Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերից - Mediamax.am

9280 դիտում

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերից


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է 2017թ. դեկտեմբերից իրականացնել մարդու պապիլոմա վիրուսային վարակի դեմ պատվաստումներ:

Պատվաստումը կիրականացվի 13 տարեկան աղջիկների շրջանում՝ 2 դեղաչափ սխեմայով, 6 ամիսը մեկ, որը համահունչ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական դիրքորոշման հետ:

 

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի խոսքով՝ պատվաստումը պապիլոմավիրուսային վարակի դեմ պայքարի միջոցառումներից մեկն է՝ ի լրումն սքրինինգային հետազոտությունների. այն հնարավորություն կտա էականորեն նվազեցնել հիվանդացության եւ մահացության դեպքերը:

 

Նախարարի խոսքով՝ Հայաստանում կանանց քաղցկեղային հիվանդությունների կառուցվածքում արգանդի պարանոցի քաղցկեղը երկրորդ տեղում է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո, եւ այս վիրուսով Հայաստանը դասվում է բարձր հիվանդացություն ունեցող երկրների շարքում:

 

Մասնավորապես, Հայաստանում տարեկան գրանցվում է հիվանդացության միջինում 250-300 նոր դեպք, ընդ որում, դրանք հայտնաբերվում են բավական ուշ փուլերում: Տարեկան մահացության քանակը կազմում է 100-130 կին: 2015-ին արձանագրվել է մահվան 127, իսկ 2016-ին՝ 116 դեպք:

 

«Մարդու պապիլոմա վիրուսների դեմ պատվաստումներն ունեն բարձր արդյունավետություն, նույնիսկ մեկ դեղաչափ պատվաստումը 80-85% դեպքերում առաջացնում է հակամարմինների պաշտպանիչ մակարդակ, ինչը համարվում է բարձր արդյունավետության ցուցանիշ»,- ընդգծել է Լեւոն Ալթունյանը:

 

Պատվաստումները կիրականացվեն ԳԱՎԻ (Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինք) հիմնադրամի գրանտային ծրագրի օժանդակությամբ: Կազմակերպությունը երկու տարվա ընթացքում կտրամադրի պատվաստանյութը եւ պատվաստումների օժանդակ պարագաները, ինչպես նաեւ ծրագրի ներդրման համար նախապատրաստական միջոցառումների մի մասի ծախսերը: 2019-ից սկսած՝ Հայաստանն իր վրա կվերցնի պատվաստանյութի ձեռքբերման ծախսերը:

 

Պատվաստումների 1 դեղաչափը Հայաստանի համար կարժենա $‌4,5, այն դեպքում, երբ դրա շուկայական արժեքը կազմում է $‌100:

 

Նախատեսվում է պատվաստել 16 հազ. 13 տարեկան աղջիկների, պատվաստումը կմեկնարկի դեկտեմբերի երկրորդ տասնամյակին եւ կավարտի 2018թ. առաջին կիսամյակին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին