Ինչպես Աննա Ախմատովան դարձավ Անուշ ու սիրեց Հայաստանը - Mediamax.am

exclusive
38606 դիտում

Ինչպես Աննա Ախմատովան դարձավ Անուշ ու սիրեց Հայաստանը


Աննա Ախմատովան
Աննա Ախմատովան

Լուսանկարը` Նկարը՝ Աննա Խաչիյան

Աննա Ախմատովան եւ Նիկոլայ Գումիլյովը որդու՝ Լեւի հետ
Աննա Ախմատովան եւ Նիկոլայ Գումիլյովը որդու՝ Լեւի հետ
Աննա Ախմատովան
Աննա Ախմատովան
Օսիպ Մանդելշտամի բանտային լուսանկարը
Օսիպ Մանդելշտամի բանտային լուսանկարը
Երիտասարդ Մանդելշտամը
Երիտասարդ Մանդելշտամը
Նադեժդա Մանդելշտամը
Նադեժդա Մանդելշտամը

Լուսանկարը` Fine Art Images/Heritage Images/Getty Images


«Ոմանք, ինչպես Պաստեռնակը, տարվում են Վրաստանով, իսկ ինձ միշտ հարազատ է եղել Հայաստանը»:

 

                                                                                                 Աննա Ախմատովա

 

Թե ինչու էր Հայաստանում երբեք չեղած ռուս մեծ բանաստեղծուհին այդքան սիրում մեր երկիրը, դժվար է հստակ ասել, սակայն դժվար չէ գուշակել: Այդ սիրո գրական դրսեւորումներն եղան հայ դասականների բանաստեղծությունների նրա թարգմանությունները: Ցանկը բավական տպավորիչ է` Դանիել Վարուժան, Ավետիք Իսահակյան, Վահան Տերյան, Մարո Մարգարյան եւ գլխավորապես` Եղիշե Չարենց:

 

Ախմատովան Չարենցին թարգմանել է երկու անգամ` 30-ականների կեսին եւ 50-ականներին: Նրա թարգմանությունների առանձնահատկություններին, ճշգրտությանը եւ նրբություններին անդրադարձել են տարբեր քննադատներ: Եվ գրեթե բոլոր այդ գիտական անդրադարձներում կարեւոր դերակատարում ունի եւս մեկ անուն: Խոսքը ռուս նշանավոր բանաստեղծ Օսիպ Մանդելշտամի մասին է, որը հմայվել էր Հայաստանով, անմնացորդ սիրահարվել եւ այդ սիրով վարակել նաեւ Աննա Ախմատովային: Սակայն ամեն բան` հերթով:

 

Ձուլվելով Հայաստանի կյանքին

 

1930 թվականին ուղեւորությունը Հայաստան Մանդելշտամի համար դառնում է ստեղծագործական վերածննդի սկիզբ, եւ պատահական չէ, որ բանաստեղծը չէր ուզում հեռանալ Հայաստանից. «Միայն հայկական հինավուրց մշակույթի մթնոլորտում, ձուլվելով Հայաստանի կյանքին, պատմությանն ու արվեստին, հնարավոր է վերջ տալ ատաղծագործական այս լեթարգիային: Մոսկվա վերադարձը բացառված է, ամբողջությամբ»։

Երիտասարդ Մանդելշտամը Երիտասարդ Մանդելշտամը

 

 

«Ստեղծագործական լեթարգիայի» վերջն ազդարարվեց Մանդելշտամի Հայաստանին նվիրված բանաստեղծական շարքով, որն առաջին անգամ ընթերցեց Թբիլիսիում Չարենցի համար: Չարենցը լսեց, տվեց բարձր գնահատական եւ ասաց. «Ձեզնից կարծես գիրք է ծնվում»: Մանդելշտամի կինը` Նադեժդա Յակովլեւնան հիշում է, որ Չարենցի այդ խոսքերից ամուսինը շատ էր ոգեւորվել եւ ասել կնոջը. «Լսեցի՞ր` ինչպես ասաց: Նա իսկական պոետ է»:

Նադեժդա Մանդելշտամը Նադեժդա Մանդելշտամը

Լուսանկարը` Fine Art Images/Heritage Images/Getty Images

Մանդելշտամներն իսկապես տպավորվել էին Չարենցի հետ հանդիպումից: Հետագայում Նադեժդան գրում է, որ Հայաստանից հեռանալուց հետո իրենք միշտ հիշում էին, որ Հայաստանում ապրում է մի մեծ պոետ՝ Կովկասի ամենամեծ պոետը: Ստալինյան բռնապետության դեմ ներքին պայքար մղող եւ բանաստեղծությունների միջոցով իրենց բողոքն արտահայտող բանաստեղծները, պարզ է, միանգամից հարազատացել էին: Հենց այդ հարազատությունից էլ սկիզբ է առնում Աննա Ախմատովա-Հայաստան կապի նախապատմությունը:

 

«Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանի մասին»

 

Մանդելշտամի կինն իր հուշերում գրում է, որ Հայաստանում ամուսինը սկսում է սովորել հայերեն, նրան հատկապես գրավում է գրաբարը, տարվում է Կոմիտասի երաժշտությամբ, որի արձագանքները նա լսում է իր հոգում` անգամ Մոսկվայում, ծանոթանում եւ ընկերանում է Ալեքսանդր Թամանյանի եւ Մարտիրոս Սարյանի հետ: Եվ վերջում եզրակացնում, որ «…Հայաստանը գիրք է, որով սովորել են առաջին մարդիկ»:

 

Մանդելշտամները Մոսկվա վերադառնալուց հետո ամեն ինչ փորձում էին կապել Հայաստանի հետ եւ անգամ իրենց ընտանիքի մտերմուհու՝ Ախմատովայի մեջ գտան հայկական երանգներ:

 

«Մենք վերադարձանք Հայաստանից եւ առաջին հերթին անվանափոխեցինք մեր ընկերուհուն: Նախկին բոլոր անունները մեզ թվացին պարզունակ` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեեւնա: Նոր անունը ներաճեց նրա հետ, մինչեւ ամենավերջին օրը ես նրան դիմում էի այդ նոր անունով, եւ հենց այդպես էր նա ստորագրում իր նամակներում` Անուշ: Անուշ անունը մեզ հիշեցնում էր Հայաստանի մասին»:

Օսիպ Մանդելշտամի բանտային լուսանկարը Օսիպ Մանդելշտամի բանտային լուսանկարը

 

Անուշ անունը շատ դուր եկավ նաեւ բանաստեղծուհուն: Նրան թվաց, որ հենց այդ անունն է ամբողջությամբ կարողանում արտահայտել իր ներաշխարհը: Ռուս գրականության պատմության նվիրական էջերից է Ախմատովայի եւ Մանդելշտամի ընկերությունն ու փոխադարձ հոգատարությունը, որը ճնշումներով լի այդ տարիներին շատ հազվադեպ երեւույթ էր:

 

Հայաստանով հմայված Մանդելշտամի պատմությունները չէին կարող ազդեցություն չթողնել բանաստեղծուհու վրա: Եվ նա սկսում է ինքնուրույն բացահայտել եւ ուսումնասիրել Հայաստանը: Թումանյանական Անուշ անունը հավանաբար պատճառ է դառնում, որ նա իր ուսումնասիրություններն սկսի ամենայն հայոց բանաստեղծից: Թումանյանի կյանքն ու գործունեությունն ուսումնասիրելով` Ախմատովան իր համար բացահայտում է նաեւ Հայաստանի ողբերգական էջերը:

Աննա Ախմատովան եւ Նիկոլայ Գումիլյովը որդու՝ Լեւի հետ Աննա Ախմատովան եւ Նիկոլայ Գումիլյովը որդու՝ Լեւի հետ

 

Եվ պատահական չէ, որ սեփական ողբերգությունն արտահայտելու համար (ամուսնուն գնդակահարել էին, տղան ձերբակալված էր) նա որպես ոգեշնչում ընտրում է հենց Թումանյանի «Երազումս մի մաքի» քառյակը` վերնագրելով այն «Подражание армянскому»:

 

Подражание армянскому

 

Я приснюсь тебе черной овцою

На нетвердых, сухих ногах,

Подойду, заблею, завою:

"Сладко ль ужинал, падишах?

 

Ты вселенную держишь, как бусу,

Светлой волей Аллаха храним...

Так пришелся ль сынок мой по вкусу

И тебе, и деткам твоим?"

 

«Փադիշահի» եւ «Ալլահի» հիշատակումները մեզ հուշում են, որ Ախմատովան ենթատեքստով ընդգծում է Ցեղասպանության թեմատիկան` համադրելով դա բոլոր այն մայրերի ողբերգության հետ, որոնց երեխաները զոհ գնացին ստալինյան բռնարարքներին: Ցավալի զուգադիպությամբ բռնարարքների զոհ են դառնում նաեւ Թումանյանի երեք որդիները: Հետագայում Ախմատովան Լիդիա Չուկովսկուն խոստովանում է, որ բանաստեղծությունը դաժան է, քանի որ ժամանակներն էին շատ դաժան:

 

Չարենցի խիզախ ելույթը

 

Հենց այդ նույն դաժան ժամանակների զոհ դարձած Չարենցը գրավում է Ախմատովային իր բանաստեղծական ըմբոստությամբ եւ ներքին ազատությամբ: Եվ Չարենցից իր թարգմանած բանաստեղծություններն էլ Ախմատովան ընտրում է հենց այդ նույն չափանիշներով: Այս մասին նույնպես շատ է գրվել գրականագիտական մակարդակում: Բացահայտ չէր կարելի քննադատել վարչակարգը, դրա համար դիմում էին տողատակային միջոցներին: Թեեւ այդ հնարքներին դիմելն էլ հաճախ վերջանում էր գնդակահարությունով:

 

1936 թվականին պետք է լույս տեսներ Չարենցի բանաստեղծությունների ռուսալեզու ժողովածուն, որի հրատարակությանը բանաստեղծը մոտենում էր ամենայն պատասխանատվությամբ: Ախմատովան իր ընկերներից լսել էր բազմաթիվ դրական, հիացական կարծիքներ Չարենցի մասին: Վստահաբար, որպես Պաստեռնակի մտերիմ ընկերուհի, նա նույնպես շատերի պես հիացել էր գրողների համամիութենական համագումարում Չարենցի խիզախ ելույթով, որի ժամանակ նա բացահայտ սիրով եւ հարգանքով գովերգում էր այդ ժամանակ արդեն հալածվող Պաստեռնակին: Այդ թվականների համար դա պարզապես խիզախ քայլ չէր, դա ռեժիմին դեմ գնալ էր, որը պարտադիր պետք է ունենար հետեւանքներ:

Աննա Ախմատովան Աննա Ախմատովան

 

Հավանաբար, այս հանգամանքները հաշվի առնելով` Ախմատովան սիրով համաձայնվում է թարգմանել հայ բանաստեղծի ստեղծագործությունները: Ոչ պակաս ուրախանում է նաեւ Չարենցը, այդ մասին հայտնելով իր խմբագրին` Իգոր Պոստուպոլսկուն ուղղված նամակում. «Հարգելի Իգոր: Շատ ուրախ եմ, որ իմ ստեղծագործությունների թարգմանության մեջ ներգրավել ես Աննա Ախմատովային: Ինձ համար այդ խոշոր, ինձ վաղուց հայտնի ռուս բանաստեղծուհու թարգմանությունները մեծ ուրախություն են: Հատկապես որ դրանք կարծես շատ ճշգրիտ են: Խնդրում եմ, առիթի դեպքում փոխանցիր նրան իմ երախտագիտությունը: Ես ինքս էլ կգրեի նրան, բայց դեռ մի տեսակ անհարմար է»:

 

Չարենցն այդ ժողովածուն այդպես էլ չտեսավ, քանի որ այն լույս տեսավ նրա մահից քսան տարի անց միայն: Սակայն նրա բանաստեղծությունների ախմատովյան թարգմանությունը մինչ օրս մնում է անգերազանցելի: Այդ թարգմանություններից մեկը` «Մորս համար գազել» բանաստեղծությունը 1936 թ-ին, այնուամենայնիվ, լույս է տեսնում «Литературный Ленинград» շաբաթաթերթում, որի համար ստացած հոնորարը կարիքների մեջ ապրող Ախմատովան փոխանցում է «հերոսական իսպանացի ազգի մայրերին, կանանց եւ երեխաներին, որոնք քաջաբար կռվում են ընդդեմ ֆաշիզմի»: 1935-ին ձերբակալել էին նաեւ բանաստեղծուհու որդուն, եւ ավելորդ է նշել, թե որքան հոգեհարազատ էին Չարենցի տողերը նրան այդ շրջանում:

 

Газелла моей матери

 

Лицо вспоминаю я, родимая мать моя,

Под сетью светлых морщин, родимая мать моя!

Сидишь перед домом ты; весенний зеленый тут

Бросает тень на тебя, родимая мать моя!

Сидишь ты молча и те печальные помнишь дни;

Они пришли и ушли, родимая мать моя!

Ты помнишь сына, давно ушедшего от тебя,

Куда он ушел тогда, родимая мать моя?

И где он живет теперь, он жив или умер давно?

В какие двери стучит, родимая мать моя?

Когда усталым он был, в любви обманутым, - в чьих

Тогда объятьях рыдал, родимая мать моя?

В раздумье печальном ты; баюкает нежный тут

Твою святую печаль, родимая мать моя!

И слезы горькие, вот, текут одна за другой

На руки, руки твои, родимая мать моя!

 

Իսահակյանի դեպքում նույնպես Ախմատովան նախապատվությունը տալիս է մայրական թեմային, իսկ տերյանական նրա թարգմանություններն ուղղակի ապշեցնում են Տերյանի ոճային նրբություններին իրենց խորը զգացմունքային համապատասխանությամբ: Ախմատովայի ամենասիրելի «Անդարձություն» բանաստեղծության թարգմանությունը դրա լավագույն ապացույցն է:

 

Расстались мы, но пыль времен

Еще щадит твой бледный лик,

И прошлым я не обольщен —

Без снов волшебных жить привык.

 

Ախմատովայի հանդեպ իր սիրո մասին Վահան Տերյանը խոստովանել էր այդ թարգմանությունից շատ ավելի առաջ` հեռավոր 1916-ին, Թումանյանի դստերը` Նվարդ Թումանյանին գրած իր նամակում. «Ես սիրում եմ այդ բանաստեղծուհուն: Դու էլ սիրի՛ր նրան: Նա արժանի է սիրո` մեր եւ բոլոր արվեստասերների»:

 

Տերյանի այս խոսքերը կարծես շունչ են առել եւ ժամանակի միջով եկել, հասել են մեզ: Մենք էլ հետեւենք Տերյանի խորհրդին, փորձենք նորովի բացահայտել Արծաթի դարի մեծագույն բանաստեղծուհուն, դառնություններով լի ճակատագրով այդ կնոջը, որը մինչեւ կյանքի վերջ նամակներում ստորագրում էր որպես Անուշ, համարում հայկական պոեզիան լավագույններից մեկն աշխարհում եւ ջերմորեն սիրում Հայաստանը:

 

Սոսսի Խանիկյան

 

Հոդվածում օգտագործվել են հետեւյալ աղբյուրները․

Анатолий Генрихович Найман, “Рассказы о Анне Ахматовой”, KoLibri, 2016.

Надежда Яковлевна Мандельштам, “Об Ахматовой”, Новое издательство, 2017.

Алексей Ильич Павловский, “Анна Ахматова: очерк творчества”, Лениздат, 1966.

“Анна Ахматова: эпоха, судьба, творчество”, Крымский Ахматовский научный сборник- выпуск 9, Таврический национальный университет, Крымский центр гуманитарных исследований, Симферополь , 2011.

Переводы Анны Ахматовой из Чаренца (1897–1937) см. в сб.: Егише Чаренц. Избранное. М.: Гослитиздат, 1956.

Мкртчян Левон, “Анна Ахматова. Жизнь и переводы”, Егвард,1992.

Хзмалян Т. Э., “Два перевода Ахматовой из Чаренца в свете воздействия поэзии Мандельштама”, "Царственное слово". Ахматовские чтения. Выпуск 1. - М.: Наследие, 1992 г.

Георгий Кубатьян, “Перекличка, тождество и сходство”, Дружба Народов, 2005.

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին