Զինվորին փրկած եւ թուլանալու իրավունք չունեցող մայոր Ստեփանյանը - Mediamax.am

exclusive
36422 դիտում

Զինվորին փրկած եւ թուլանալու իրավունք չունեցող մայոր Ստեփանյանը


Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ
Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Ստեփանյանը վիրավորումից առաջ
Սարգիս Ստեփանյանը վիրավորումից առաջ

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Ստեփանյանը
Սարգիս Ստեփանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Ստեփանյանը տիկնոջ հետ
Սարգիս Ստեփանյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Ստեփանյանը՝ աջից
Սարգիս Ստեփանյանը՝ աջից

Լուսանկարը` անձնական արխիվից

Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ
Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից


Մայոր Սարգիս Ստեփանյանը, ով 2014 թվականին չեզոք գոտուց վիրավոր զինվորին դուրս բերելիս վիրավորվեց եւ կորցրեց 3 վերջույթները, Բազկամարտի աշխարհի առաջնությանը 59 երկրների պայքարում զբաղեցրել է 4-րդ տեղը։ Ձախ ձեռքը հիմա նրա միակ ապավենն է։ Ասում է՝ դեռ գեղեցիկ չի գրում, բայց ուժային գործողությունները լավ է կատարում։ Մեդիամաքսի հետ զրույցում նա պատմել է ձախ ձեռքը կատարելագործելու, Աշխարհի առաջնությունում հաղթելու եւ իրեն չընկճած բարդությունների մասին:

 

Մինչ վիրավորում ստանալը Սարգիսը զբաղվել է ծանրամարտով։ Երբ հասկացավ, որ ծանրամարտը մնացել է անցյալում, իր համար սպորտային նոր հետաքրքրություն գտավ՝ բազկամարտը։ Հոկտեմբերին կայացած Բազկամարտի աշխարհի առաջնությանը Սարգսի՝ Հաշմանդամություն ունեցող մարդկանց «ARM1» կարգում (մրցում են ողնաշարի խնդիր ունեցող եւ անդամահատված մարդիկ) նվաճման մասին մինչեւ հիմա Հայաստանում չգիտեին, քանի որ մայորը չի համակերպվում արդյունքի հետ։

Սարգիս Ստեփանյանը՝ աջից Սարգիս Ստեփանյանը՝ աջից

Լուսանկարը` անձնական արխիվից

«Ինձ համար ավելի բարդ էր, որովհետեւ մյուսները երկու ձեռք ունեին, հետեւաբար՝ հենման կետ։ Ոչ ոք չի ծալել ձեռքս, ուղղակի մարտավարական սխալ թույլ տվեցի եւ արմունկս կտրվեց հենման կետից։ Մրցույթից հետո 3-րդ եւ 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների հետ ընկերական մրցեցինք՝ հաղթեցի։ Մոտ մեկուկես տարի եմ մարզվել, սակայն 2014 թվականի Աշխարհի չեմպիոնին էլ հաղթեցի։ Իրականում պատրաստ էի 2-րդ տեղին։ Փորձի պակաս ունեի, որի պատճառով 4-րդ տեղում եղա եւ ինձ չեմ ներում։ Պիտի անպայման դառնամ Աշխարհի չեմպիոն։ Մայիսին պատրաստվում եմ մասնակցել Բազկամարտի Եվրոպայի առաջնությանը։ Աշխարհի առաջնությանը մասնակցեցի «Կենդանի հերոսների ֆոնդի» հովանավորությամբ։ Տեսնենք՝ այս անգամ ֆինանսավորման հարցն ինչպես կլուծվի»,- ասում է նա։

Սարգիս Ստեփանյանը Սարգիս Ստեփանյանը

Լուսանկարը` անձնական արխիվից

Սպորտը կյանքի կարեւորագույն ուղիներից մեկը դարձրած մայորը սիրողական փորձեր է անում եւ կշռաքարեր բարձրացնում։ Նրա սահմանած ռեկորդն ամրագրված է «Դյուցազնագրքում»։ Ասում է՝ հիմա մի քանի անգամ ավելին է բարձրացնում։

 

Սարգիսը նաեւ լողի էր գնում, սակայն այժմ սովորում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի Հրամանատարաշտաբային ֆակուլտետում եւ չի հասցնում լողով զբաղվել։

 

«Հայաստանում միայն Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոնում են լողավազանն ու մարզասարքերը հարմարեցված հաշմանդամներին, օգտվելու համար էլ հստակ օրեր եւ ժամեր են սահմանված։ Ուսմանս հետ չեմ հասցնում։ Առաջին հնարավորության  դեպքում ծրագիր եմ գրելու, փորձելու եմ մեծ մարզասրահ կառուցել՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Սակայն եթե հարմարեցված չէ, չի նշանակում, որ անհնար է։ Ձգտում եւ ցանկություն է պետք։ Կարող ես տանն էլ հարմարություն ստեղծել։ Սակայն, ամեն դեպքում նման մարզասրահ ունենալը շատ կարեւոր է»,- շեշտում է մայոր Ստեփանյանը։

Լուսանկարը` անձնական արխիվից

Նա փաստում է, որ Հայաստանը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն նկատում է, որ Հայաստանն այս հարցում եզակի չէ՝ վերջերս է վերադարձել Բուլղարիայից, այնտեղ ավելի շատ էին անհարմարությունները։

 

Վիրավորումից չորս ամիս անց Սարգիսն ուսումնական պրոթեզներով բարձրացել է Թեժ քարը։ Պատմում է, որ ճանապարհը բարդ էր, սակայն դեռեւս հոսպիտալում որոշել էր՝ ոչ մի քայլ հետ. կյանքը շարունակվում է։

 

Ապրումների եւ դժվարությունների մասին պատմում են Սարգսի աչքերը։ Նա միայն ասում է, որ թուլանալու իրավունք չունի. ճանապարհը բարդ է, սակայն հետդարձ չկա։

 

«Վիրավորումից հետո մինչեւ հոսպիտալ գիտակցությունս տեղն է եղել։ Վիրահատությունից հետո երրորդ օրն եմ ուշքի եկել ու միանգամից հասկացել՝ ինչ կարգավիճակում եմ, տեսել, որ ոտքերս ու ձեռքս ամպուտացված են։ Բժիշկներն անընդհատ ասում էին, որ հոգեբաններ են այցելել, ուզում են տեսնել ինձ։ Ասում էի՝ պետք չէ։ Յուրաքանչյուր ոք ամենալավը գիտի իր հոգին։ Առաջնահերթ մտածում էի՝ կարողանամ քայլել։ Տեսանյութեր էի նայում՝ ինչպես են նմանատիպ խնդրով մարդիկ քայլում ու հասկանում, որ  եթե ինչ-որ մեկը կարողացել է, ես էլ կարող եմ։ Դեռ չէի պատկերացնում՝ ինչպես եմ քայլելու, սակայն հասկանում էի, որ հետ բերելու ոչինչ չունեմ»,- ասում է նա, ապա հավելում, որ ամենակարեւորը ձգտումն է, որն ի սկզբանե ունեցել է։

 

Թուլանալու մասին մայորի հետ խոսելն անգամ ավելորդ է։ «Ես չունեմ դրա իրավունքը, քանի որ ընտանիք, տղա երեխաներ ունեմ։ Բնական է՝ դժվար է գալ այդ գիտակցությանը, տխրում ես։ Լինում են ժամանակներ, երբ տխրում եմ, սակայն թույլ չեմ տալիս, որ հասարակությունը, ընտանիքս, շրջապատս նկատեն դա։ Կյանքը շարունակվում է։ Տխրելով, ընկճվելով ավելի ես բարդացնում  կարգավիճակդ, ոչ միայն քեզ ես վնասում, այլեւ շրջապատիդ։ Ես միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, ունեմ ձախ ձեռքս։ Պետք է առավելագույնս կատարելագործեմ այն, որպեսզի ինձ ոտքերի փոխարեն էլ ծառայի, ձեռքիս փոխարեն էլ։ Պետք է գնահատենք այն, ինչ ունենք եւ օգտվենք»,- կյանքի նկատմամբ մեծ սերն աչքերում նշում է նա։

 

Հիմա մայոր Ստեփանյանը մեքենա է վարում, ապրում ակտիվ կյանքով, պատրաստվում է պարաշյուտային թռիչք կատարել.

Սարգիս Ստեփանյանը վիրավորումից առաջ Սարգիս Ստեփանյանը վիրավորումից առաջ

Լուսանկարը` անձնական արխիվից

«Մեքենա վարելն ամենահեշտն է։ Դա նվազագույնն է, որ կարող է անել մարդը նմանատիպ կարգավիճակում»։

 

Մարդկանց հետ շփվելիս Սարգիսը կարեւորում է իրեն չխղճան, իր համար առաջնային է հավասարը հավասարի հետ շփումը. «Ես չեմ ամաչում ցույց տալ, որ պրոթեզով եմ։ Եթե ամռանը շոգ է, կիսավարտիք եմ հագնում։ Արտերկրում մարդիկ սովորական են նայում դրան։ Կգա ժամանակ, մեզ մոտ էլ այդպես կլինի։ Երբ հաշմանդամություն ես ձեռք բերում, ամենակարեւորը գիտակցությունն է՝ պիտի գիտակցես՝ ինչ է կատարվում, սակայն չընդունես դա որպես կարգավիճակ, թույլ չտաս, որ քեզ խղճան։ Շրջապատում պիտի հասկանան, որ իրենցից մեկն ես, ոչնչով չես տարբերվում։ Փառք Աստծո, ես կարողացել եմ ստեղծել մթնոլորտ, որ ինձ նորմալ ընկալեն։ Դա ամենակարեւորն է»։

 

Այս ընթացքում ամենաբարդ փուլը Սարգսի համար վիրավորումից հետո որդիներին հանդիպելն է եղել։ Մոտ 20 օր նա ընդունել է ծանոթ-անծանոթ բազմաթիվ մարդկանց, միայն որդիների հետ հանդիպմանը պատրաստ չէր։ «Կինս՝ Արմինեն,  շատ ուժեղ է։

Սարգիս Ստեփանյանը տիկնոջ հետ Սարգիս Ստեփանյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Երբ պառկած էի հոսպիտալում, հաճախ չէի թողնում, որ բուժքույրերը փոխեն վիրակապերը։ Կինս մշակում էր վերքերս, փոխում վիրակապերս։ Տղաներս ավելի ուժեղ են։ Երբ հոսպիտալում էի, չէի կարողանում տեսնել իմ երեխաներին։ Միակ դեպքն էր, երբ թուլություն եմ դրսեւորել։ Չէի ուզում նայել իրենց աչքերին, չէի ուզում, որ ինձ այդպես տեսնեն։ Ես պատրաստ չէի, իրենք, ընդհակառակը՝ անընդհատ ուզում էին գալ ինձ մոտ։ Մոտ 20 օր անց վերջապես թույլ տվեցի, որ գան։ Մտան սենյակ, սկսեցի կատակներ անել։ Շուտ շրջանցեցինք այդ թեման։ Իսկապես պատրաստ չէի։ Իրենք ուժեղ գտնվեցին, այդ հարցում միայն ես էի թույլ։ Հիմա  ընդհանրապես իրենք խնդիր չունեն։ Երբեմն նույնիսկ մոռանում են, որ պրոթեզով եմ»։

 

Ավագ որդին՝ 12-ամյա Վարդանը, հոր հետ մարզումների է գնում, կրտսերը՝ 10-ամյա Սերգեյը, նախընտրում է շախմատը. «Չգիտեմ՝ տղաներս ինչ մասնագիտություն կընտրեն։ Դա պետք է իրենց ցանկությամբ լինի, որովհետեւ յուրաքանչյուր գործ պետք է սիրով կատարես։  Փոքր որդուս մոտ նկատում եմ ղեկավարման ջիղը, նույնիսկ խաղերի մեջ կարողանում է ճիշտ մարտավարություն ընտրել, արագ կողմնորոշվել։ Դա զինվորական բնավորություն է, սակայն կհասունանան, իրենք կընտրեն իրենց մասնագիտությունը։ Ես ոչինչ չեմ պարտադրի»։

Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ Սարգիս Ստեփանյանը՝ որդիների հետ

Լուսանկարը` անձնական արխիվից

Մայոր Ստեփանյանը իր բոլոր երազանքները կապում է որդիների հետ, քանի որ, ինչպես ինքն է որակում, ունի ապրելու ամենակարեւոր բաղադրիչը.

 

«Ամենակարեւորը՝ լավ ընտանիք, երեխաներ ունեմ։ Երազում եմ երեխաներիս հասցնել իրենց նպատակներին, տեսնել իրենց հաջողությունները եւ ուրախանալ։ Մնացած ամեն ինչին կհասնեմ իմ ձգտման եւ աշխատասիրության շնորհիվ»։

 

Այսօր մայոր Ստեփանյանը շարունակում է ծառայել Հայոց բանակում։ Թոշակի գնալու մտադրության փոխարեն հեռուն գնացող ծրագրեր ունի։

 

Հ.Գ. Սարգիս Ստեփանյանի օրինակը ապրիլյան պատերազմում վերջույթներ կորցրած շատ երիտասարդների համար ոգեշնչող ու հուսադրող էր։ Երբ մայորը գալիս էր տղաներին տեսակցության, նրանք իրար շշնջում էին՝ տես, ինչպես է քայլում, մենք էլ կարող ենք։

 

Ամալյա Հովհաննիսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին