով 3 մեդալը շատ լուրջ ձեռքբերում էր, որովհետեւ ես միակ մասնակիցն էի, որ չունեի 3 վերջույթ եւ բռնվելու հնարավորություն»,– ոգեւորությամբ պատմեց Սարգիսը։

 

Ոսկե երկու մեդալից բացի Սարգիսը նաեւ Արծաթե մեդալ ունի։ Բացարձակ քաշային կարգում մրցել է Աշխարհի կրկնակի, եռակի չեմպիոնների հետ, հաղթել նրանց ու արժանացել Արծաթե մեդալի։ Նա հպարտությամբ նկատեց, որ հաղթել է նույնիսկ 140 կգ քաշային կարգի չեմպիոնին։

Լուսանկարը` անձնական արխիվից

«Շատ ջանք ենք գործադրել այս նպատակին հասնելու համար։ Պիտի ապացուցեինք, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է։ Սա իմ ծանր մարզումների արդյունքն էր։ Մարզիչս՝ Արտավազդ Նալբանդյանը քրտնաջան աշխատեց ինձ հետ»,– նշեց Սարգիսը։

 

Նրա համար ձախ ձեռքը դարձել է միակ ապավենը, սակայն մայորը շարունակում է օրինակ ծառայել հաշմանդամություն ունեցող այլ մարդկանց։ Հիմա նա նպատակ ունի հարմար պայմաններով մարզադահլիճ ստեղծել հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

 

«Ուզում եմ այս հաջողությունները շարունակական լինեն։ Թիմ ունենանք, խմբով գնանք առաջնության, հաղթանակով վերադառնանք։ Ուզում եմ օրինակ ծառայել, ոգեւորել մյուսներին, որպեսզի մարդիկ հասկանան, որ անհնարին ոչինչ չկա։ Աշխատասիրության ու ձգտման արդյունքում ամեն ինչ հնարավոր է»,– եզրափակեց մայոր Ստեփանյանը ։

 

Սարգիս Ստեփանյանի մասին Մեդիամաքսի անդրադարձը կարող եք կարդալ այստեղ։

 

Ամալյա Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին